Վերաքննիչ քրեական դատարանում սկսվել է ժամկետային զինծառայող, Լյուքս Ստեփանյանի սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Խաչատրյանի փաստաբանի վերաքննիչ բողոքի քննությունը: Փաստաբանը պահանջում է բեկանել դատավճիռը, նրա նկատմամբ նշանակել արդարացված պատիժ:
Դատական նիստին ներկայացել է գործով տուժող Հրաչ Սարգսյանը: Նա դատարանին հայտնեց, որ առողջական լուրջ խնդիրներ ունի, հիշողության կորուստ ու ցանկանում է ցուցմունք տալ ու շուտ հեռանալ:
Ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը միջնորդեց ընդառաջել տուժողի միջնորդությանը՝ նշելով, որ նախորդ դատական նիստին տուժողը չէր ներկայացել դատարան ու չի հարցաքննվել. «Միջնորդում եմ մի փոքր շեղվել կարգից եւ տուժողին հնարավորություն տալ ցուցմունք տա, որովհետեւ հնարավոր է առողջական խնդիրների պատճառով նա այլեւս չներկայանա հաջորդ դատական նիստին»:
Մեղադրող Զաքարյանն էլ բորբոքվեց. «Մարդը դատարան չմտած՝ ուզում եմ ցուցմունք տամ, սպասեք բողոքը կլսենք, հետո»: Դատարանը նրան հորդորեց չբորբոքվել: Դատարանը միջնորդությունը քննարկեց ու որոշեց դրա մերժել՝
հիմնավորելով, որ դրա համար անհրաժեշտ են պարզել կարեւոր հանգամանքներ: «Եթե ի վիճակի չեք, դատարանը կհետաձգի դատական նիստը, ձեզ կտեղեկացնի»,- դիմելով Հրաչ Սարգսյանին՝ ասաց դատավորը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Նոյեմբերյանի զորամասերից մեկում՝ պահակատան ամառանոցային բաժնում, հերթապահ Դավիթ Խաչատրյանի հասցեին Լյուքս Ստեփանյանը հայհոյանքներ է ուղղել, նա խնդրել է դադարեցնել, ուսից իջեցրել է ինքնաձիգը սպառնացել, որ կկրակի, Ստեփանյանը չկրակողի հասցեին կրկին հայհոյանքներ է տվել, Խաչատրյանը զենքը իջեցրել է ու կրակել: Լյուքս Ստեփանյանը տեղում մահացել է, իսկ Հրաչ Սարգսյանը ստացել մարմնական ծանր վնասվածքներ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ