Այսօր Երեւանում տեղի ունեցավ «Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի զարգացում» ծրագրի ավարտական աշխատաժողովը, որը կազմակերպվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՀՀ բնապահպանության նախարարության աջակցությամբ։
Ինչպես ներկայացրեց ՄԱԶԾ Հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչի տեղակալ Քլեր Մեդինան, այս ծրագիրը նպատակ ունի պահպանել գլոբալ նշանակություն ունեցող Հայաստանի կենսաբազմազանությունը։ Ծրագրի արդյունքում նաեւ նախատեսվում է նպաստել երկրում արգելավայրերի ընդլայնմանը. «Ծրագրի շնորհիվ ջանքեր են գործադրվել ավելի լավ զինել պահպանվող տարածքների ազգային համակարգը, որը հնարավորություն կտա ներառել եւ պահպանել թերի ներկայացված էկոհամակարգերը եւ դրանց կապակցված տեսակները»։
Ծրագրի արդյունքում թերներկայացված էկոհամակարգերում երեք նոր արգելավայրեր են ստեղծվել։ Արդյունքում ընդլայնվել է «Զանգեզուր» պետական արգելավայրը եւ ստեղծվել նոր «Խուստուփ» պետական արգելավայրը։ Ինչպես նաեւ Արենի, Գնիշիկ եւ Խաչիկ համայնքների ավագանու համատեղ որոշմամբ «Գնիշիկ» համայնքային կառավարմամբ պահպանվող տարածքի ստեղծման մասին որոշում է ընդունվել։
Ծրագրի ղեկավար Կարեն Ճենտերեճյանի ներկայացմամբ՝ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 2 միլիոն 950 հազար ԱՄՆ դոլար։
Աշխատաժողովին ելույթով հանդես եկավ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը եւ նշեց, որ ներկայումս Հայաստանի պահպանվող տարածքների համակարգն ընդգրկում է երեք պետական արգելոցներ, 4 ազգային պարկեր, 27 պետական արգելավայրեր եւ 232 բնության հուշարձաններ։ Պահպանվող տարածքների մակերեսը կազմում է մեր երկրի մակերեսի 13 տոկոսը. «Գոհունակությամբ պետք է նշեմ, որ ծրագրի արդյունքում Խուստուփի եւ Զանգեզուրի պետական արգելավայրերի մակերեսը կազմում է ավելի քան 15 հազար հա, այսինքն` պահպանվող տարածքների համակարգի շուրջ 4 տոկոսը։ Տարածքներում ստեղծված էկոհամակարգերը հանդիսանում են հայկական մուֆլոնի, բեզուարյան այծի, կովկասյան ընձառյուծի հիմնական բնակավայրերը»։
Կարդացեք նաև
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ