Լրահոս
Օրվա լրահոսը

«99 տոկոսով հնարավոր չէ, որ հոկտեմբերի 10-ին ստորագրվի ԵՏՄ-ին Հայաստանի միացման պայմանագիրը»

Սեպտեմբեր 19,2014 16:30

Կան բոլոր նախադրյալները, որ ՀՀ-ի անդամակցումը կրկին հետաձգվի

«99 տոկոսով հնարավոր չէ, որ հոկտեմբերի 10-ին ստորագրվի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միացման պայմանագիրը»,- «Առավոտի» հետ զրույցում կանխատեսելով հոկտեմբերի 10-ին Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի պետությունների ղեկավարների նիստի ելքը՝ այսպիսի կարծիք հայտնեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ նախատեսվում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցման պայմանագիրը ստորագրել հոկտեմբերի 10-ին: Սեպտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է կառավարության` ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցման մասին պայմանագրի ստորագրման առաջարկությունը: Նա ստորագրել է. «Ընդունել ՌԴ կառավարության առաջարկը. ստորագրել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության վերաբերյալ պայմանագիրը»: ՌԴ նախագահը նաեւ կարգադրել է պայմանագիրը ստորագրել «Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի պետությունների ղեկավարների մակարդակով նիստում»:

Հոկտեմբերի 10-ը հիշարժան ամսաթիվ է. 2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, որոնց ստորագրման անհրաժեշտությունը ոչ միանշանակ է ընդունվում:

Իսկ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության հարցը շարունակում է մշուշոտ մնալ. շատ վերլուծաբաններ կարծում են, որ Ռուսաստանի համար հիմա այլեւս սկզբունքային չէ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին: Դա կարեւորվում էր նախորդ տարի, երբ նպատակ կար վիժեցնել Հայաստանի՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հարցը:

Մեզ հետ զրույցում Ստեփան Սաֆարյանը շեշտեց, թե այն խնդիրները, որոնք ի սկզբանե խոչընդոտում էին Հայաստանի անդամակցությանը, դեռ չեն վերացել: Պարոն Սաֆարյանը հիշատակում է նաեւ Ադրբեջանի գործոնը. «Եթե Հայաստանը միանա Եվրասիական տնտեսական միությանը, եթե Ռուսաստանը հիմա ստորագրի Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը, ո՞նց է լուծելու Ադրբեջանի խնդիրը»: Ստեփան Սաֆարյանը միտում է տեսնում, որ ԵՏՄ-ին միանալու շահագրգռվածությունը Հայաստանի կողմից նվազում է. «Մինչեւ մարտի 5-ը Հայաստանը սպասում էր, որ Մաքսային միությանը կանդամակցի, հետո ԵՏՄ հիմնադիր անդամ կդառնա, բայց չթողեցին: Արդեն մարտի 5-ից մինչեւ մայիս ՀՀ-ի շահագրգռվածությունը նվազում էր, դա նկատում էր նաեւ ռուսական կողմը, եւ առաջ էին քաշում այն թեզը, թե Ղարաբաղյան հարցը հենց հայկական կողմն է առաջ քաշել»: Պարոն Սաֆարյանի համոզմամբ` «Ղարաբաղը պետք է փրկել տրոյկայի սեղանից»: Նա 99 տոկոսով վստահ է, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին կհետաձգվի՝ մանավանդ, որ կան բոլոր նախապայմանները. «Նույնիսկ Բելառուսի պաշտոնական ներկայացուցիչների հայտարարություններից տեսանելի են, որ իրենք դեռ ուսումնասիրում են համաձայնագիրը: Ինձ թվում է՝ այս անգամ կհետաձգվի ՀՀ-ի անդամակցումը, քանի որ Ղրղըզստանի հարցն էլ կա, այն չի կարող միանալ ԵՏՄ-ին, քանի որ այդ երկիրը նույնիսկ ճանապարհային քարտեզ, որպես այդպիսին, չունի, եւ կնախընտրեն միության ընդլայնումը միաժամանակ անել»:
Նշենք, որ այլ խոչընդոտող գործոններ էլ կան. Ղազախստանն ու Բելառուսը բացարձակապես շահագրգռված չեն, որ ՀՀ-ն ԵՏՄ անդամ դառնա: Ռուսաստանի դեպքում էլ ամբողջությամբ վերացած չեն շահագրգռվածությունները, որ Հայաստանը դառնա ԵՏՄ անդամ:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930