Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կ’ուզէ պարոն սփիւռքը

Սեպտեմբեր 18,2014 22:41

Անցեալ շաբթուան սկիզբէն  ի վեր  Երեւանի փողոցներուն մէջ   նկատելի դարձաւ տարբեր գաղութներէ  Հայաստան ժամանող  Սփիւռքի   ներկայացուցիչներու «շքերթ»ը: Սփիւռքահայեր, որոնք իրենց տարեկան  «ամառային հայրենասիրութեան» յագուրդ տալու համար    Հայաստան ժամանած    պիտի   մասնակցին Հայաստան – Սփիւռք արդէն հինգերորդը հանդիսացող  համագումարին: Թէ ի՞նչ տուին անցեալի հինգ համագումարները՝ տակաւին պարզ չէ: Ու  կարեւոր հարցադրումը կը մնայ այն, որ  ժողովի մեծաթիւ մասնակիցները արդեօք երբեւէ մտածած ե՞ն անցեալի   ժողովներուն ընթացքին  առնուած որոշումներու   ճակատագրին մասին,   կամ՝  բնաւ հետամուտ եղած ե՞ն այդ հանդիպումներուն  ընթացքին   շարադրուած ատենագրութիւններուն  «յոգնեցուցիչ» ընթերցումը  կատարել:   Հայաստանեան կողմէն դիտուած,  հայրենի քաղաքական ընդդիմութեան կողքին  աչքի կը զառնէ նաեւ  քաղաքացիական  բաւական կազմակերպուած հանրութիւն մը, որ ոչ միայն  չի մասնկացիր   նման  ժողովներու,  այլ ընդհանրապէս  հաւատք չունի  եւ լուրջի չ’առներ նման  ժողովները, եղածը իշխանութեան կողմէ   սարքուած հերթական   շոուուներէն մէկը  համարելով:

Սփիւռքի  բեռը ծանր է: Սուրիական տագնապ,  Լիբանանի հայութեան  ապագայի  խնդիր, Ցեղասպանութեան  100 ամեակի  օրակարգ  եւ տակաւին հայապահպանութիւն, «սպիտակ ջարդ»  եւ  կրթական   համակարգի  խնդիրներ:

Սփիւռքի ներկայացուցիչներէն շատեր պտոյտի համար ալ կուգան:  Տակաւին  իմացած եմ, որ անոնցմէ շատեր «ման գալու» նպատակով  շաբաթ մը առաջ Երեւան կը հասնին   եւ պէտք  եղած գնումները ընելէ եւ «վէրնիսաժ»  այցելելէ ետք, կը հասցընեն նաեւ  Գառնի- գեղարդ    երթալ եւ մի քանի  «մամլոյ հանդիպում» ալ ընել:

Իրօք   այս մարդիկ ե՞ն Սփիւռքի  հայութեան ձայնին պատգամաբերները :

Տակաւին  այլ խնդիր է, որ  պաշտօնական մարմիններու եւ կուսակցութեանց   ներկայացուցիչներէն բացի Սփիւռքի մտաւորականութիւնը  գրեթէ զէրօ մակարդակի վրայ  կը ներկայանայ նման «յաւակնոտ»  ժողովի մը:

Ընդհանուր տպաւորութիւն մըն  ալ կայ, որ մինչեւ Սուրիոյ  տագնապին  երեւումը   սփիւռքի համար   մեծագոյն «տարտը» կը մնար ցեղասպանութեան    օրակարգը: Երբ ցեղասպանութիւն կ’ըսուի պէտք  չէ հասկնալ ճանաչում կամ   հատուցում, այլ հերթական լացակումած մօտեցումներ,   որոնք այսօրուան  դրութեամբ կը կատարուին   գիտական  եւ ակադեմական  զգեստներով: Բայց ի՞նչ կը փոխուի հին երգերով: Ոչ մէկ բան:   Երկար տարիներ  այս  տագնապը իր  ողնուծուծին մէջ պատուաստած  սփիւռքը  պատրաստ է մի քանի տարի եւս կքած կերպով քալելու    այդ  յանկերգին համար,  որ    որեւէ  տեղ   տանելու   ուժ չունի:

Սփիւռքին   եթէ հարցնելու ըլլանք,-  պարոն Սփիւռք,  ի՞նչ է ուզածդ: Պիտի պատասխանէ,- Կը մերժեմ: Եթէ հարց տանք,- ի՞նչու կը մերժես,  կը պատասխանէ,-  Կը մերժեմ: Եթէ  օգնես ու հարց տաս,- Ի՞նչը կը մերժես, պիտի պատասխանէ,- կը մերժեմ:

Այս «մերժումի»  ժամացոյցին հիմնական սլաքները  կը կարծեմ, որ լարուած են   գիտակցուած կերպով  եւ  արհեստավարժ ձեռքերով ու առանց այդ «մերժում»ներուն սփիւռքի մարմիններուն մեծագոյն տոկոսը   մէկ օրէն միւսը կը դառնայ  գործազուրկ:

Պարզ է նաեւ, որ    հայութեան հիմնական   հարցերուն,  կամ աւելի ճիշդ կ’ըլլար ըսել, տասը միլիոն հայութեան  արեւելումի, ճակատագրական խնդիրներու,  տագնապներուն առընթեր,  դիրքորոշումներուն որոշադրիչ հիմանական տարրը  դարձած է  պաշտօնական՝ Երեւանը:

Սփիւռքը կը շարունակէ հանդէս գալ, որպէս  փողի աղբիւր եւ  կթան  կով: Այս դրոյթը  ողբերգական  չի սեպուիր սակայն, մանաւանդ որ սփիւռքի կողմէ հաւաքական կեցուածք   ոչ միայն գոյութիւն չունի, այլ՝  բացի անհատական նախաձեռնութիւններէն,  անոր հիմական մարմիններու ջախջախիչ մեծամասնութիւնը      կը խուսափի    կարեւոր խնդիրներու դիմաց   կեցուածք որդեգրելյաւելեալ գլխացաւէ մը խուսափելու համար եւ կամ՝    «ժամանակ չունին» բարդ  եւ    «անլուրջ» հարցերով զբաղուելու:

Ահա  այս վիճակներուն մէջ է, որ  տեղի կ’ունենայ   համաժողովը: Կայ նաեւ այն ճշմարտութիւնը , որ  ժողովին մասնակցող պատուիրակներէն շատերը ոչ մէկ յոյս ունին նման ժողովներու արդիւնաւետութենէն: Անոնք   Հայաստան կու գան հին փորձառութեամբ «զինուած» եւ  կարելի բոլոր միջոցները գործի կը դնեն  գեղեցիկ պատկերներու մէջ  երեւալու   որպէսզի յառաջիկայ տարիներուն  տպագրուելիք  ալպոմներով կերտեն իրենց անմահութիւնը:

Հիմա  զո՞վ մեղադրել: Սփիւռքը թէ՞ Հայաստանը: Ու զարմանալի է, որ ազատութեան,  գիտութեան, զարգացումի  եւ տարբեր   դրական ազդակներու    տակ աճող  ու տարերքին չհասած  ,  նօսրացող սփիւռքին մէջ հաւաքական գոյի  մը   խնդիրը կը բացակայի: Կը բացակայի  ձայնը: Կը բացակայի հարցադրում ընելու քաջութիւնը: Կը բացակայի ոգին:

Այս բոլորէն ետք ժխտական նոթով մը չաւարտելու համար   այս մտորումները,  պէտք է    մատնացոյց ընել  այն երիտասարդները, որոնք ամէն տարի  առանց աղմուկ հանելու, առանց մետալներ ստանալու եւ  առանց փառք ու պատիւի   տարբեր  ծրագիրներով Հայաստան կուգան:  Անոնք  են  սփիւռքի  իրաւ  ձայնը:

Անոնք ամէն տեղ են՝ Երեւան, Գիւմրի, Գորիս, Շուշի, Հադրութ  եւ Բերձոր: Անոնք  երդում ըրած են  ապրիլ Հայաստանի արեւին համար: Երդում ըրած են փոխել  բոլոր ըմբռնումները եւ նաեւ երդում տուած են   անաղմուկ   կերպով մինչեւ վերջ    կրել այս Հայաստանը իրենց հոգիներուն մէջ:

Այս  ժողովը եթէ ճիշդ բան մը պիտի ընէ, պէտք է մտածէ այդ երիտասարդներուն մասին: Պէտք է  մտածէ՝ ինչ ընել եւ ինչպէս ընել, որ այդ տեսակի երիտասարդներուն հոսքը վերածուի  հոսանքի ,այլապէս ան պիտի ունենայ իր նախորդներուն ճակատագիրը: Սցենար մը, որուն աւարտը բոլորը գիտեն: Առաջարկներու լեռ մը, որուն տակ կքած պիտի մնան բոլորը,  առանց ոչ մէկ   գործնական աշխատանքի: Պիտի լեցուին արխիւները եւ  շատ- շատ սփիւռքի տարբեր մարմիններու տեղեկագիրներու  պատրաստութիւնը նոր թափ  առնելով պիտի երկարի մինչեւ յաջորդ՝ Հայաստան- Սփիւռք 6-րդ  համաժողովը:

Ցաւօք այդքանը  եւ ոչ  աւելի:

 

Սագօ ԱՐԵԱՆ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Ցաւը կը մնայ ցաւ, նոյն ցաւը…այսօր եւ վաղը եւ միւս օր:
    Հայրենիք մը ունինք որու ղեկավարութիւնը երբէք չծրագրէր հաւաքել աշխարհասփիւռ հայութիւնը մեզի մնացած սա փոքր հողատարածքին վրայ, այլ իր առած տնտեսական անհեռատես քայլերով կը «քաջալերէ» արտագաղթը…Որեւէ նիւթական մակարդակի հայ անհատներ կարելի է գայթակղեցնել եւ համոզել որ հաստատուին Հայաստան, հարուստին ազատ շուկայի առիթներ տալով եւ իշխանական մաֆիաներէն հեռու պահելով, բարեկեցիկներուն յարմարութիւններ եւ դիւրութիւններ հաստատելու միջին արհեստանոցներ կամ գրասենեկային աշխատանքներ իսկ աղքատներուն՝ բնակարանային հնարաւորութիւններ եւ համապատասխան աշխատանք: Եթէ 23 տաարիներէ ի վեր գործադրուէր ասոր նման համազգային ծրագիր մը այսօր ոչ Սուրիահայերու եւ ոչ ալ Իրաքահայերու տագնապները պիտի չմտահոգէին հայրենիքի իշխանութիւնները եւ 5րդ համաժողովի մասնակիցները, որոնք հանգիստ պիտի կազմակերպէին Ցեղասպանութեան 100ամեակի «ծիսակատարութիւնները»…. Արդեօ՞ք հայրենիքը նիւթական այդ կարելիութիւնը չունէր…Ես այդպէս չտեսայ վիճակը, Երեւանի մէջ կան մօտ 200 հսկայ հարուստներ որոնք իրենց հարստութիւնը դիզած են այս նոյն «աղքատ» հայրենիքին մէջ…Եւ անոնց ունեցուածքին մէկ քարորդ տոկոսը բաւարար է այսպիսի ծրագիր մը իրականացնելու համար:

  2. Hayk says:

    Ռուսաստանյան Սփյուռքը ամեն տարի միլիարդավոր օգնություն է ուղարկում Հայրենիք: Դուք էլ ուղարկեք, եթե իրոք ցավում եք Հայաստանի համար:Թե չէ մնացածը ,կներեք, պարապ խոսքեր են:

  3. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Իրերը վերջապես պիտի կոչել իրենց անուններով: Սփյուռքահայերը ԻՐԱԿԱՆՈՒՄ չեն ցանկանում ապրե՛լ (այս) Հայաստանում,իսկ Հայաստանում էլ չե՛ն ցանկանում, որ սփյուռքահայերը Հայաստանում դառնան տնտեսական և/կամ քաղաքական ուժ:

    Այսինքն՝ հոդվածագիրը շատ ճիշտ է գրել՝ «Սփիւռքը կը շարունակէ հանդէս գալ որպէս փողի աղբիւր եւ կթան կով»: Հայաստանը սփյուռքահայերի համար հոբբիի պես մի բան է. մի բան անեն,որ գիշերը իրենց հեռավոր տներում հանգիստ քնեն:

    Սփյուռք-Հայաստան լուրջ ՔԱՂԱՔԱԿԱՆ համագործակցություն չկա : Ու երևի չլինի էլ,քան դեռ այդ այսպես կոչված «ավանդական կուսակցություններն» են բեմահարթակում:

    Մյուս ԱՆԱՐԴԱՐ գործոնն այն է,որ սփյուռքահայերը (այդ թվում՝ Հայաստանում ծնված-մեծացած) ՀՀ-ում հողի սեփականատեր չեն կարող լինել, որի խորքային նպատակն այն է,որ սփյուռքահայերը Հայաստանում ուժ չդառնան,ինչպես վերևում արդեն նշեցի:

    Ի՞նչ կ’ուզէ պարոն սփիւռքը: Իսկ Ի՞ՆՉ կ’ուզէ պարոն Հայաստանը. սա՛ երևի ավելի արդար հարցադրում է:

  4. խաչատուր says:

    Ամեն ինչ շատ պարզ է, մի բարդացրեք: Սփյուռքն այսօր մեկ անելիք ունի ու շատ մեծ ու կարեվոր՝այսօրվա Հայաստանն ուտողներին ասել՝ «Ստոպ», սա ձեր պապերի բոստանը չէ, սա բոլոր հայերի հայրենիքն է եվ չընդունել ու կեղծ ժպիտներով մեծարել այսօրվա իշխանավորներին, որոնք իրենց միլիարդների համար պատրաստ են վերացնել այս երկիրը, որը մի կերպ հասել է այսօրվան: Բոլորս եվ նաեվ սահմանում մեռնող երիտասարդները ծառայում են մեկ նպատակի որ Հայաստանում մի քանի մարդ միլիարդները բազմապատկեն: Եթե սփյուռքը լրջորեն չզարթնի եվ չխառնվի այս Հայրենիքը, որին հեռվեն կսիրեն հաստատ կկորչի:

  5. MIka says:

    Իրականում սփյուռքին պիտի հուզի նաև ինչ կարգի ժողովրդավարություն է Հայաստանում: Հայաստանը սառնարանի մագնիս չէ այլ երկիր իր մարդկանցով և կոռումպացված իշխանություններով: Սփյուռքահայ գործարարը հայրենիք գալով չպետք է “մարդ գտնի” որ իրեն հանեն պրեզիդենտի կամ նրա եղբոր վրա որ մի բան կիսվի ու թողեն արտոնյալ աշխատի, այլ պիտի նախապայման դրվի որ օրենքի առաջ բոլորն էլ հավասար լինեն, ինչպես այն երկրներում է որտեղից գալիս են նման մարդիկ, բացառությամբ իհարկե Ռուսաստանի որը նույն կոռումպացված և մաֆիոզ երկիրն է:
    Սփյուռքի մեր եղբայրներ, մեզ հետ միասին պայքարեք մեր երկիրը ժողովրդավար դարձնելու և համապատասխան վարքագիծ դրսևորեք ՀՀ իշխանությունների հետ, դա ձեր ամենամեծ օգնությունը կլինի…

  6. Վահան Ասրապեան says:

    Նաև Հայրենիքի պատմականը

    Հայրենիքի, անշուշտ, մեծն է լավը։ Ինչպես եւ վարունգի՝ կանաչը։ Աղջկա՝ կույսը։ Կրծքի՝ երկու հատը։ Ազգի՝ համաշխարհայինը։ ՀՀՇ֊ի՝ նախկինը։ Ռամկավարի՝ դաշնակը։ Դաշնակի՝ հիմարը։ Դեպուտատի՝ օգտագործածը։ Ռետինի՝ կոմպլեմենտարը՝ վերջում գլխին քաշելու համար։ Իսկ խոսնակի՝ Խոշորը։ Փոխխոսնակի՝ խուրդեն։
    Վարչապետի՝ հաստը։ Արտգործնախարարի՝ ծալովին։ Ընդդիմադրի՝ փսլնքոտը։ Սոցիալիստի՝ Աշոտը։ Կոմունիստի՝ պահանջատերը։ Խմբագրի՝ քյարթուն։ Պուտանկի՝ մատղաշը։ Խաշի՝ թափանցիկը։ Իկեբանայի՝ ժինգալով հացը։ Վարկի՝ կորածը։ Ազգին չկպչենք։ Որովհետեւ ազգը չի կարող լինել ախմախ։ Անհատապես, բոլորը կարող են լինել անխելք, բայց հավաքականորեն ազգը լինում է երկու տիպի — ամերիկացու տիպը՝ տուպոյ, հարուստ ու անդարդ, եւ հայի տիպը՝ շուստրի, թշվառ ու մտահոգ։ Մի խոսքով՝ անբախտ։ Ավելի ստույգ՝ «բարոյական հաղթանակների» մեռած։ Մեռած֊չթաղած։ Եւ այլն։
    Ո՞վ չէր ուզենա, որ իր երկրի բյուջեն լինի Ամերիկայի բյուջեի չափ, բանակը՝ չինականի, Փոքր Մասիսը՝ Մեծից բարձր (կամ՝ մեկը մյուսից ավելի բարձր), տուն պահողի աշխատավարձը՝ 40 հազար, իսկ Հայրենիքը՝ մի քանի հատ ու բոլորը՝ պատմական։ Նաեւ՝ ծովերից ծով։
    Ընդհանրապես ասած, սովորական, սիքտիրչի ազգերը ընդամենը մեկ հայրենիք են ունենում, բայց արի ու տես, որ այն ոչ միայն սիրում են, որի մասին ոչ միայն երգեր են երգում, այլեւ դեպքից դեպք պաշտպանում էլ են։ Նաեւ (որքան էլ տարօրինակ թվա) այնտեղ ապրում են։ Անկախ այն բանից՝ մեծ է, թե փոքր։ Հաստ է, թե բարակ։ Երկար է, թե կարճ։ Քարից հաց քամելու մազոխիստական հաճույքի հնարավորություն պարգեւո՞ւմ է, թե՞ ոչ։ Պատմական թշնամի ունենալու բերկրանք պատճառո՞ւմ է, թե՞ չի պատճառում։ Եւ պատկերացրեք, առանց այդ «ազգային առանձնահատկությունների» անհրաժեշտության գիտակցության ապրում են անդարդ՝ իրենց մեծ ու փոքր տափա՜կ, կանաչ հարթավայրերում եւ դեգրադացվում՝ Ցեղասպանության ու Պահանջատիրության նման հոգին վեհացնող բաների բացակայության պատճառով։
    Ճիշտ է, ամենքն էլ հոգու խորքում ուզում են մեկից ավելի Հայրենիք։ Նրանք էլ են հոգու խորքում ուզում մի քիչ ավելի լեն դաշտ, մի քիչ ավելի խոր գետ։ Բայց որովհետեւ բոլոր ժողովուրդներն են ուզում (բնականաբար, մեկը մյուսի հաշվին) եւ բոլորն են ուզում, ամենքը ստիպված յոլա է գնում եղածով, կինը՝ աստծո տված ամուսնու ներուժով, ամուսինը՝ իր կնոջ նաղդով։ Ձախ ու աջ շեղումներն էլ լինում են անհատական թուլությունների շրջանակներում, ոչ թե մերի նման ազգային֊համազգային֊մղձավանջային։ Համենայն դեպս, հրապարակային քննարկման առարկա չեն դարձնում մեծն ու փոքրը, հաստն ու բարակը, կանաչն ու ճլորածը։ Համենայնդեպս, ուստեն ի նշան բողոքի ընդդեմ պատմական, մարդակազմական անարդարության, պատին զարկելով չի ջարդում իր չաքուջը, ինչ է թե՝ ուրիշինի կոթը բռնելու ավելի հարմար է։
    Ի դեպ, եթե բանը անարդարության հասավ, կարելի է նեղանալ սեփական հորից վերջին հաշվով։ Բայց չէ։ Խռովելը խռովել է, պետք է խռովել մասշտաբայնորեն։ Աշխարհացունց ընդվզումով։ Մինչեւ ինքնամզում։ Մինչեւ ինքնամսխում։ Մինչեւ քոքը։ Մահ կամ ազատություն։ Հառա՜ջ ի մահ։ Ով հետ՝ քամակը փետ։ Եւ այլն։
    Լոռեցիք անհիմն շատն ու մեծը ուզողի, ուզվորի համար ազդեցիկ մի խոսք ունեն, թե՝ շատը գոմշի թրիքն է, իսկ մեծը՝ էշի։ Հասկացանք։ Խոսքը մեր մեջ, եթե հայրենիքում չես ապրում, ի՞նչ տարբերություն դա մե՞ծ է, թե՞ փոքր։ Հա՞ստ է, թե՞ բարակ։ Պատմակա՞ն է, թե՞ ներկա։ Փոսո՞ւմ է, թե՞… Բայց սա մահկանացու հայաստանցու միտք է, այլ ոչ կենցաղային ու քաղաքական գողուբոզի, որի համար մեծը նշանակում է կուշտ ու անպատասխանատու։ Մի տեղ ապրում ես, մյուս տեղը գողանում ես, երրորդ տեղը թռցրածը թաքցնում ես, չորրորդ տեղը շնանում ես— Էլ չեմ ասում բնածին ապուշության մասին։
    Բայց պարզվում է, որ մենք՝ Հայաստանի պարզամիտ, անաղուհաց ժողովուրդս, հանդես ենք բերում պատմական կուրություն։ Չենք հասկանում, որ նրանք այդ մեզ համար են անում։ Մեզ համար են պահանջում մեծ Հայաստան։ Իրենց հազար տարի պետք չի՛։ Այդ՝ մեզ ու ազգի համար են իրենց ճղում։ Իրենց ո՛չ նախնիներն են ապրել այս հողում, ո՛չ իրենք են ապրում, ո՛չ էլ իրենց սերունդներն են ապրելու։ Այդ մեծ հայրենիքը, պարզվում է, նրանք ուզում են մեզ ու մեր երեխաների համար։ Իսկ մենք երկու ոտքներս դրել մի ոտնամանում ու գոռում ենք. «Չէ՜, մենք պուճուր Հայրենիք ենք ուզում»։
    Ճիշտն ասած, մենք էլ ենք մեր հոգու խորքում մեծ Հայրենիք ուզում, ինչպես ամենայն կով, փորի թե մայրական բնազդով, ուզում է ավելի ընդարձակ մարգագետին։ Բայց ի տարբերություն մայրական֊անասնական բնազդով ընդարձակ մարգագետին տենչացող կովի, ի տարբերություն հյութալի առվույտներում անտերությունից ու անվերահսկելիությունից կերկոխով պայթած (դաս չհանդիսացած) կովի, մենք չենք ուզում ազգովի դառնալ այն թերմաշը, որը, հենց կողքից մեկը գոչում է՝ «հրե՛ս խիարը», աղը առած վազում է՝ վրան ցանելու։ Իհարկե, գոնե մեկ անգամ կծելու հույսով։ Բայց ինչո՞ւ սկսեցինք ու վերջացրինք կանաչ խիարի պատմությամբ։ Չէ՞ որ խոսքը
    Հայրենիքի մասին էր լինելու։

    Ավետիս Հարությունյան
    «Գյադաների ժամանակը»

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930