«Մի օր Վլադիմիր Պուտինը կփոխվի եւ պարզ չէ, թե ինչ հարաբերություններ կունենա մեր նախագահի հետ՝ հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքը: Մի օր Ռոսխոզնադզորը հանկարծ մեր պանիրների մեջ ինչ-որ վտանգավոր բան կհայտնաբերի: Դուք պատկերացնո՞ւմ եք, ինչ կկատարվի մեզ մոտ»,-այսօր «Անալիտիկ» ակումբում ասաց «Հայաստանի պանրագործների միության» նախագահ Արմեն Գիգոյանը՝ համոզմունք հայտնելով, որ մեր երկրի պանրագործները հույսը չպետք է դնեն միայն ռուսական շուկայի վրա եւ պետք է արտահանեն նաեւ այլ երկրներ:
Ըստ պարոն Գիգոյանի, տարեկան արտադրում ենք մոտ 20 հազար տոննա պանիր: Եվ արտահանման համար մեր պանրագործները պետք է ավելացնեն արտադրության ծավալները. «Եթե մեր արտադրանքն ուղարկենք Ռուսաստան, մենք հունվար ամսին արդեն պանիր չենք ունենա:
Պանիր արտահանելը Ռուսաստան մեզ համար շատ հետաքրքրիր է: Բայց հարց է, թե արդյոք մենք պատրա՞ստ ենք դուրս գալ այդ շուկա: Ցավոք սրտի, այսօր մենք պատրաստ չենք: 2009 թվականից այս կողմ, եթե մենք կարողանայինք կենտրոնացված արտահանման աշխատանքներ իրականացնել, մենք միգուցե արդեն այսօր պատրաստ լինեինք արտահանման: Եթե այսօր ավելացվեն Ռուսաստան արտահանման ծավալները, ներքին շուկայում կսկսվի դեֆիցիտ»:
Արմեն Գիգոյանի խոսքերով, հիմնական խնդիրը, որն այսօր առաջանում է պանրի արտադրության մեջ, կաթի խնդիրն է: Ըստ նրա, կաթի ծավալները տարեկան հաշվարկով խիստ անկանխատեսելի են. «Կաթի արտադրությունը կանոնավորելու համար պետք է առանձնացնենք անասնապահ գյուղացուն ֆերմերից: Ֆերմերին պետք է տալ կարգավիճակ, պետք է փոքր ինչ կոորդինացնի, որպեսզի այդ ինստիտուտը կայանա:
Ռուսաստանը տարեկան օգտագործում է մոտ 350-370 հազար տոննա պանիր, դրանից 80 հազար տոննան ներկրում է այլ երկրներից: Եթե այդ թվի 10%-ն անգամ Հայաստանն ապահովի, պատկերացրեք ինչ ծավալ է: Տեսեք, հիմա մեծ ծավալների արտահանման առիթը կա, բայց մենք պատրաստ չենք»:
Արմեն Գիգոյանի խոսքերով, վերջերս արձանագրված կաթի թանկացումից, հնարավոր է, որ պանրի գինը կրկին բարձրանա, հատկապես, որ հունիս-հուլիսը չորային է եղել եւ կաթի արտադրության ծավալները կտրուկ նվազել են:
Պարոն Գիգոյանը նաեւ ասաց, որ այս ոլորտում պետեկամուտների հետ կապված խնդիրներ կան: Ըստ նրա, ավելացված արժեքի հարկը պանիրի գինը կտրուկ բարձրացնում է, բացի այդ փոքր արտադրողի հետ մրցակցային անհավասար դաշտ է ստեղծում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ