Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե հարցը մնար Սերժ Սարգսյանին՝ նա չէր կիրառի բիրտ ուժ». Լարիսա Ալավերդյան

Սեպտեմբեր 19,2014 12:58

«Հայաստանում չկան սահմանափակումներ համացանցում: Հայաստանը անցյալ տարի ճանաչվել է ինտերնետի ազատ գոտի՝ զբաղեցնելով 29-րդ տեղը: Առանց տեղեկատվության փոխանակման, հնարավոր չէ կառուցել քաղաքացիական հասարակություն: Իրանը, Չինաստանը թույլ չեն տալիս տեղեկատվության ազատություն համացանցում»,- այսօր Քաղաքացիական հասարակության օրն է եւ այդ առիթով «Տեսակետ» ակումբում հրավիրած ասուլիսում քաղաքացիական հասարակության ակտիվության հետ կապված այսպիսի կարծիք հայտնեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը:

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ՝ խոսքի ազատությունը համարվում է կարեւոր բաղադրիչ՝ քաղաքացիական հասարակության կայացման. «Ճիշտ է, կարող է լինել խոսքի ազատություն, բայց այդպես էլ չկայանա քաղաքացիական հասարակությունը: Մեզ մոտ հրաշալի զարգանում են ԶԼՄ-ների իրավունքները պաշտպանող քաղաքացիական հասարակության խմբերը: Այն օրենքները, որ պիտի ընդունվեն, նրանք լավ ազդեցություն են ունենում:

Տիկին Ալավերդյանը նշեց, որ քաղաքացիական հասարակությունը հազվադեպ է կայանում իշխանությունների կամքով, դա լինում է ի հեճուկս իշխանությունների:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ Դուք ասում եք, որ դա լինում է ի հեճուկս իշխանությունների, բայց Սերժ Սարգսյանի կողմնակիցները, որպես այս իշխանության ձեռքբերում՝ նշում են քաղաքացիական հասարակության ակտիվացումը, այն, ինչը չի եղել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ: Քաղաքացիական հասարակության կայացման համար նախագահի բռնակալ լինելը ազդեցություն չունի՞:

Նա պատասխանեց. «Այն , որ ուժային մեթոդների կողմնակից երկրորդ նախագահը իրեն դրսեւորեց որպես այդպիսին 2004-ին եւ 2008-ին՝ դա փաստ է: Այն , որ գործող նախագահը զերծ է այդ կոշտ ու կոպիտ քայլերից՝ ես դա ասել եմ 2008-ին: Եթե հարցը մնար Սերժ Սարգսյանին՝ նա չէր կիրառի բիրտ ուժ: Դա անձերի հոգեկերտվածքի հետ է կապված: Իսկ թե ինչու հասարակությունը ակտիվացել՝ ավտորիտարիզմի ազդեցությունն է»:

Հարցին՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ասում է, որ թեժ աշնան կողմնակիցներին սառը ցնցուղ է սպասվում, քաղաքացիական հասարակությունը կարո՞ղ է այդպես զարգանալ՝ Լարիսա Ալավերդյանը պատասխանեց. «Ես չեմ ընդունում ոստիկանապետի այդպիսի գեղարվեստական արտահայտությունները: Վլադիմիր Գասպարյանի արտիստիզմն է պահանջել, որ եթե ասել են տաք, ինքն էլ ասի սառը»:
Անդրադառնալով նորից քաղաքացիական հասարակության զարգացմանն ու խոսքի ազատության խնդիրներին՝ տիկին Ալավերդյանն ասաց, որ հարեւան Ադրբեջանը կամաց-կամաց հետընթաց է ապրում եւ գալիս է քաղաքակրթական ավելի ցածր հարթության վրա է կանգնում. «Այն, որ ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ պայքարողներին չեն ընդունել պատշաճ, նրանք էլ, որպես բողոքի նշան, լքել են Ադրբեջանը, ինչքան ցածր մակարդակի մասին է խոսում: Մեզ համար կարեւոր է, որ մեր հարեւանը լինի ժողովրդավար: Երբ այդպիսին չի լինում, նա ավելի չարանում է, ագրեսիվանում է: Պետք է ցանկանաս, որ այսօրվա հակառակորդի պայմանները լավ լինեն, որ իր ագրեսիվությունը քչանա»:
Լարիսա Ալավերդյանը վստահեցրեց, որ հասարակությունը պիտի ինքը պայքարի, որ կայանա. «Ղարաբաղում խոսք կա, ասում են՝ Աստված անողին է պարտական, անքուն ջաղացի պես պետք է անես, երկնքից մանանա չի թափվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930