Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակում քրեական հանցագործությունների թիվն աճել է. ուսումնասիրություն

Սեպտեմբեր 19,2014 12:24

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ –ի ուսումնասիրության արդյունքում 2008-2013 թվականների ընթացքում զինվորական քրեական հանցագործությունների թիվը Հայաստանի Զինված ուժերում աճել է, առանձին հանցագործությունների դեպքում ՝ մոտ 1,5 անգամ, իսկ կարգապահական տույժերի թիվը` նվազել:

Այսօր հ/կ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանը ներկայացրեց «Կարգապահական քաղաքականության հիմնախնդիրները Հայաստանի զինված ուժերում» զեկույցը:

Նա առանձնացրեց բանակում զինվորների կարգապահության վրա ազդող երկու գործոն՝ արտաքին ու ներքին խնդիրներ:

«Արտաքին ազդեցությունը՝ փողոցային կյանքի ներթափանցումն է բանակ, հենց զինծառայողներն են պատմել, որ մինչեւ բանակ մեկնելը իրենց շրջապատից այնպիսի խրատներ ու խորհուրդներ են ստանում, որ գնում են ոչ թե հայրենիքը պաշտպանելու, այլ հարց լուծելու: Մեր հարցումների ժամանակ զինծառայողները ասել են, որ իրենց շրջապատում լավ տղա ու վատ տղա հասկացությամբ են մեծանում ու անհնար է բանակ գնալիս, այդ հասկացությունը չկիրառվի»,- ասաց Հայկուհի Հարությունյանը:

Նա նկատեց, որ ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ զինծառայողների կարգապահական խնդիրներին նպաստում է նաեւ բանակում վերահսկողության բացակայությունը. «Ոչ ամբողջական հետեւողականությունը հրամանատարական կազմի կողմից ծառայողական ընթացքում նպաստում է, որ զինվորների համար լավ տղայական հարաբերությունները հիմնական հարց լուծելու ձեւ է դառնում»:

Զեկույցում հ/կ-ն արձանագրել է նաեւ, որ ԶՈՒ-ում կառավարման ոչ բոլոր օղակներն են նույն կերպ գործում, զինծառայողների նկատառմամբ էլ անհավասար վերաբերմունք է դրսեւորվում. «Նույն տիպի խախտումների հարցում, պատասխանատվության ձեւերը զինծառայողների նկատմամբ տարբեր են»:

Հ/կ-ն նաեւ արձանագրել է, որ առողջական խնդիրներ ունեցող զինծառայողների համար չկա առանձնացված կարգացուցակ ու առանձնահատուկ զբաղվածություն:

Հայկուհի Հարությունյանը նաեւ հավելեց, որ ուսումնասիրության արդյունքում եզրահանգել են, որ բանակում զինվորներին պատասխանատվության ենթարկելու հիմնական ձեւը քրեական պատասխանատվության ենթարկելն է. «Հրամանատարական կազմը հիմնավորում է, որ չկա կարգապահական այլ տույժ, որը կկանխարգելի իրավախախտ վարքագիծը: Արդյունքում բանակում խախտումները նվազել են քրեական պատասխանատվության կիրառման արդյունքում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930