Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգերի ողբերգություններն անխուսափելի են գերտերությունների սպառազինությունների ներկա մրցավազքի պայմաններում»

Սեպտեմբեր 19,2014 17:00

«Առավոտի» հարցազրույցը արաբագետ, Արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող, դոցենտ Արաքս Փաշայանի հետ

– Արդեն ավելի քան 40 օր է անցել այն օրվանից, որը եզդիները նշում են որպես իրենց ցեղասպանության սկիզբ՝ օգոստոսի 3-ը: Թեեւ հայտնի է, որ իսլամական ծայրահեղականները դեռեւս հունիսից էին սկսել իրենց «Խալիֆաթի» համար տարածքների գրավման գործընթացը: Ի՞նչ ունենք գրանցած այս չորս ամիսների կամ քառասուն օրերի համար: Ի՞նչ է կատարվում այս պահին Իրաքի հյուսիսում:

– Ըստ էության՝ վտանգված է Իրաքի ինքնիշխանությունը: Բռնություններն ու ռազմական գործողությունները շարունակվում են: Գրավված են հյուսիսային շրջանները, այդ թվում` Մոսուլը, որտեղ «Իսլամական պետությունը» ստեղծել է պետական միավորումներ` որպես օրենսդրական աղբյուր խստորեն կիրառելով շարիաթը: Հաստատված է կրոնապետություն: Եզդիների մի հատվածը շարունակում է գտնվել վտարանդիության մեջ: Թե՛ Իրաքի բանակը, թե՛ քրդական բանակը` փեշմերգան, շարունակում են «Իսլամական պետության» դեմ ուղղված հակազդեցությունը:

– Պարբերաբար տարբեր տրամաչափի միջազգային եւ տեղական փորձագետներ կարծիք են հայտնում, որ ԱՄՆ-ը կանգնած է այս «պատմությունների» հիմքում, այսպես ասած՝ հրահրիչն ու դրդիչն է: Ինչո՞վ են պայմանավորված այս կարծիքները, եւ արդյոք Դուք համաձա՞յն եք դրանց հետ:

– Առհասարակ՝ 2003թ.-ին ԱՄՆ-ի ներխուժումից հետո Իրաքը հայտնվեց տեւական եւ ինչ-որ իմաստով վերահսկվող քաոսի մեջ` մինչ օրս չկարողանալով շտկել մեջքը: Սադամ Հուսեյնի օրոք արաբական ազգայնական դիմագիծ ունեցող Իրաքն ազդեցիկ պետություն էր` հզոր բանակով, կայուն տնտեսությամբ, թեեւ ավտորիտար համակարգով: Այդ երկրում ժողովրդավարության հաստատման ԱՄՆ ծրագրերը ոչ միայն ձախողվեցին, այլեւ երկիրը ներքաշվեց աննախադեպ ճգնաժամի մեջ` լարվածության օջախներ ստեղծելով տարածաշրջանում: Տարիներ ի վեր շարունակվող պատերազմն ի հայտ բերեց այն խորքային հակասությունները, որ գոյություն ունեին շիաների եւ սուննիների միջեւ: Մյուս կողմից՝ մեծացավ լարվածությունը Իրաքում ապրող էթնիկ եւ դավանական տարբեր համայնքների հիմնախնդիրների շուրջ: Իրաքը դարձավ այն հենակետը, որտեղ նորից սկսեցին բախվել տարածաշրջանի տարբեր ուժային կենտրոնների, այդ թվում` Իրանի, Թուրքիայի, Պարսից ծոցի սուննիական արաբական միապետությունների շահերն ու հետաքրքրությունները: Ըստ ամենայնի, գերտերությունների նպատակն էր թուլացնել տարածաշրջանի ուժային կենտրոնները, այդ թվում` Իրաքը ու Սիրիան` հնարավորություն ունենալով լիովին վերահսկելու Մերձավոր եւ Միջին Արեւելքը:

– Մի քանի օր առաջ արդեն Սպիտակ տան մամլո խոսնակն ասաց, որ ԱՄՆ-ը պատերազմի մեջ է իսլամական ծայրահեղականների, ISIS-ի հետ, թեեւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մինչ այդ մերժել էր այդ ձեւակերպումը: Ի՞նչ է ստացվում, ԱՄՆ-ը պայքարի մեջ է մտել իր «ծոցում տաքացրած օձի» հե՞տ: Իսկապե՞ս պատերազմական վիճակ է ԱՄՆ-ի եւ ISIS-ի միջեւ:

– ԱՄՆ-ը պատասխանատու է Իրաքի կայունության, ամբողջականության եւ ինքնիշխանության համար ու գուցե փորձում է ի ցույց դնել, որ պատրաստ է հակազդեցության: Շատ է խոսվում այն մասին, որ ԱՄՆ իշխանությունները, հնարավոր է, համագործակցեն Ալ-Ասադի վարչակարգի հետ: Արդեն իսկ ռազմական գործողություններ իրականացվել են: Որքանո՞վ են վճռական եւ անկեղծ «Իսլամական պետության» դեմ ուղղված ԱՄՆ հայտարարություններն ու գործողությունները՝ վիճարկելի է: Ի վերջո, եթե չլիներ առանձին գերտերությունների եւ տարածաշրջանի պետությունների շարունակական աջակցությունն իսլամական ծայրահեղական ռազմաքաղաքական խմբավորումներին՝ Բաշար Ալ-Ասադի դեմ ուղղված պայքարում, այսօր չէր լինի նաեւ «Իսլամական պետությունը», որը լուրջ սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանի, այլեւ միջազգային հանրության եւ նույն ԵՄ երկրների համար:

– Որքանո՞վ եք հավանական համարում Երրորդ համաշխարհայինի սկիզբը, ինչի մասին նույնպես վերջին շրջանում հաճախ խոսում են տարբեր փորձագետներ:

– Միջազգային հարաբերություններում ստեղծված ներկա իրավիճակը շատ նման է Սառը պատերազմի ժամանակներին, երբ ԱՄՆ-ը եւ Խորհրդային Միությունը միմյանց հետ հակամարտում էին որեւէ երրորդ երկրում: Նույն միտումներն այսօր են: Մի կողմից՝ ԱՄՆ-ը իր դաշնակիցների հետ, մյուս կողմից` Ռուսաստանը` իր:

– Բոլորը խոսում են այն մասին, որ 21-րդ դարասկզբին աշխարհը նույնքան լուռ եւ հեռու էր եզդիներից, ինչպես 20-րդ դարասկզբին՝ հայերից, կրկին Արեւմուտքի նավերը չկարողացան բարձրանալ մեր լեռները… Ինչո՞վ կարելի է բացատրել այդ հապաղումը, որ շաբաթներ տեւեց եւ հազարավոր մարդկանց կյանք արժեցավ՝ հիմա, մեր օրերում:

– Միշտ էլ ազգերի ողբերգություններ լինելու են: Դա անխուսափելի է գերպետությունների նման մրցակցության եւ մանավանդ սպառազինությունների ներկա մրցավազքի պայմաններում:

– Եվ վերջապես՝ Հայաստանի դերն այս ամեն ինչում: Ինչպե՞ս կգնահատեք մեր պետության դիրքորոշումը Մերձավոր եւ Միջին Արեւելքում ստեղծված իրողությունների նկատմամբ:

– Հայաստանը թեեւ որոշակիորեն հեռու է հակամարտության բուն օջախից, սակայն մենք նույն տարածաշրջանում ենք ապրում: Մեր անմիջական հարեւանները` Իրանն ու Թուրքիան, ներքաշված են տարածաշրջանային հակամարտության մեջ: Բացի այդ, կան հայ համայնքներ ոչ միայն Սիրիայում, այլեւ Իրաքում, այդ թվում` հյուսիսային շրջանում, Քուրդիստանում: (Նշենք, որ Իրաքում հայերենը համարվում է երկրի պաշտոնական լեզուներից մեկը): Մոսուլում ապրող մոտ վեց տասնյակ հայ ընտանիքներ ստիպված եղան փախչել «Իսլամական պետության» հարձակումներից` թողնելով իրենց ունեցվածքը, տները եւ վերջապես հայկական եկեղեցին: Այնպես որ՝ Հայաստանը պետք է իր ուշադրության մեջ պահի առկա խնդիրները եւ շարունակի միջազգային մակարդակներում միանալ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման ջանքերին՝ փորձելով բարձրացնել նաեւ Մերձավոր եւ Միջին Արեւելքի փոքրամասնությունների, այդ թվում՝ եզդիների հիմնախնդիրները, ինչը արդեն իսկ իրականացրել է:

Զրուցեց
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
18.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930