Նախօրեին ոչ իշխանական Քառյակի հրապարակած հայտարարությունից հետո, թե Դաշնակցությունը չի մասնակցի հոկտեմբերի 10-ին նշանակված հանրահավաքին, ՀՅԴ-ի դեմ լայնամասշտաբ գրոհ է կազմակերպվել սոցիալական ցանցերում եւ մի շարք լրատվամիջոցներում։
Քառյակի անդամ ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի շարքային ներկայացուցիչներն ու պրոԲՀԿական եւ պրոՀԱԿական կայքերը ամենավերջին վիրավորական արտահայտություններով եւ կիսահայհոյախառն հայտարարություններով «քլնգում» են Քառյակի առայժմ սառեցված անդամ Դաշնակցությանը։ «ՀՅԴ-ի համար ախր շատ դժվար է կերակրատաշտից հեռու մնալը», «Իմացեալ քաղաքական մահն անմահություն է», «Դաշնակները իրենց ոճի մեջ են», «Տեսնես, հիմա քանի՞ դեսպանի պաշտոն կստանան դաշնակները», «Տեսնենք, քանի՞ նախարարական տեղ են խոստացել դաշնակներին», «Դաշնակի հետ դաշնակցողը դաշնակ է», այս կարգի գրառումներով արդեն 2 օր է, ողողված են սոցցանցերը։ ՀՅԴ-ին մեղադրում են ծախվածության եւ ԱԽՔ դառնալու մեջ՝ չմոռանալով կցել համապատասխան էպիտետներ՝ երկերեսանի, չտես, քցող, պոռնիկ եւ այլն։
Ցանկացած օգտատեր, ով փորձում է հիշեցնել, որ ՀՅԴ-ն անկախությունից ի վեր խոսում է կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու մասին, դուրս է վռնդվում քննարկումներից, բնականաբար, արժանանալով համապատասխան որակումներին։ Ընդամենը 2 օր առաջ ամուր եւ անսասան հայտարարվող Քառյակի երկու ուժերի ներկայացուցիչների գրոհը երբեմնի դաշնակիցների դեմ այնքան թեժ ու էմոցիոնալ մթնոլորտում էր ընթանում, որ առավել չեզոք օգտատերերը միջամտում էին հետեւյալ գրառումներով. «Կերեք իրար, մի լավ կերեք… կարող ա կշտանաք»:
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում