«Անսովոր էր նորից ուսանող զգալը», – պատմում է Արթուր սարկավագ Արշակյանը, ով այս տարի ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանի քահանայից պատրաստման լսարանը:
Արթուրը սկզբում կրթություն է ստացել Մոսկվայի անտառտնտեսության ինստիտուտում: Թե ինչո՞ւ է քաղաքների բարեկարգման և կանաչապատման ինժեները որոշել հոգևորական դառնալ, պատճառները շատ են: «Դեռ մանկուց գիրք ընթերցելիս, երբ էջերում եկեղեցականի նկար էի տեսնում, նրա արտաքին տեսքը մի տեսակ գրավում էր ինձ: Հասուն տարիքում մանկական այդ զգացումն արդեն բանական հիմնավորում ստացավ. թեև լավ մասնագիտություն և աշխատանք ունեի, սակայն փողը, աշխարհիկ հետաքրքրություններն աստիճանաբար դադարեցին գրավել ինձ, ինչ-որ ներքին որոնում ունեի՝ Աստծո, աստվածայինի, հավիտենականի, որը և Տիրոջը ծառայելու մեջ գտա, ներքին մաքառումներս ինձ այստեղ բերեցին»: Նախքան ճեմարան գալն էլ Մալաթիայի Սբ. Աստվածածին եկեղեցում շապիկ է հագել, օգնել քահանաներին: Թեև քահանայից լսարան կարող են ընդունվել մինչև 45 տարեկան անձինք, սակայն տեսչությունն ընդառաջ է գնացել 47-ամյա Արթուրի դիմումին՝ հաշվի առնելով նրա նվիրումն ու հոգևորական դառնալու մեծ ցանկությունը:
«Սկզբում մի տեսակ շփոթմունք, զարմանք, միաժամանակ, հիացմունք էի զգում՝ տեսնելով, որ մարդն այս տարիքում եկել է սովորելու, որ միասին ենք նույն լսարանում», – պատմում է Արթուրի կուրսընկեր, մասնագիտությամբ մանկավարժ Գեղամ սարկավագ Սարգսյանը: Քահանայից լսարանում սովորող այս մարդկանց միավորել է հոգևորական դառնալու որոշումը:
Գեղամ սարկավագի` եկեղեցու հետ կապվածությունը բարեպաշտ ընտանիքի զավակ լինելու շնորհիվ է: Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվում է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց: Սակայն, ինչպես ինքն է նշում, այդ ժամանակ այստեղ գալն ասես մանկական հրապուրանք լիներ: «Եկեղեցին, հոգևորականի կերպարը, նաև հոգևոր երաժշտությունը գրավում էին ինձ, թվում շատ բարձր, անհասանելի, միաժամանակ, լավ, բարի մի տեղ: Ընդունվեցի` առանց գիտակցելու, թե ինչ է հոգևոր կոչումը: Թերևս սա, նաև անհանգիստ բնավորությունս էր պատճառը, որ սկզբում չհարմարվեցի և ուսումս կիսատ թողնելով` մեկնեցի զինվորական ծառայության», – պատմում է Գեղամը: Սակայն, ինչպես ինքն է նշում, «Աստծո կանչն» իրեն կրկին ճեմարան վերադարձրեց: «Ի վերջո, ներքին տատանումներս՝ աշխարհիկ, թե հոգևոր կյանքով ապրելու հարցում, ավարտվեցին երկրորդի վճռական հաղթանակով. որոշեցի հետագա կյանքս հոգևոր ծառայությանը նվիրել», – նշում է Գեղամ սարկավագը:
Երեք տարի ճեմարանի հարկի ներքո սովորելու ընթացքում սարկավագները հնարավորություն են ունեցել համոզվելու՝ հաստատո՞ւն են, արդյոք, իրենց որոշման մեջ: «Իհարկե, միշտ և ամեն գործում առկա են դժվարություններ, սակայն ամեն բան հաղթահարելի է, երբ հստակ նպատակ ունես: Կարելի է ասել՝ այս երեք տարին կարծես նախապատրաստում է ապագա հովվական ծառայությանը. ամենը, ինչի միջով կարող է անցնել վաղվա հոգևորականը` նեղություններ, ընտանիքի կարոտ և այլն, հաղթահարում ենք այստեղ», – ասում են սարկավագները:
Նրանք, Գևորգյան ճեմարանի և քահանայից լսարանի ևս 11 սաներ քահանայական օծում կստանան առաջիկա ձեռնադրությանը` սեպտեմբերի 21-ին: Սարկավագներն աղոթքով, խոկմամբ և աստվածային երկյուղի խորն ապրումներով են պատրաստվում իրենց կյանքի շրջադարձային այս իրադարձությանը: Քահանայական ձեռնադրությամբ նրանք նոր ծնունդ, նոր անուն ու նոր կյանք պիտի ստանան, որից հետո 40-օրյա պահեցողությամբ, «ասես Հիսուս Քրիստոսի հետ միասին անապատում պիտի աղոթեն՝ իրենց անձերն ու ընտանիքները Սուրբ Հոգու առաջնորդությանը հանձնելով»:
Սարկավագների նպատակն արժանավոր քահանա դառնալն է՝ «մարդ, ով բոլորանվեր ծառայում է Աստծուն և մարդկանց, ում մեջ ներդաշնակորեն միահյուսված են աշխարհիկն ու հոգևորը, մարդկայինն ու աստվածայինը, ով և՛ խրատատու է, և՛ լավ ընկեր, բարեկամ ու հայր, ում կարող ես վստահել և հավատալ»:
Մարիամ Ավետիսյան