Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իր ո՞ր գործողությունով է մահ պատճառվել

Սեպտեմբեր 19,2014 15:30

Արդարադատությունը՝ գերատեսչական շահին ոտնատակ

Ակնհայտ է, որ անարգվում է նույնիսկ արդարադատություն հասկացությունը։
Նմանատիպ երեւույթի ցայտուն օրինակներից է Յուրիկ Սրաբյանի, նրա քաղաքացիական ամուսնու՝ «Մենք մերոնցով» թերթի խմբագիր Ալվարդ Աբրահամյանի սպանությունը, որի կատարման մեջ մեղադրվում են Վաղարշակ եւ Հակոբ Աբաջյանները։ Այս հանցադեպի լուսաբանմանն անդրադարձել են բազմաթիվ ԶԼՄ-ներ։ 2011 թվականի վերջերին, երբ տեղի է ունեցել հանցադեպը, հասկանալի էր ԶԼՄ-ների արձագանքը՝ թարմ դեպք է, տեսակի մեջ՝ եզակի, հասարակությանը հետաքրքրող, ինչո՞ւ չէ՝ թերթի սպառումն ապահովող, բայց անհասկանալի եւ անբացատրելի է, երբ դատաքննությունների ընթացքում ի հայտ են եկել ապացույցներ, որոնք խոսում են հօգուտ անբաստանյալների, դրանք չեն հերքվել եւ՛ նախաքննության, եւ՛ դատաքննության փուլում, սակայն որոշ լրագրողներ դատաքննությանը ներկա չլինելով, ինչ-որ տեղից (ըստ էության՝ համացանցից, բացառությամբ «Առավոտի») արտագրում են դատական ակտը, այն, որպես իրենց «քրտնաջան» աշխատանքի պտուղ, տպագրում են իրենց հասանելի թերթում եւ խմբագրելով տողատակերը, փորձում են երեւալ օբյեկտիվ լրագրող։ Նախ՝ խեղաթյուրվում է փաստը:

2011 թ. օգոստոսի 31-ին Վ. Աբաջյանը եւ Յ. Սրաբյանը, նախօրոք կատարված քննարկումների արդյունքում համաձայնություն ձեռք բերելով, եկել են Սեւանա լճի ափամերձ գյուղերից մեկը՝ խեցգետնի որսի եւ իրացման գործի կազմակերպման համար, որտեղ ինչ-որ կիսակառույցում երկուսի միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում Վ. Աբաջյանը հասել է աֆեկտիվ վիճակի եւ առայսօր չի հիշում, թե իր ո՞ր գործողությունով է մահ պատճառել Յ. Սրաբյանին։ Ո՛չ նախաքննության եւ ո՛չ էլ դատաքննության ընթացքում չի հերքվել Վ. Աբաջյանի հիշյալ պնդումը, չնայած պաշտպանական կողմի բազմաթիվ միջնորդություններին, չի նշանակվել փորձաքննություն՝ հանցագործության կատարման պահին Վ. Աբաջյանի կողմից իր գործողությունների կառավարման կամ գիտակցման կարողության հարցի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն ստանալու համար (ըստ դատահոգեբուժական փորձաքննության՝ Վ. Աբաջյանի մոտ առկա են պսիխոպաթիկ գծեր)։ Գործի նյութերում առկա չէ որեւէ ապացույց Յ. Սրաբյանին կյանքից զրկելու դրդապատճառների (մոտիվ) մասին, իսկ այդպիսիք երբեւէ չեն եղել։ Ըստ փորձագետի եզրակացության՝ Ա. Աբրահամյանի դիակի վրա հայտնաբերվել են սերմնաէակներ, ըստ մեկ այլ եզրակացության՝ այդ սերմնաէակները Աբաջյաններինը չեն, իսկ ըստ վերաքննիչ քրեական դատարանի վճռի՝ «Ա. Աբրահամյանի հագուստների՝ վերնազգեստների եւ անդրավարտիքի արյան հետքերից, անջատված ԴՆԹ-ների գենետիկական բնութագրերը նույնացվում են միմյանց եւ միաժամանակ Ա. Աբրահամյանի չոր արյան նմուշից անջատված ԴՆԹ-ի գենետիկական բնութագրի հետ»:

Մեկնաբանություններն ավելորդ են, իսկ ակրոբատիկական հնարքները՝ ուսումնասիրման կարիք ունեն։

ԶԼՄ-ներն առանց որեւէ հստակ ապացույց ունենալու՝ եզրակացրել են, որ վերոհիշյալ հանցադեպերի պատճառը 27.000 ԱՄՆ դոլարի վերադարձման խնդիրն է, «մոռանալով» նշել, որ Յ. Սրաբյանի հետ երբեւէ որեւէ գումարային հարց չի եղել, իսկ այդ գումարները ստացել եւ տնօրինել է կինը՝ Ա. Աբրահամյանը եւ առկա չի որեւէ վերաբերվելի կամ թույլատրելի ապացույց այդ գումարները Վ. Աբաջյանին հանձնելու կամ վերջինիս կողմից դրանք տնօրինեյու վերաբերյալ, ողջ մեղադրանքը հիմնված է Ա. Աբրահամյանի կողմից այդ գումարատերերից միայն մեկի արված բանավոր հայտարարության հիման վրա, ըստ որի՝ Երեւանում Վ. Աբաջյանն ի վիճակի է մատչելի գներով նրանց համար բնակարան ձեռք բերել, նրանցից մեկից այդ բնակարանի համար վերցնելով ընդամենը 5.000 ԱՄՆ դոլար։ Մեր կարծիքով՝ այս դեպքում ակրոբատիկայից սահուն անցում է կատարվել հեքիաթների աշխարհը, ավելին՝ Յ. Սրաբյանի սպանությանն է հաջորդել Ալվարդի սպանությունը եւ ոչ թե՝ հակառակը, ինչպես ներկայացվել է պարբերականներից մեկում։ Հանցադեպերի ժամանակագրության փոփոխումով կա մեկ միտում՝ ընթերցողին համոզել, որ հանցադեպերը կատարվել են փողի յուրացման նպատակով, այլապես հարց կառաջանար՝ եթե գումարային խնդիրներ եղել են Ալվարդ Աբրահամյանի եւ Վաղարշակ Աբաջյանի միջեւ, ապա ինչու է սպանվել գործից անտեղյակ Յ. Սրաբյանը։ Քրեական հիշյալ անտրամաբանական դրվագներին զուգակցվում է նաեւ քրեական գործի շրջանակներում քաղաքացիական հայցվոր-տուժողների պահանջների ամբողջական բավարարման հարցի լուծման ընթացքում դատարանների կողմից այդ իրավահարաբերությունների կարգավորմանն ուղղված օրենքների եւ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների անտեսման (եթե չասենք՝ արհամարհանքի) շքերթը։

Քրեական գործերի շրջանակներում իրավահաջորդ ճանաչված անձինք 16.12.2011թ. քրեական հետապնդումն իրականացնող մարմնին հասցեագրված դիմումներում հայտնել են, որ Յ. Սրաբյանի հուղարկավորության համար ծախսվել է 1.695.000, իսկ Ա. Աբրահամյանի հուղարկավորության համար՝ 840.000 ՀՀ դրամ։ Ներկայացված հաշվարկ-ցուցակների մեջ ներառված են եղել բոլոր ծախսերը՝ դագաղի արժեքները, հուղարկավորման մասնակից մեքենաների վառելիքի արժեքը, գերեզմաններին շաբաթօրյա այցերի, քառասունքի եւ այլ ծախսերը։

Հետագայում, դատաքննության փուլում, Ա. Աբրահամյանի իրավահաջորդը դատարանին հայտնել է, որ Վ. Աբաջյանն իրենից հափշտակել է 1.950.000 ՀՀ դրամ, իսկ Յ. Սրաբյանի իրավահաջորդը հայտնել է, որ ամբաստանյալներն իրեն պատճառել են 2.961.000 ՀՀ դրամի գույքային վնաս, եւ խնդրել են այդ գումարներն ամբողջությամբ բռնագանձել, իսկ երկու դեպքում էլ, որպես իրենց պահանջների հիմնավորման ապացույց, դատարանին ներկայացրել են… իրենց անձնագրերի լուսապատճենները։ Ընդհանուր իրավասության դատարանը հաշվի առնելով այդ պահանջների «հիմնավորվածության» ակնհայտ ապացույց՝ հայցվորների անձնագրերի լուսապատճենների անհերքելիությունը, որոշել է այս պահանջներն ամբողջությամբ բավարարել, իսկ վերաքննիչ քրեական դատարանն այն նույնությամբ եւ բարեհաջող արտագրել է։

Նկատի ունենալով, որ հիշյալ փաստերն արդեն իսկ բավարար են, որպեսզի ընթերցողը եւս մեկ անգամ առնչվի մեր դատական համակարգի արդյունավետ, նպատակային գործունեության եւ միայն օրենքին ենթարկվելու փաստի հետ, ըստ էության, այլ հանգամանքներ ներկայացնելու հարկ չկա։ Վերջում ուզում եմ փաստել՝ լրագրողների մասնագիտական պարտքի կատարման հետ կապ չունեցող աղմուկ- աղաղակը, գործի փաստական հանգամանքների խեղաթյուրման եւ ըստ իրենց ցանկության ներկայացնելը, մեր կարծիքով, որոշիչ դեր են խաղացել հիշյալ հանցադեպերի կիսատ-պռատ քննության, դատարանների կողմից չհիմնավորված, ըստ էության՝ վերաքննիչ քրեական դատարանի կողմից՝ առաջին ատյանի դատարանի չհիմնավորված, անարդար վճռի պատճենահանման միջոցով, որոշման կայացման գործում։ Դատական իշխանության կողմից նման գործելաոճը կործանարար է եւ՛ արդարադատության, եւ՛ առանձին անձանց համար, քանի որ, ըստ էության, այս դեպքերում դատարաններում, ի դեմս առանձին դատավորների, ամեն ինչ արվում է նախաքննական մարմնի կողմից թույլ տրված սխալները կոծկելու, առանձին հանցագործությունների բացահայտման, նրանց անկարողությունը պարտակելու համար։

ՍԵՐԳԵՅ ՊՈՂՈՍՅԱՆ
իրավաբան

Հ. Գ. Վ. եւ Հ. Աբաջյանների ներկայացուցիչներ Ռռւբեն եւ Նարինե Ռշտունիները վճռաբեկության կարգով բողոքարկել են:

«Առավոտ» օրաթերթ
18.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930