Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրության մեղքը ո՞րն է

Սեպտեմբեր 19,2014 17:30

Եթե իշխանությունը ուզուրպացված է, իշխանավորը՝ անկուշտ

Մեկ-երկու տարի է՝ թափառող սյուժեով մի անեկդոտ է շրջում սոցցանցերում: Շատերը կարդացած կլինեն, բայց չզլանամ՝ նորից պատմեմ. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսի ընտրություններից առաջ զանգում է Սերժ Սարգսյանին, թե՝ «մեր կուսակցությունը դժվարություններ ունի, ինչո՞վ կարող ես օգնել»: Սերժ Սարգսյանն էլ, թե՝ «Մի հատ ԿԸՀ ունեմ՝ Մուկուչյանի գլխավորությամբ, ուղարկեմ քեզ օգնության»: Ուղարկում է: Քվեարկության հաջորդ օրը Սերժ Սարգսյանը զանգում է Օբամային ու հարցնում արդյունքների մասին: Օբաման էլ, թե. «Բոլոր ընտրատարածքներում ջախջախիչ առավելությամբ ՀՀԿ-ն է հաղթել»:

Էս անեկդոտը հիշեցի նույն Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի կողմից արհեստականորեն հրահրված օրակարգի՝ սահմանադրական բարեփոխումների իմիտացիայի ֆոնին: Հիշյալ անեկդոտը հուշում է մի բան. ուզում ես աշխարհի ամենակատարյալ Սահմանադրությունը ունեցիր, մեկ է՝ եթե քո ԿԸՀ նախագահը Մուկուչյանն է, ուրեմն ընտրությունները կեղծվելու են: Որովհետեւ Մուկուչյանը չի կարող չկեղծել, որովհետեւ հենց չկեղծի՝ ինքը էլ Մուկուչյանը չի լինի: Ընդ որում, Մուկուչյանը պայմանական ազգանուն է, հավաքական կերպար, նրանից առաջ էլ Ազարյան էր կամ մեկ այլ ազգանվանակիր:

Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը միշտ ղեկավարում Հովիկ Աբրահամյանը. որովհետեւ նրա միջոցով են շարժվում այն ահռելի գումարները, որ հետո Հովհաննես Թումանյանի պատկերով հայտնվում են հազարավոր ընտրողների գրպանում: Հիմա ասեք՝ Սահմանադրության մեղքն այստեղ ո՞րն է: Սահմանադրությո՞ւնն է Մուկուչյանին ասում՝ կեղծիր, Սահմանադրությո՞ւնն է Հովիկ Աբրահամյանի ղեկավարած շտաբին ու թաղերով մեկ բացվող «շտաբիկներին» (որի միակ նպատակը դարձյալ իմիտացիան է. «տեսեք՝ մենք ամենուր ենք») ասում՝ կանչեք, մարդկանց «ինստրուկտաժ» արեք, ահաբեկեք, լցոնեք, կարուսել արեք ու այլն… Եվ եթե Սահմանադրությունը փոփոխությունների ենթարկվի՝ նախագահական կառավարումն էլ փոխվի խորհրդարանականի, Հովիկ Աբրահամյանը կամ Գալուստ Սահակյանը դառնալու են ազնիվ ու անմեղ գառնուկնե՞ր, Շարմազանովն էլ օրինակ չի՞ տալու, թե ինչպես կարելի է կարիերա անել ամեն չորս բառից երեքը «վսեմաշուք Սերժ Սարգսյան» ասելով…

Սահմանադրությո՞ւնն է մեղավոր, որ հենց Սերժ Սարգսյանն առանց ռեֆերենտների պատրաստած թղթերի է խոսում, ստացվում է «թարս աճած խիարի» պատմությունը: Սահմանադրությո՞ւնն է մեղավոր, որ Սերժ Սարգսյանն ու յոթանասունչգիտեմքանի պատգամավորները Հայաստանը ծախեցին «Գազպրոմին»՝ վավերացնելով խայտառակագույն պայմանագիրը: Սահմանադրությունն ասում է. «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է» (հոդված 1): Է, չծախեիք էդ ինքնիշխանությունը՝ հանուն ձեր աթոռների:
Գործող Սահմանադրությունն ապահովում է բազմակուսակցական համակարգը, ինչո՞ւ եք երեւութական բազմակուսակցականության ֆոնին բոլոր, ամենաչնչին ղեկավար պաշտոնները գլխովին ՀՀԿ-ացնում: Որ Սահմանադրությունը փոխվի, «մորս արեւ, էլ տենց բան չենք անի՞» եք ասելու:

Կամ՝ գործող Սահմանադրության մեջ մարդու իրավունքները լավ շարադրված են: Հիանալի, միջազգային բոլոր նորմերին համապատասխան: Օրինակ՝ Սահմանադրության 17-րդ հոդվածը. «Հոդված 17. Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, ինչպես նաեւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի։ Ձերբակալված, կալանավորված եւ ազատազրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի եւ արժանապատվության հարգման իրավունք»:

Դե, իսկ հիմա ինձ ասեք՝ Սահմանադրությո՞ւնն է մեղավոր, որ ոստիկանները խոշտանգումներով ցուցմունքներ են կորզում: Կամ՝ սահմանադրական փոփոխություններից հետո Վլադիմիր Գասպարյանի կամ Վալերի Օսիպյանի ուսերից հրեշտակի թեւե՞ր են աճելու:

Գործող Սահմանադրությունը հռչակում է դատական համակարգի անկախությունը: Սահմանադրությո՞ւնն է մեղավոր, որ Հայաստանի դատավորների 99 տոկոսը աղմկահարույց գործերում նայում է Բաղրամյան 26-ի կամ դատախազության կողմը եւ ըստ էության շտամպում դատախազի մեղադրական եզրակացությունը, թեպետ 100-ից 99-ի դեպքում դատարանում ոչ մի բան այդպես էլ չի ապացուցվում: Սահմանադրությո՞ւնն է մեղավոր, որ մի դատախազ կոչեցյալ մարդասպանին ազատում է քրեական հետապնդումից, իսկ մի այլ դատախազ կոչեցյալ Շանթ Հարությունյանի անչափահաս տղայի համար 5 տարի է պահանջում:

Շարունակե՞մ թվարկել:

Սահմանադրությունը մեղավոր չէ: Եվ Սահմանադրության փոփոխությունները չէ, որ ապահովագրելու են նման բաներից ու հատկապես՝ մեկ կուսակցության ու նրա ղեկավարի կողմից իշխանության ուզուրպացումից:

Հարկավոր է ընդամենը մի բան. հեղափոխություն՝ Սահմանադրության եւ օրենքների ընկալման մեջ: Ընդ որում՝ բոլորի կողմից: Որպեսզի մարդը տեսնի, որ անպայման ՀՀԿ-ին անդամագրվելը եւ գողանալն ու թալանելը չեն «լավ ապրելու» ուղիները, այլ գիտելիքն ու պարկեշտությունը: Եվ էդ դեպքում համակարգը կաշխատի հօգուտ քաղաքացու, անկախ նրանից՝ կլինի նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական:

Ցավոք, քանի դեռ իշխանությունն ուզուրպացված է մի պստլիկ խմբի կողմից, իսկ իշխանավորներն անկուշտ են, նույնիսկ այդ՝ «ընկալման հեղափոխությունն» է հեռու թվում:

ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930