Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ դարձնում են անպետք ու մեռած հոգիներ»

Սեպտեմբեր 19,2014 16:00
toshak

Ծնվել եմ Երեւանում, աշխատել սկսել եմ 15 տարեկանից՝ շինարարությունում, միաժամանակ հաճախել երեկոյան դպրոց: 17 տարեկանից աշխատել եմ քիմիական արդյունաբերությունում: Հայաստանում պլաստիկատի եւ պլաստիկատե իրերի արտադրության պատրաստման առաջին մասնագետներից մեկն եմ եղել: Սովորել եմ բուհում՝ ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում: Աշխատել եմ ավիացիայում, որտեղից տեղափոխվել կենցաղսպասարկման նախարարության նախագծա-կոնստրուկտորական տեխնոլոգիական ինստիտուտի տեխնոլոգիական բաժնի պետ: Նշանակվել եմ նախարարությունում բարդ սարքերի վարչության գլխավոր մասնագետ, որից հետո նշանակել են «Մարմարիկ» կոմբինատի գլխավոր ինժեներ, հետո՝ տնօրեն: Աշխատել եմ «Լազուր» միավորման Էջմիածնի Լենինի անվան սովխոզի գլխավոր ինժեներ, ռետինատեխնիկական գործարանին կից ներդրել եմ ապահովիչների (պահպանակ) արտադրություն, որը այդ ժամանակ արտադրվում էր միայն Մոսկվայում եւ Վոլգոգրադում:
Նվիրումով ազնվորեն կատարել եմ քաղաքացիական պարտքս՝ մասնակցելով հայրենիքիս ու ժողովրդիս բարգավաճմանը եւ հզորացմանը: Տարիքային կենսաթոշակառու եմ, կարիքներս հոգալու համար անհրաժեշտ է աշխատել, որը կարող եմ, բայց պետք է վարկ վերցնեմ, որ գործս սկսեմ: Սակայն, ըստ Հայաստանում գործող բանկերի, տարիքս խանգարում է, որ ինձ վարկ տրամադրեն: Սեփական բնակարանս գրավ դնելու դիմաց էլ չեն համաձայնում՝ չնայած նրան, որ ինձ անհրաժեշտ է բնակարանիս արժեքի 15 տոկոսի չափով գումար: Պատճառաբանում են նաեւ, որ աշխատավայրից տեղեկանք չկա: Բանկերից մեկը միակն էր, որ գովազդում պատրաստակամություն է հայտնում առանց եկամուտը հաստատող փաստաթղթի՝ սեփական բնակարանի գրավի դիմաց վարկ տրամադրել: Անհրաժեշտ փաստաթղթերին ծանոթանալուց հետո ինձ ուղարկեցին այդ բանկի Ավանի մասնաճյուղ: Այստեղ էլ բանկի մասնագետները գտան, որ իմ 2 սենյականոց բնակարանը «կասետային» է եւ դժվար կվաճառվի, ու այդ պատճառով չեն կարող վարկ տրամադրել, այն դեպքում, որ բրոքեր-մասնագետի կողմից բնակարանս 15 միլիոն դրամ է գնահատվել:

Նշված բնակարանիս գրավի դիմաց ինձ հարկավոր էր մինչեւ 2,5-ից 3 մլն դրամ՝ նախատեսված գործիս համար, պարտավորվում էի բանկին ժամանակին վճարել վարկի մարման տոկոսները՝ իրենց կողմից առաջադրված կանոնների համաձայն:
Խնդրում եմ ասեք՝ իրավունք չունե՞ն ինձ նման մարդիկ, որոնք իրենց ամբողջ կյանքը նվիրաբերել են երկրի եւ հարազատ ժողովրդի բարգավաճմանը, օգտվել բանկերի տրամադրած վարկերից: Մեր երկրի հողը, որի համար ինձ պես մարդիկ ջանք են թափել՝ շենացնելու, տրամադրել են բանկերին եւ այլ հիմնարկներ աշխատեցնելու, եւ ժողովրդի հոգսերը թեթեւացնելու համար, սակայն նրանք իրենց քմահաճույքով են վերաբերվում մեզ պես մարդկանց՝ դարձնելով անպետք, դարձնելով մեզ մեռած հոգիներ:

Հուսահատված եմ՝ ցանկանում էի գործ ձեռնարկել, կյանքիս մայրամուտին մի քանի տարիներ ապրել մարդավարի, սակայն իմ հայրենիքի համար մեռած մարդ եմ:

ՌՈՒԴՈԼՖ ՍԻՄՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930