Առցանց «Առավոտի» եթերում թեման քննարկում են ԱԺ պատգամավոր
Լեռնիկ Ալեքսանյանը (ՀՀԿ) եւ տնտեսագետ Բագրատ Ասատրյանը
Արամ Աբրահամյան.- Հայաստանի պետական պարտքը կազմում է 4.5 միլիարդ դոլար. դա շա՞տ է, թե՞ քիչ, եւ ի՞նչ չափանիշներով է այդ հարցը որոշվում:
Լեռնիկ Ալեքսանյան.– Ես կարծում եմ, որ շատ դժվար է դա որոշել. շատ է, եթե դա համեմատենք մեր տնտեսության վիճակի հետ, քիչ է, որովհետեւ մենք մտնում ենք միջազգային ստանդարտների մեջ: Ստանդարտները տարբեր երկրների համար տարբեր են, բայց մոտավորապես ասվում է հետեւյալը. ռիսկային է համարվում, եթե պետական պարտքը ՀՆԱ-ի 50 տոկոսից ավելի է: Իմ ունեցած տվյալներով՝ պետական պարտքը հասնում է մեր ՀՆԱ-ի 36 տոկոսին: Կարծում եմ, որ այսօր Հայաստանն առանց վարկի չի կարող տնտեսություն զարգացնել: Վարկը կարող է եւ դրական երեւույթ լինել, եւ բացասական՝ նայած, թե ինչպես է օգտագործվում:
Ա. Ա.- Սկզբում պարզենք՝ 4.5 մլրդ-ը շա՞տ է, թե՞ քիչ:
Կարդացեք նաև
Բագրատ Ասատրյան.– Իսկապես շատ դժվար հարց է: Մի քանի խնդիրներ այսօր կան. եթե ես վարկունակ եմ, ապա ես կարող եմ շատ պարտքեր ունենալ: Ասենք՝ ԱՄՆ-ի պետական պարտքը գերազանցում է ՀՆԱ-ն, այսինքն` 100 տոկոսից ավելի է: Քիչ ունեցվածք, միջոց ունեցող Հայաստանի Հանրապետությունը սիրով պարտքով տալիս է իր ունեցվածքը Միացյալ Նահանգներին, եւ ԱՄՆ-ը մեզ պարտք է մոտ 700 միլիոնի չափ դոլար, բայց քանի որ վճարունակ է, ունի հեղինակություն, համբավ, դա խնդիր չէ: Այնպես, ինչպես առօրյա կյանքում է:
Ա. Ա.- Իսկ ՀՆԱ-ի կեսից ավելիի, կեսից պակասի չափանիշը կա՞:
Բ. Ա.– Տեսության մեջ այդպիսի բան կա, բայց պետք է հաշվի առնել նաեւ այլ հանգամանքներ` մասնավորապես, թե ինչ աղբյուրներից են այդ պարտքը մարում: Գիտենք, որ մեր պետության ամենածանր, լուրջ պրոբլեմներից մեկը արտաքին առեւտրի ճեղքվածքն է՝ ներմուծումը մոտավորապես 3 անգամ գերազանցում է արտահանմանը: Այդ պայմաններում պետական պարտքը սպասարկելը ծանր է՝ անկախ նրանից, որ 50 տոկոսի շեմից ցածր է: Մենք փաստորեն հույսը դնում ենք մեր հայրենակիցների բարյացակամության վրա` խոպանչի, բարեկամ, հորեղբայր եւ այլն, ուղղակի նվիրատվություններ: Դա ընդամենը օգնություն է, ոչ հուսալի աղբյուր որեւէ տնտեսության համար` մի օր կօգնեն, մյուս օրը կհոգնեն, կամ ի վերջո` այս օգնության հնարավորությունները կարող են սահմանափակվել: Ինչպես որ հիմա է. Ոուսաստանում կտրուկ վիճակի վատթարացում է տեղի ունենում, եւ, իհարկե, այդ դրսեւորումներից մեկը լինելու է եւ կա տրանսֆերտների կրճատումը:
Ա. Ա.– Այդ չափանիշի հետ համաձա՞յն եք, այսինքն՝ «արտահանում-ներմուծում» փոխհարաբերություն:
Լ. Ա.– Դա չափանիշներից մեկն է: Բնականաբար, շատ մեծ ազդեցություն է ունենում եւ պարտքի սպասարկման հիմնական բաղադրիչներից մեկն է: Բայց եթե մենք այսօր դժվարանում ենք ասել, թե շատն ու քիչը որն է, ապա կդժվարանանք քննադատել՝ համենայնդեպս, պարտքը դեպի նվազման միտում ունի: Պարտքը վերջին տարիներին նվազում է, այսինքն՝ մեր ՀՆԱ-ն ավելի արագ է աճում: Ինչքան էլ մենք ասենք՝ արտահանումը կարեւոր է, բայց իրոք դուք ասացիք, որ կան նաեւ այլ աղբյուրներ, ոչ այնքան հուսալի, բայց կան:
Քննարկումն ամբողջությամբ`
Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։