Ինչ գեղեցիկ ձեւակերպումներով էլ փորձեն մեղմացնել գույները, այնուամենայնիվ փաստը մնում է փաստ՝ ոչ իշխանական քառյակը եռյակ է դարձել։ Դաշնակցության՝ հետագայում այլ հարցերի շուրջ համագործակցելու մասին խոսակցությունները գրոշի արժեք չունեն, որովհետև եթե այնպիսի կարեւորագույն հարցում, ինչպիսին Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրումն է, նրանք գնում ու կանգնում են իշխանությունների կողքին, ի՞նչ «հետագա համագործակցության» մասին է խոսքը։ Ինչեւէ։ Ինչպես դաշնակների սիրած ֆիդայական երգերից մեկի մեռնող հերոսն է ասում՝ «խաչ մը տնկե վրաս, ու դուն ուրախ լուրեր տար ի Զեյթուն», այնպես որ՝ «խաչ մը տնկենք» ընդդիմադիր դաշտում Դաշնակցության գործունեության վրա եւ անցնենք առաջ։
…Բայց, մյուս կողմից էլ, այնպես չէ, որ եռյակի կուսակցությունները հանրահավաքի ամբիոնից ինչ ուզեն՝ կխոսեն, կուզեն՝ փիլիսոփայական դատողություններ կանեն, կուզեն՝ որեւէ պաշտոնյայի հրաժարական կպահանջեն, կուզեն՝ եւս մի քանի ամիս կտան իշխանություններին եւ այլն։ Եռյակն իրեն այդպիսի շքեղություն թույլ տալ չի կարող։ Որովհետեւ եթե հարցերը շատ հստակ չդրվեն, հաջորդ հանրահավաքը պարզապես չի լինի կամ կլինի շատ ավելի թույլ։ Հայաստանում այդպես մի քանի անգամ արդեն եղել է, ու արդյունքը միշտ նույնն է եղել՝ շարժումն աստիճանաբար թուլացել ու մարել է։ Պարզ ասած՝ եռյակը պարտավոր է հստակ ներկայացնել համատեղ գործողությունների կոնկրետ նպատակը, դրան հասնելու ճանապարհը եւ քայլերի հերթականությունը։ Հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի, որովհետեւ լղոզված ձեւակերպումների ժամանակներն անցել են։ Հիմա ճիշտ ժամանակն է, որ ոչ իշխանականները դառնան ընդդիմադիր։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև
Հին ընկերները չեն դավաճանում…