Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր հասարակությունը ընկալում է, որ մենք մականունավորներին չենք կարող փոխել մականունավորներով» (Տեսանյութ) 

Սեպտեմբեր 19,2014 15:40

Այսօր «Տեսակետ» ակումբում հոկտեմբերի 10-ին նախատեսված Եռյակի հանրահավաքի մասին խոսելիս «Քաղաքացիական գիտակցություն» հ/կ նախագահ Նարեկ Սամսոնյանն ասաց, որ կան մարդիկ, որոնք փողով գլխաքանակ են ապահովում. «Իսկ այն քաղաքացիները, ովքեր լավ, արդար մղումներ ունեն եւ իրենց կամքով են այնտեղ գնում, նրանք հիասթափվելու են»:

Aravot.am-ի հարցին, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն  ասում է, որ այդ հանրահավաքները ձնագնդիի նման մեծացող գործընթաց է եւ մանր խաղերով իշխանություններն այլեւս չեն կարող դրա դեմն առնել, կա՞ հիմք այդ գործընթացի համար, քաղաքացիական հասարակությունն այսօր պատրա՞ստ է իշխանափոխության՝ Նարեկ Սամսոնյանը պատասխանեց. «Կներեք, ես Լեւոն Զուրաբյանին քաղաքական գործիչ չեմ համարում: Լեւոն Զուրաբյանը ինչ-որ ֆունկցիոներ է, որը ԱԺ-ում իր գործունեությունն է ծավալում, սա՝ մեկ: Երկրորդը՝ ձնագնդիի նման թե ինչ կլինի, ինչ չի լինի՝ փաստը մնում է փաստ՝ ժողովրդավարությունից խոսող մարդիկ իրենց ներսում կուսակցական ամենացածր ընտրություններում կեղծում են ընտրությունները:

Մենք 5 տարի է՝ 2010-ից այս կողմ լսում ենք մի նախադասություն՝ «հանցավոր իշխանությունն ամենաթույլ վիճակում է, այս տարի ամենաթույլն է, այս տարի մենք թեժ աշուն ենք անելու, այս տարի մենք Սերժ Սարգսյանին ուղարկելու ենք այստեղ…այնտեղ: Ժողովուրդ, բան դուրս չի գալիս, մենակ խոսքով չեն անում, գործով են անում: Թող Լեւոն Զուրաբյանը դուրս գա փողոց, տեսնի քանի հոգի են ընդունում իրեն՝ ընդհանրապես որպես քաղաքական գործիչ ու մարդ, որի հետ կապում են փոփոխությունները: Եթե անեն՝ ես ամենաուրախը կլինեմ, ես էլ կարող եմ նպաստել: Բայց ես երբեք չեմ գնա այնտեղ, որտեղ կա նույն քրեաօլիգարխիկ սիստեմով առաջնորդվող գործող կառույց, ավելի շատ ընտրություններ կեղծող կառույց»:

Մեր հարցին՝ Դուք ո՞ւմ հետ եք հույս կապում՝ նա պատասխանեց. «Ես հույս եմ կապում ՀՀ քաղաքացիների հետ եւ դաշտում գործող առողջ քաղաքական ուժերի հետ, որոնք եթե ոչ այսօր, մի քանի տարուց կարողանալու են իրենց ձեռքը վերցնել քաղաքական ընդդիմության դերը, որը կգործի ոչ միայն դրսում, այլ նաեւ ներկայացված կլինի մեծ ֆրակցիայով ԱԺ-ում: Բայց դրանք չեն լինի Եռյակը, Քառյակը: Նրանցից առանձնացնում եմ «Ժառանգությանը», որը ներքին ժողովրդավարություն ունեցող կուսակցություն է»:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին՝ Նարեկ Սամսոնյանն ասաց. «Մտեք ԲՀԿ ու ասեք մի բան, որը չի ասի իրենց առաջնորդը ու տեսեք որտեղ կհայտնվեք՝ Վարդգես Գասպարիի նման պոլին պառկած: Բայց եթե Վարդգես Գասպարին իրեն-իրեն է պառկում, դուք կպառկեցվեք»:
Նա հորդորեց մեր հանրապետության ցանկացած բնակչի կանգնեցնել եւ հարցնել՝ ո՞վ է Գագիկ Ծառուկյանը. «Մի լավ մականունով մարդու անուն կտան: Կարող է ասեն բարերար է նաեւ, բայց մականունը կա: Մեր հասարակությունը ընկալում է, որ մենք մականունավորներին չենք կարող փոխել մականունավորներով: Երբ մենք ասում ենք, որ մեր տնտեսությունը մենաշնորհային է, չպետք է մոռանանք, որ մենաշնորհ ունեցող մարդկանցից մեկը 10-15 տարի եղել է Գագիկ Ծառուկյանը»:

Ըստ նրա, մենք Առաքել Մովսիսյանին պետք է փոխենք, բայց չպետք է փոխենք Միքայել Մելքումյանով. «Այլընտրանքը որն է, պետք չի վատին փոխել ավելի վատով: Ի՞նչ երաշխիք կա, որ մարդը, որն իր հարստությունը կուտակել է ապօրինի ճանապարհով, այդ մարդն իշխանություն ունենալուց հետո ավելի ապօրինի քայլեր չի անի: Խնդիրը դա է»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930