Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Քոչարյան. «Ամոթ է, նախագահը կանչում է ՀՀԿ ֆրակցիային, որ ասի`գնացեք գործի»

Սեպտեմբեր 19,2014 13:51

«Հայաստանյան իրադարձությունները հասկանալու համար, ես վաղուց հետեւում եմ ուկրաինական զարգացումներին, AFK սիստեմայում զարգացումներին: Հայաստանում ներքաղաքական ոչինչ չկա եւ, ցավոք, ներսից շատ քիչ բան է կախված»,- այսօր «Անալիտիկ» վերլուծական կենտրոնում հայտարարեց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Լրագրողներից մեկի զարմացած դիտարկմանը`բայց ամսի տասին հանրահավաք է, քաղտեխնոլոգը հակադարձեց. «Ես համաձայն եմ այն դիտարկումների հետ, որ սա կլինի հերթական հանրահավաքը»: Բանախոսը տարակուսեց, որ անհասկանալի են քաղաքական ուժերի հետագա քայլերը, այդ թվում նաեւ իշխող կուսակցության. «Գագիկ Ծառուկյանից ես չեմ լսել, որ պահանջում է իշխանափոխություն: Լեւոն Տեր-Պետրոսյանը պահանջում է, բայց պարզ չէ, թե ինչ պիտի անի, եթե ԲՀԿ-ն չպահանջի: Ամոթ է, նախագահը կանչում է ՀՀԿ ֆրակցիային, որ ասի`գնացեք գործի»:

Հարցին`կարո՞ղ է եռյակի հանրահավաքը վերաճել այնպիսի դժգոհության ալիքի, որ արտահերթ ընտրությունների հանգեցնի, Կարեն Քոչարյանն ասաց, որ ինքը չի տեսնում ոչ մի արտահերթ ընտրությունների առիթ, համապատասխան հասարակական տրամադրություններ չկան: «Ենթադրենք, ամսի 10-ին 20 հազար մարդ բերեցին, բայց հասարակությունը փոփոխության պահանջ չի դնում`ոչ կրթության որակի, ոչ կյանքի որակի: Հասարակությունը դեգրադացվել է այն աստիճան, որ սպասում է, թե երբ պիտի գան ընտրությունները, որ իրենց հինգ հազարը ստանան: Երեխան ասում է`լավ սովորեմ, որ գնամ»,- ասաց բանախոսը`հավելելով, որ բոլորն ամենքից ամեն ինչ պահանջում են, բացի իրենցից:

Բայց իշխանափոխությունը ե՞լք է այս իրավիճակից`հարցին էլ պատասխանեց. «Իշխանափոխությունն ինչ-որ մի ձեւ է փոփոխության, այն կարող է լինել լավ, կարող է լինել`վատ: Բայց եթե իշխանափոխությունը լինի պալատական հեղաշրջման տեսքով, դա ոչինչ էլ չի տա, բացառությամբ որոշ մարդկանց անձնական ամբիցիաների բավարարումից»:

Լրագրողներից մեկն էլ հիշեցնելով, որ հոկտեմբերի տասին նախատեսվում է, որ Հայաստանը կստորագրի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության փաստաթղթերը`հետաքրքրվեց`եռյակի համատեղ հանրահավաքը կարո՞ղ է կանխարգելիչ դեր կատարել: «Երեքից երկուսուկեսն ուզում են, ի՞նչը պիտի կանխարգելի: «Ժառանգությունում» հիմա էդ կռիվն է գնում`մի մասն ուզում է, մյուսը`ոչ»,- ասաց բանախոսը`հիշեցնելով, որ ոչ ՀԱԿ-ը, ոչ էլ ԲՀԿ-ն դեմ չեն Հայաստանի`ԵՏՄ-ին անդամակցությանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930