«ՀՅԴ-ին երկու առումով նայենք. ՀՅԴ-ն իշխանությունից դուրս է եկել միայն ֆուտբոլային քաղաքականության համար: Արդեն 2-3 տարի է իշխանությունն ինքն է ետ քաշվել արձանագրություններից: Չկան արձանագրություններ, չկա խնդիր: ՀՅԴ-ն իշխանության դեմ այլ պահանջ չի դրել»,- այսօր «Անալիտիկ» վերլուծական կենտրոնում անդրադառնալով խորհրդարանական ոչ իշխանական ուժերի`ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» համատեղ հանրահավաքին մասնակցելուց ՀՅԴ-ի հրաժարվելուն, ասաց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը`հավելելով. «Բայց եթե ազնիվ լինենք, ՀՅԴ-ն երեւի ամենաազնիվն էր`մարդիկ կառավարման համակարգի փոփոխությունները միշտ պահանջել են: ՀՅԴ-ն ուժեղ է իր ստրուկտուրայով, չունի ընդգծված լիդեր եւ լավ հասկանում են, որ հարյուր տոկոս համամասնականի պարագայում իրենք շատ ավելի շատ ձայներ կունենան»:
Քաղտեխնոլոգի համար անհասկանալի է, թե ի՞նչ են անելու եռյակի ուժերը հանրահավաքից հետո. «Սահմանադրականին դեմ են, ասում են`ժամանակը չի. բան չունեմ ասելու, գուցե դա է ճիշտ: Որո՞նք են լինելու հետագա քայլերը»:
Լրագրողներից մեկը նկատեց, որ ԲՀԿ-ն հայտարարել է, որ նախագահի սեփական թեկնածուն ունի ու հետաքրքրվեց`դա իրավիճակ փոխելու պատճառ չէ՞: Քաղտեխնոլոգը հակադարձեց. «ԲՀԿ-ն 2012-ին էլ ուներ իր թեկնածուն, բայց վերջին պահին, չգիտես ինչու, չդրեց»,- ու տարակուսեց.«Բայց ո՞ր ուժը չունի սեփական թեկնածուն»:
«Հայաստանյան իրադարձությունները հասկանալու համար, ես վաղուց հետեւում եմ ուկրաինական զարգացումներին, «AFK սիստեմայում» զարգացումներին: Հայաստանում ներքաղաքական ոչինչ չկա եւ, ցավոք, ներսից շատ քիչ բան է կախված»,-հայտարարեց Կարեն Քոչարյանը:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին`«AFK սիստեմայում» զարգացումներն ի՞նչ ազդեցություն կթողնեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ճակատագրի վրա, բանախոսն ասաց. «Չեմ կարող ասել, ընդամենը հետեւում եմ, չեմ կարող ասել`ի՞նչ կլինի, ո՞նց կլինի»: Հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանն արդեն տարիներ շարունակ այդ ընկերության տնօրեններից է:
Ամեն դեպքում, քաղտեխնոլոգը պատահականություն չի համարում, որ այդ ընկերության շուրջ պատմությունները հիմա են տեղի ունենում: Բայց չի էլ կարծում, որ Խոդորկովսկու գործի հետ զուգահեռներ կան, ինչպես ռուսական մամուլն է ներկայացնում, քանզի Խոդորկովսկին քաղաքական դեմք էր:
Aravot.am-ի հաջորդ հարցին`արտաքին քաղաքական զարգացումներին հետեւելով արդեն ունի՞ որոշակի եզրահանգումներ`ի՞նչ է սպառնում Հայաստանին, բանախոսն ասաց, որ իր կարծիքով, հիմա մեր խնդիրն այն է, որպեսզի «ոտնատակ չգնանք», որովհետեւ փոխադարձ սանկցիաներ, որոնք բոլորի վրա էլ ազդելու են, կրկնակի են բարդացնելու Հայաստանի իրավիճակը: «Մեր քաղաքական ուժերը, հատկապես իշխանությունները պետք է ճիշտ քաղաքականություն որդեգրեն, որպեսզի հերթական անգամ չասենք`հայի հետին խելքը: Հիմնական տրանսֆերտները գալիս են ռուբլու տեսքով, ռուբլին օր-օրի արժեզրկվում է, սա ազդում է մեր տնտեսության վրա: Մենք ունենք երկկողմանի խնդիր, եթե Եվրոպայում էլ վիճակը սրվեց, մենք դարձյալ տուժելու ենք, այնտեղից էլ են տրանսֆերտներ գալիս: Իմ կարծիքով, մենք չպետք է որեւէ մի կողմից կախված լինենք եւ ասենք`դե հրամայի»:
Մեր ճշտող հարցին`մինչ այժմ իշխանությունների ձեռնարկած քայլերն ի՞նչ են հուշում, Կարեն Քոչարյանը պատասխանեց. «Մինչեւ Սոչի այլ էր, իսկ Սոչիից հետո որոշակի բաներ փոխվեց: Սերժ Սարգսյանի ելույթում ֆրազներ հնչեցին, որոնք թելադրողի կեցվածք էին`ինչքան որ կարող էր: Սոչիից հետո բավական դրական եմ գնահատում իրավիճակը, Սոչիից առաջ խայտառակ վիճակ էր»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ