Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է այս տարվա սակավաջրության պատճառը. մեկնաբանում են մասնագետները

Սեպտեմբեր 19,2014 14:39

Վերջին 130 տարիներին այս տարվա օգոստոսն ամենաշոգ օգոստոսն է հայտարարվել, ինչը համարվում է անոմալիա։ Այս երեւույթի հետեւանքով Հայաստանում վերջին տարիներին նվազել է ջրային ռեսուրսների քանակը։

Այս թեմայի շուրջ այսօր «Էկոլուր» մամուլի ակումբում ասուլիսի ընթացքում Հայաստանում Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը նշեց, որ սկսած 1998 թվականից արդեն իսկ կանխատեսումներ էին եղել, որ ջրային ռեսուրսները աստիճանաբար կնվազեն Հայաստանում եւ որ այսօր այդ վատատեսական կանխատեսումների ականատեսն ենք. «Վերջին 14 տարիներին ակնհայտ բարձր ջերմաստիճան է գրանցվում մեր երկրում։ Եվ եթե գլոբալ միջին ջերմաստիճանը բարձրացել է 0.8 աստիճանով, ապա Հայաստանում միջին ջերմաստիճանը բարձրացել է ավելի քան մեկ աստիճանով»։

Պրն Գաբրիելյանի խոսքով՝ Հայաստանն ունենալով խոցելի լեռնային համակարգեր, ավելի է խոցելի դառնում ջերմաստիճանի նման տատանումների արդյունքում։ Արդյունքում այդ բարձրացման պատճառով նվազում են ջրային ռեսուրսները, եւ տեղումների նվազման արդյունքում գոլորշիացման քանակի ավելացում է լինում. «Եթե այսօր Հայաստանում օգտագործելի 3 մլրդ ջուր ունենք, ապա մոտ մեկ միլիարդը մենք կորցրել են»։
Իրավիճակը անելանելի չէ։ Ըստ պրն Գաբրիելյանի՝ կլիմայի փոփոխությունը կարելի է կանխել ՝ նվազեցնելով ջերմոցային գազերի արտանետումները։

Պետք է նաեւ գնալ դեպի էկոհամակարգային մոտեցումներ, եւ ջրային կորուստները ոռոգման համակարգում կանխելու համար պետք է անցնել կաթիլային ոռոգման։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը նախ ներկայացնելով ամառվա եղանակային տվյալները, տեղեկացրեց, որ այս տարվա օգոստոսը աչքի ընկավ բարձր ջերմաստիճանով. «Ամենաբարձր ջերմաստիճանը Մեղրիում գրանցվեց 42 աստիճան, իսկ Երևանում 39.9 աստիճան։ Այս տարի օգոստոսին տաք ալիքը շատ ավելի երկար տեւեց, քան սովորաբար»։

Տիկին Պետրոսյանի ներկայացմամբ՝ այս տարի սակավաջուր տարի է եղել, քանի որ ներզանգվածային բնույթի տեղումներ շատ են գրանցվել, ինչը նշանակում է, որ տեղացած անձրեւը չի կարողանում ներծծվել հողի մեջ, ինչն էլ դառնում է սակավաջրության պատճառ։

ԱԻՆ հիդրոմետ ծառայության հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Լեւոն Ազիզյանն էլ, մեկնաբանելով՝ ինչու է տարին սակավաջուր համարվել, նշեց, թե քանի որ անցյալ տարի աշնանային ամիսներին տեղումները շատ ցածր են եղել, ձմռանը նույնպես, իսկ արդեն ապրիլ ամսին ներզանգվածային բնույթի տեղումներ են եղել, դրա արդյունքում հողը չի խոնավացել, միայն ձնհալն է ապահովել հողի խոնավությունը՝ ջուրը չհասցնելով գետերը։

Լեւոն Ազիզյանի ներկայացմամբ՝ արդյունքում այս տարի 4 խոշոր ջրամբարներում ջուր չի լցվել, իսկ Սեւանա լճի մակարդակը, եթե նախորդ տարիներին գարնանային վարարների արդյունքում բարձրանում էր 45 սմ-ով, ապա այս տարի 25 սմ է բարձրացել։
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930