Ըստ որոշ կարծիքների, այդ փաստաթուղթը հնարավոր չէ իրականացնել
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով 2010-2011 ուսումնական տարվանից Հայաստանի Հանրապետության ասպիրանտուրայում եւ հայցորդության համակարգում հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատություններում ու գիտական կազմակերպություններում ներդրվեց հետազոտողի կրթական ծրագրով նախատեսված կրեդիտային համակարգ` համաձայն համապատասխան ուղեցույցի: Նշյալ ուղեցույցը, սակայն, այնքան շփոթահարույց է, որ հասցրել է դժգոհությունների տեղիք տալ, որոշ բուհերում հայցորդները նույնիսկ բողոքի ակցիաներ են արել՝ պնդելով, որ այդ ուղեցույցը գործնականում հնարավոր չէ կիրառել:
Ներդրվել է հետազոտողի կրթական ծրագրով նախատեսված կրեդիտային համակարգ, այն դեպքում, երբ բուհերից, կարծեմ թե, միայն Պոլիտեխնիկն է հետազոտողի դիպլոմ տալիս:
Ըստ այդ ուղեցույցի, հետազոտողի եռամյա ծրագրի լրիվ բեռնվածությունը համարժեք է 180 կրեդիտային միավորի (կամ 180 կրեդիտ X 30 = 5400 ժամ՝ ներառյալ լսարանային, արտալսարանային եւ ինքնուրույն աշխատանքը): Ծրագրի 20-30%-ը կազմում է կրթական բաղկացուցիչը, որը համապատասխանում է 36-54 կրեդիտի կամ 1080-1620 ժամ լրիվ ուսումնական բեռնվածության, եւ ներառում է ընդհանուր եւ մասնագիտական ընտրովի ու պարտադիր դասընթացներ, այլ կրթական մոդուլներ (ներառյալ թեկնածուական 3-5 քննությունները եւ ստուգարքը, մանկավարժական կամ հետազոտական պրակտիկան եւ այլն): Ծրագրի 70-80% ծավալը՝ 126-144 կրեդիտ` 3780-4320 ժամ, կազմում է հետազոտական բաղկացուցիչը՝ ինքնուրույն հետազոտական աշխատանքի, թեկնածուական ատենախոսության կատարման եւ եզրափակիչ ատեստավորման՝ հրապարակային պաշտպանության տեսքով (վերջինիս համար հատկացվում է 5 կրեդիտ): Մարդիկ դժգոհում են, արժե՞, որ բակալավրիատ եւ մագիստրատուրա ավարտածը նորից 7 մասնագիտական քննություն հանձնի կամ՝ երեք տարում արդյոք հնարավո՞ր է գրել համապատասխան հոդվածներ, դիսերտացիա, հանձնել մինիմումներ, մասնակցել բոլոր դասընթացներին եւ քննություն տալ: Հետաքրքիր է, թե ինչպես է այս փաստաթուղթն իրականացվում, ասենք՝ Գյումրիում, Վանաձորում, կամ ինչպե՞ս են վարվում ընդամենը մեկ-երկու ասպիրանտ ունեցող ակադեմիական ինստիտուտները: Իմիջիայլոց, այս ուղեցույցի տակ «չընկնելու» պատճառով անցյալ տարի ռեկորդային թվով՝ 700 գիտական ատենախոսության պաշտպանություն տեղի ունեցավ, այլապես 2014-ից նրանք եւս դեգերելու էին խառնաշփոթի պատճառով:
Ինչ վերաբերում է Բարձրագույն որակավորման հանձնաժողովին (ԲՈՀ), այն ունի իր շեմային պահանջները՝ մինիմումները: Ըստ ԲՈՀ-ի համապատասխան կարգի՝ որակավորման քննությունները գիտական աստիճանաշնորհման անբաժանելի մասն են, որոնց նպատակը հայցորդի՝ որպես ապագա գիտնականի մասնագիտական պատրաստվածության ստուգումն է: Դրա համար սահմանվում են որակավորման քննություններ մասնագիտությունից, փիլիսոփայությունից, օտար լեզվից, ինչպես նաեւ ստուգարք՝ ինֆորմատիկայից:
Կարդացեք նաև
Որակավորման քննություններ հանձնում են այն անձինք, որոնք ունեն բարձրագույն կրթության որակավորման հետեւյալ աստիճանները` դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս: Քննությունը մասնագիտությունից հանձնվում է ատենախոսության թեմայի հաստատումից հետո:
Դառնալով ուղեցույցին, հավելենք, որ մեր տեղեկություններով՝ այդ փաստաթղթից դժգոհ են ոչ միայն հայցորդները, այլեւ բուհերում եւ ակադեմիական ինստիտուտներում, ու մասնագետները սպասում են հարմար առիթի՝ իրենց վրդովմունքն արտահայտելու համար:
«Առավոտը» թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստացավ ԿԳ նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության՝ բուհերի քաղաքականության մշակման բաժնի պետ Էդգար Ալեքսանյանից:
Մեր հարցին՝ արդյոք իրատեսակա՞ն է նախարարության ուղեցույցը՝ նրանից բխող պահանջը՝ յոթ մասնագիտական քննություններով, լսարանային դասընթացներով, հոդվածներով ու դիսերտացիայով: Պարոն Ալեքսանյանը պատասխանեց. «Ուղեցույցը կիրառվում է մեր բարձրագույն ուսումնական հաստատություններում, ինչպես նաեւ երրորդ աստիճան իրականացվող հաստատություններում: Եթե մինչ այսօր ինչ-ինչ հարցեր առաջացած լինեին, կիմանայինք, ամեն ինչ իր հունով գնում է: Մնացած մասերով էլ խնդիրներ չկան, եթե լինում են, բուհերն արձագանքում են, համապատասխան որոշում է կայացվում: Այս պահի դրությամբ խնդիր չկա: Ինչ վերաբերում է հաճախելիությանը, պարտադիր չէ բոլոր ժամերին ներկա լինել, ասպիրանտը կարող է ինչ-ինչ հանձնարարություններ ստանալ, կատարել եւ ներկայացնել»: Այն դիտարկմանն էլ, որ հետազոտողի դիպլոմ հատուկենտ հայաստանյան բուհեր են տալիս, ԿԳ նախարարության բաժնի պետը պատասխանեց. «2014 թվականից կսկսենք հետազոտողի ձեւաչափով ծրագիր իրականացնել»: Իսկ ի՞նչ ասել է միջազգային չափանիշ, այս հարցի հետ կապված էլ Ալեքսանյանը հավելեց. «Եվրոպական ուղեցույցների հետ կապված, այսպես ասեմ, որ հարմարեցված է կրեդիտային համակարգին»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Հ. Գ. Պատրաստ ենք հրապարակել թեմայի վերաբերյալ այլ կարծիքներ եւս:
«Առավոտ» օրաթերթ
18.09.2014