Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեց «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովը. ներկա էին վարչապետը, Արամ Ա կաթողիկոսը

Սեպտեմբեր 19,2014 12:39

«Ուրախ եմ, որ պատեհ առիթ է ստեղծվել ձեզ հետ միասին արժևորել Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությունը; Այս եռամիասնության մեջ է մեր հաջողության միակ գրավականը»,-այսօր «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի բացման արարողությանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նա դահլիճ մուտք գործեց ոչ թե կենտրոնական մուտքով, այլ կուլիսներից, իսկ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նրան ներկայացրեց որպես «մեծահարգ» վարչապետ ու վարչապետի ականջին շշնջում էր հանդիսավոր արարողության հերթականությունը:

Համաժողովի բացման արարողությանը ներկա էին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս. Օ.Տ.Տ Արամ Ա-ն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ՌԱԿ, ՍԴՀԿ ատենապետերը, Հրայր Հովնանյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը և այլք:

DSC03037
Վարչապետը մեջբերեց նաև Նժդեհին ու դիմելով սփյուռքահայերին՝ նշեց. «Մենք ՀՀ-ում մեզ ավելի զորեղ ենք զգում՝ թիկունքում ունենալով Սփյուռքի ներուժը: Վստահ եմ, որ դուք էլ ընկալում եք Հայաստանը որպես ձեր անկախ հայրենիք: Մեր շահերը փոխկապակցված են, իսկ մեր գործողությունները համաձայնեցված պիտի լինեն»:

Վարչապետը դիմեց սփյուռքահայ գործարարներին. «Ձեր գործնական առաջարկները աչքաթող չեն արվի: Վաղուց հասունացել է բարեգործությունից դեպի փոխշահավետ գործունեությանն անցնելու ժամանակը»:

Այնուհետև քննադատեց Ադրբեջանի վարած ռազմատենչ քաղաքականությունը:

Այս հարցին իր ելույթում անդրադարձավ նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը. «Մեր եռամիասնությունն ունի կարևոր աշխարհաքաղաքական դերակատարություն: Գիտեմ, որ բոլորդ հատուկ ուշադրությամբ հետևում էիք ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերին. Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումները հրադադարի հաստատումից հետո հակառակորդի կողմից իրավիճակի ապակայունացմանն ուղղված ամենակոպիտ ծավալուն գործողություն են»:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն իր օրհնության խոսքում նշեց. «Վերջին ժամանակներս հրադադարի խախտման բազում դեպքերը, սահմանային բնակչության տևական գնդակահարությունները ցույց տվեցին, թե որքան փխրուն է մեր երկրի խաղաղությունը: Մեր հարևանի սպառնացող վտանգը կրկին շեշտում է մեր համախմբվածության անհրաժեշտությունը»:

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս. Օ.Տ.Տ. Արամ Ա-ն իր օրհնության խոսքում շեշտեց. «Ղարաբաղի անվտանգությունը վերջինն ամիսներին սկսել է դառնալ մտահոգիչ: Ղարաբաղի անվտանգությունը ՀՀ անվտանգությունն է և փոխադարձաբար: Չենք կարող ձեոնապահ մնալ Ղարաբաղի ներքին հզորությունն ավելի ամրացնելու հրամայականի դիմաց»:

Արամ Ա-ի ելույթի ընթացքում դահլիճը պարբերաբար ծափահարում ու ոգևորվում էր, քանի որ Կաթողիկոսն անդրադառնում էր Հայոց ցեղասպանության ճանաչման, հատուցման, Հայաստանի ու Սփյուռքի միասնականության մասին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930