Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վլադիմիր Գասպարյանը զգուշացրեց, որ աշունը թեժ է լինելու»

Սեպտեմբեր 19,2014 13:00

Ըստ Ստյոպա Սաֆարյանի՝ «Լեւոն, Լեւոն» վանկարկումները պատահական չէին

Սեպտեմբերի 13-ին Արզնիում կայացած ՀՀ ոստիկանության հրամանատարաշտաբային զորավարժությունների ժամանակ բեմադրված ցույցի մասնակից ոստիկանները վանկարկել են «Լեւոն, Լեւոն», ինչը բազմաթիվ քննարկումների առիթ է հանդիսացել, զվարճանք պարգեւել ներկաներին անսպասելիությունից: Բեմադրված միտինգի «ընդդիմադիր» ոստիկանների՝ առաջնորդի անվան վանկարկումների մասին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության պետ Աշոտ Ահարոնյանը կարծիք էր հայտնել, ասելով, որ դա սցենարում չի եղել, ոստիկաններն էլ այն ենթագիտակցորեն են վանկարկել, եւ դրանում որեւէ քաղաքական մոտիվ չկա: Նա նաեւ նշել է, որ ոստիկանները գուցե նախորդ միտինգների ազդեցության տակ են «Լեւոն, Լեւոն» վանկարկել: Այս առնչությամբ «Առավոտը» զրուցեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հետ, հարցնելով՝ իր կարծիքով՝ արդյո՞ք միտումնավոր էին այդ վանկարկումներն արվում, թե՞ իսկապես միամիտ է ստացվել: «Իհարկե, ոչ: Ես կարծում եմ՝ դա միամիտ չի եղել, ավելին՝ ես վստահ եմ, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարությունները թեժ աշնան մասին, որ եթե թեժ է լինելու, ապա ոստիկանությունն էլ ավելի թեժ աշուն է խոստանում ընդդիմությանը, լույս է սփռում այդ սցենարի վրա, որովհետեւ ակնհայտորեն այս պահին իշխանությունը սպասում է, որ եթե «Բարգավաճ Հայաստանն» ավելի թաքնված, ապա ՀԱԿ-ը հաստատ բացահայտ կարող է գնալ փողոցային շարժումների վերակենդանացման ճանապարհով, հետեւաբար պատահական չէ նաեւ, որ հենց դրա սուբյեկտ է դիտարկվում ՀԱԿ-ը ու այդ վարժանքներում էլ ոստիկանները բեմադրեցին դա՝ փորձելով ցույց տալ, որ հենց դրան էլ գնում են»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը, ավելացնելով, որ զորավարժությունների ժամանակ հնչած վանկարկումներն իրենց մեջ միանշանակ մեսիջ էին պարունակում:

Հիշեցնենք նաեւ, որ Վլադիմիր Գասպարյանը, խոսելով այդ զորավարժությունների մասին, ասել էր, թե դրանցով ոստիկանությունը իբրեւ թե չի ցանկանում վախեցնել քաղաքացիներին ու իրենց նպատակը միայն մասնագիտական հնարքները ցուցադրելն է, ինչն էլ բխում է հենց քաղաքացիների շահերից:

Ե. ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930