Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Այսուհետ ես ասելու և անելու եմ այն, ինչ կարող է իրականություն դառնալ». «Իրատես de facto»

Սեպտեմբեր 19,2014 12:00

«Իրատես de facto»-ի հյուրն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը

– Ձեր կարծիքով՝ հերթական թեժ աշունը կկայանա՞, թե՞ ամեն տարվա «թեժության» է մնալու:

– Եթե հասարակությունը քաղաքական գործընթացների նկատմամբ սեզոնային վերաբերմունք ունի ու որոշ չափով էլ իրոնիկ, նաև մեղքի իմ բաժինը կա։

– Դուք ի՞նչ անեք, որ տարվա բոլոր եղանակներին «թեժի» գաղափարը ծնվում է ու մեռնում։

– Ես միշտ մտածել եմ ու իմ բոլոր ելույթներում, հարցազրույցներում ջանացել եմ մարդկանց հույս ներշնչել, որ կարող են սեփական ուժերով փոփոխությունների հասնել և հայրենիքը չլքել։ Բայց ռեալ քաղաքականությունը ոչ միայն դաժան է, այլև վրեժխնդիր. չհիմնավորված հույսը բերում է ավելի մեծ հուսախաբություն։ Ուստի այսուհետ ես ասելու և անելու եմ այն, ինչ կարող է իրականություն դառնալ։

– Ոչ իշխանական քառյակը հեռո՞ւ է ռեալ իրականությունից։

– Այդ հարցին պատասխանելու համար պետք է նախ հասկանալ, թե քառյակից որ ուժն ինչ է ասում և ինչքանով է այդ տեսակետը համահունչ մյուս ուժերի ցանկությանը կամ տեսակետներին։ Հեռո՞ւ են, թե՞ մոտ, ի՞նչն են համարում իրականություն կամ հնարավոր, նախ թող պարզեն, հետո փորձեն իրականացնել։ Ես իրենց ձեռնարկած ու ձեռնարկելիք քայլերից որևէ ակնկալիք չունեմ, որովհետև եթե ոչ ծիծաղելի, ապա անիմաստ է իրավիճակի փոփոխություն սպասել այն ուժերից, որոնք Հայաստանի Հանրապետության ապագան տեսնում են անցյալում, որ նույնն է՝ ԵՏՄ կազմում։

– Դուք չե՞ք հավատում, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանը կանդամակցի ԵՏՄ-ին։

– Եթե հոկտեմբերի 10-ին փաստաթուղթը ստորագրվի, դառնալու է դատավճիռ Հայաստանի ոչ միայն այսօրվա քաղաքացիների, այլև ապագա սերնդի համար։ Իհարկե, այդ գործընթացն անդառնալի չէ, անպայման որոշակի կետից վերադառնալու է ելման դրություն, բայց այդ ընթացքում մենք լուրջ կորուստներ ենք ունենալու քաղաքական, տնտեսական ու վարկանիշային։ Մեզ, հասկանալով հանդերձ մեր բոլոր պրոբլեմները, հուսալի և կանխատեսելի գործընկեր չեն համարելու դեռ տևական ժամանակ։ Իսկ ԵՏՄ-ի հեռանկարների մասին, հիշեք, թե ինչ ելույթներ էին ունենում Մաքսային միության հիմնադիր երկրների նախագահները մեկ տարի առաջ՝ այդ միության փաստաթուղթը ստորագրելիս, այսօր արդեն նրանք իրար մեղադրում են նախկինում պետություն չունենալու, տարածքային հավակնությունների, միմյանց հաշվին տնտեսական շահույթ հետապնդելու, քաղաքական վարկանիշ բարձրացնելու քայլերի մեջ։ Ընդամենը մեկ տարի, ու դեռ անկառույց կառույցն արդեն ինքն իրեն վարկաբեկում է, ոչ միայն նախկին պաթոսը չկա, այլև տնտեսական արդյունավետությունն է կասկածի տակ։ Առավել ևս Ուկրաինայի իրադարձություններից հետո, երբ միջազգային հանրությունը պատժամիջոցներ սկսեց կիրառել ՌԴ-ի դեմ, այդ կառույցում ընդգրկվելը ոչ միայն սխալ է, այլև անթույլատրելի։

Ճիշտ կլինի, որ ՀՀ գործող իշխանությունները ոչ թե հույսները դնեն Լուկաշենկոյի կամ Նազարբաևի դեմ լինելու վրա, այլ իրենք քաղաքական կամք ցուցաբերեն և հրաժարվեն անդամակցությունից։ Բանակցվող համաձայնագրում տասնյակ պատճառներ կան, իսկ ամենակարևորը Լեռնային Ղարաբաղի հարցն է, որ հիմնավոր պատճառ է անդամակցության գործընթացը հետաձգելու, հետո էլ կասեցնելու համար։ Դրանով Հայաստանը ձեռք է բերում ոչ միայն մանևրի տարածք, այլև իսկապես ճկուն և իր համար շահավետ քաղաքականություն վարելու հնարավորություն։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930