Հարցազրույց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ
-«Ժառանգություն» խմբակցության կազմակերպած խորհրդաժողովում պայման դրեցիք՝ կմասնակցեք սահմանադրական բարեփոխումների գործընթացին, եթե քաղաքական մեծամասնությունը ընդունի ձեր երեք առաջարկները։ Մամուլը, սակայն, կասկածամտորեն արձագանքեց՝ «Ժառանգությունը» հակված է մասնակցել բարեփոխումների իրականացմանը, ավելին՝ կա ստվերային համաձայնություն՝ գնալ ՀՅԴ-ի ճանապարհով: Ձեր մեկնաբանությունը:
-Ցանկացած ոք մեկնաբանելիս առաջնորդվում է իր դաստիարակությամբ ու ապրած կյանքով: Խնդիրն այն է, որ մարդիկ ուշադիր չեն կարդում, թե ինչ է ասվում, եթե շահարկման նպատակ կա, ուրեմն նաեւ չկա ասվածը հասկանալու ցանկություն: Մինչդեռ ուշադիր կարդալ-հասկանալու դեպքում այլ մեկնաբանություններ կարվեին:
Իսկ «Ժառանգությունը» ի սկզբանե հայտարարել է, որ կողմ է սահմանադրական բարեփոխումներին եւ իր ծրագրային դրույթներում հստակ արձանագրել՝ արդյունավետը պետական կառավարման խորհրդարանական համակարգն է: Ասեմ ավելին. 1995-ին Գերագույն խորհրդում ներկայացված այլընտրանքային նախագիծը ներկայացնողներից ու պաշտպանողներից մեկն եմ եղել: Խորհրդարանական համակարգի այսօրվա պաշտպաններն այն ժամանակ նույնպիսի փութաջանությամբ պայքարում էին ներկայացված նախագծի դեմ: Ոչինչ, այդպես էլ է պատահում:
Ինչ վերաբերում է իմ առաջարկած պայմաններին, ընդամենը ասել եմ՝ չեմ վստահում սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնողներին: Ես շատ պարզ ասում եմ՝ հարգելի իշխանություն, դուք ամեն ընտրության ժամանակ ապացուցում եք, որ սահմանադրության 2-րդ հոդվածը, ուր հստակ ամրագրված է՝ իշխանությունը ձեւավորվում է ժողովրդի միջոցով, մեզանում գոյություն չունի, իշխանությունը ամեն անգամ ընտրությունների ժամանակ ապացուցում է, որ այդպիսի նորմ գոյություն չունի:
Դուք խախտում եք սահմանադրության 65-րդ հոդվածը, համաձայն որի` պատգամավորը պետք է զբաղվի միայն օրենսդրական գործունեությամբ: Իսկ եթե նման առանցքային հոդվածներ եք խախտում, ուրեմն ի՞նչ բարոյական իրավունքով եք ուզում բարեփոխել սահմանադրությունը, կամ որտե՞ղ է երաշխիքը, որ փոփոխվածն էլ չեք խախտելու:
Բացի դրանից՝ գործող ընտրական համակարգը բացառում է ընտրությունների միջոցով իշխանություն փոխելը, ասել է թե՝ ժողովրդի կամարտահայտությամբ իշխանություն ձեւավորելը, այսինքն՝ Ընտրական օրենսգիրքը ամբողջությամբ աշխատում է հօգուտ իշխանության վերարտադրության:
Կարդացեք նաև
Ահա այս մտահոգությամբ ես ներկայացրի մեր երեք պահանջը, այն է՝ Ընտրական օրենսգրքի փոփոխություն, խորհրդարանական ընդդիմությանը վերահսկողական լծակներ տրամադրելու մասին օրենքի ընդունում եւ բարեփոխված սահմանադրության հիման վրա արտահերթ համապետական ընտրությունների անցկացում: Եթե իշխանությունը կհամաձայնի կատարել հիշյալ երեք կետերը, այդ դեպքում կարելի է մասնակցել սահմանադրության բովանդակային քննարկումներին: Հակառակ դեպքում մենք չենք արձագանքելու:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում