Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվում է «Մուշ» ռեստորանում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ եւ Արեն Վերանյանների դատաքննությունը:
Նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ դատարանը բերման ենթարկելու որոշում էր կայացրել տուժողի նախկին իրավահաջորդ Սաթենիկ Սարգսյանի եւ վկա Էդիկ Խլղաթյանի վերաբերյալ, երկուսն էլ դատական նիստին չէին ներկայացել:
Դատախազներ Մեսրոպ Մարտիրոսյանը, Սոս Տոնոյանը եւս ներկա չէին դատական նիստին՝ հերթական արձակուրդում գտնվելու պատճառով:
Երեկվա դատական նիստի ժամանակ վկա Էդիկ Խլղաթյանը ներկայացել էր: Նա պնդեց դատաքննության ընթացքում իր տված ցուցմունքը, մասնավորապես նկատելով, որ վիճաբանողներին չի տեսել, սպառնալիքներ չեն հնչել:
Տուժողի նախկին իրավահաջորդ Սաթենիկ Սարգսյանը երեկ էլ չէր ներկայացել դատական նիստին: Ոստիկանության տվյալներով՝ նա արդեն մեկ ամիս է՝ փոխել է բնակության վայրը, նոր բնակության վայրը հայտնի չէ: Սաթենիկ Սարգսյանը նախորդ նիստերից մեկի ժամանակ դիմում էր ներկայացրել դատարան՝ հայտնելով, որ ամուսնու սպանության, ինչպես նաեւ հարուցված քրեական գործի նախաքննության եւ դատաքննության փուլերում մշտապես առկա հոգեբանական ճնշումների պատճառով տեղի ունեցած հոգեկան ծանր ապրումները իր մոտ առաջ են բերել առողջական վիճակի կտրուկ վատթարացում, ինչի հետեւանքով նա տարել է ծանր վիրահատություն: Դատարանը վերոնշյալ դիմումը գնահատեց անհայտ աղբյուրից ստացված դիմում:
Մեղադրողը դատաքննությունը լրացնելու միջնորդություն ներկայացրեց դատարան, մասնավորապես՝ դատարան հրավիրել դատաբժշկական փորձագետների, որպեսզի պարզի, թե հերձման վայրում տեսախցիկներ կա՞ն, թե՝ ոչ՝ ելումուտ անողներին պարզելու համար: Բացի այդ, միջնորդություն ներկայացվեց սանիտարին հրավիրել դատարան՝ պարզելու ելումուտի հաշվառման մատյան կա՞, թե՝ ոչ:
Դատարանը բավարարեց վերջին միջնորդությունը: Հաջորդ դատական նիստը կկայանա այսօր:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ