Լրահոս
Օրվա լրահոսը

Գասպարիի փաստաբանը կասկածի տակ դրեց դատարանի անաչառության

Սեպտեմբեր 18,2014 21:10

Գասպարիի դատական նիստի ընթացքում լրագրողների միջնորդությունը ավելի երկար տեւեց, քանի բուն հարցի քննումը

Այսօր` սեպտեմբերի 18-ին, դատավոր Սամվել Թադեւոսյանի նախագահությամբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր ոստիկաններ Դիանա Վարդանյանի, Խաչիկ Ավետիսյանի եւ Սոնա Մելիքյանի հայցն ընդդեմ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի:

Նիստի ընթացքում լրագրողները դատավորից խնդրեցին թույլ տալ տեսանկարահանել նիստը, այս հարցի քննարկումն ավելի երկար տեւեց, քան բուն հարցի քննումը: Հայցվոր Սոնա Մելիքյանը դեմ էր, որ լրագրողները տեսաձայնագրություն կատարեն, քանի որ տեսահոլովակները, հայտնվելով համացանցում, կարժանանան բազմաբնույթ մեկնաբանությունների: Այս առնչությամբ Վարդգես Գասպարին նշեց, որ քաղաքացիական հանրությունը եւ ժողովրդավարությունը պահանջում են, որ նիստը լուսաբանվի.

«Սա հասարակական խնդիր է: Այն, ինչ որ բնական է, հանցավոր աշխարհն ընդհանրապես դեմ է թափանցիկությանը, բոլոր հանցագործությունները կատարվում են սքողված եւ թաքուն կերպով: Ես գտնում եմ, որ եթե այսպիսի մոտեցում ցուցաբերվի ու սա չլուսաբանվի, ուրեմն` որոշում է կայացվել հօգուտ հանցագործ աշխարհի»:

Դատարանը մերժեց լրագրողների միջնորդությունը` պատճառաբանելով, որ հայցվորը ցանկությունը: Իսկ երբ դատարանը ճշտում էր կողմերի կարծիքը, թե հնարավո՞ր է դատական նիստը շարունակել Վարդգես Գասպարիի պաշտպան Տիգրան Եգորյանը ցանկացավ  հայտարարությամբ հանդես գալ, սակայն դատավորն ընդհատեց` պահանջելով տալ իր հարցի պատասխանը: Փաստաբանը պնդեց իր տեսակետը եւ Սամվել Թադեւոսյանը կրկին ընդհատեց նրա խոսքը եւ այդպես մի քանի անգամ, մինչեւ դատավորը վստահեցրեց, որ փաստաբանին հնարավորություն կտա իր հայտարարությունը կատարելու համար, իսկ հարցին թե հնարավոր է շարունակել դատական նիստը Տիգրան Եգորյանը պատասխանեց, որ արդեն ասել է, եւ մտադրված չէ կրկնել: Այնուամենայնիվ, դատական նիստը շարունակվեց եւ փաստաբանը հանդես եկավ մի շարք առարկություններով.

«Դատարանը չանդրադարձավ իմ կողմից արտահայտված կարծիքին` դատական նիստը շարունակելու հնարավորության վերաբերյալ: Ես կոնկրետ հիմնավորում բերեցի եւ դատարանի հարցին պատասխանեցի, որ գտնում եմ դատական նիստը չի կարող շարունակվել, որովհետեւ քանի դեռ չի լուծվել իմ կողմից հնչեցված առարկության հարցը, առհասարակ չի ընձեռնվել այդ առարկությունը մինչեւ վերջ հասցնելու հնարավորությունը եւ չի լուծվել լուսաբանման հարցը»:

Նրա կարծիքով` դատավորի անհասկանալի կամայականության պատճառով` ավելի քան 20 րոպե ժամանակ տրամադրվեց խոսակցություններին ամեն ինչի մասին, բացի բուն թեմայից: Նա իր կասկածները հայտնեց, թե այդ կազմով դատարանը կարո՞ղ է շարունակել եւ կարող է համապատասխանել անաչառ եւ արդար դատարանի չափանիշներին:

Դատական նիստը ավարտվեց աշխատանքային ժամն ավարտվելու պատճառով, դատավորը, հաշվի չառնելով պաշտպանական կողմի զբաղվածությունը, դատական նիստը նշանակեց վաղը` սեպտեմբերի 19:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930