«Գալա» TV-ն օրերս հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարությանը (ՊՆ), թե ի՞նչ նպատակով է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը օգտագործվելու, որը կառավարության օգոստոսի 21-ի որոշմամբ՝ գույք պարտքի դիմաց սկզբունքով հանձնվել էր ուժային գերատեսչությանը:
ՊՆ-ից էլ պատասխանել էին, թե համալիրը կօգտագործվի սկզբնական և հարմարեցված գործառնական նշանակությանը համապատասխան:
Aravot.am-ը որոշեց մշակույթի գործիչներից հետաքրքրվել՝ արդյոք բավարարո՞ւմ է ՊՆ-ի պատասխանը եւ ինչպե՞ս են վերաբերվում մշակութային շինության՝ ՊՆ-ի ենթակայությանն անցնելուն:
Երգիչ-երգահան Էդուարդ Զորիկյանը պատասխանելով մեր հարցին՝ նշեց. «Իհարկե պատասխանն անորոշ է եւ անհասկանալի` ասես խորհրդային տարիների թերթ կարդալիս լինես: Իսկ թե ինչու են հենց ՊՆ-ին հանձնել` չգիտեմ. գուցե ուղղակի պահակ են կարգել մինչև հերթական գնորդ գտնելը»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ կառավարությունը համալիրին 2012թ. տրամադրել էր 23 մլն դոլարի բյուջետային վարկ, ինչը մարել չկարողանալու պատճառով Մարզահամերգային համալիրը 7 անգամ հանվել էր աճուրդի:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ