Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրասիական անդամակցության մասին. «Եթե գրիչը Սերժ Սարգսյանի ձեռքն դնեն, ինքը ցանկացած բան կստորագրի»

Սեպտեմբեր 18,2014 20:04

«Թիվ մեկ լուրն այսօր չգիտես ինչու համարվում է, թե երկու, երկուսուկես, երեքուկես, չորս, թե՞ մեկ ուժ կմասնակցի հանրահավաքին: Բայց կան ավելի կարևոր հարցեր»,-Aravot.am-ի հետ զրույցում խոսելով հոկտեմբերի 10-ին Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի պետությունների ղեկավարների նիստում Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ)` Հայաստանի միացման պայմանագրի ստորագրման հարցին, այսպիսի կարծիք հայտնեց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:

Ըստ նրա՝ խորհրդարանական ուժերը պետք է բարձրացնեն այն խնդիրը, թե ինչ եղան այն հարցերի պատասխանները, որոնք վերաբերում էին Ղարաբաղին, մի շարք ապրանքատեսակների գծով հստակեցումներին:

Պարոն Իգիթյանի կարծիքով՝ Ղարաբաղի հարցը ածանցյալ է: Նա մանրամասնեց. «Հարցը ավելի գլոբալ է: Հայաստանը գնում է ԵՏՄ, մի տեղ, որտեղ հստակ բոլորի լուռ համաձայնությամբ ՀՀ-ին ասվել է, որ Հայաստանը պետք է մաքսակետ դնի ԼՂՀ հետ հատվածում, և Հայաստանին դրա համար տրվել է մեկ ամիս ժամանակ»:

Պարոն Իգիթյանը շեշտում է, որ պետք է նաև հավաստիանալ արդյո՞ք ԼՂՀ հարցը Եվրասիական հանձնաժողովից հանվե՞լ է, թե՝ ոչ:

Հովհաննես Իգիթյանը հիշեցնում է նաև այն 900 ապրանքատեսակների ցուցակը, որոնց գների բարձրացումը ՀՀ-ի սոցիալական դաշտը կքայքայի:

Ըստ ՀՀՇ վարչության անդամի՝ ոչ իշխանական ուժերը ոչ թե պետք է կարմիր գծերի հարցը բարձրացնեն, որով քաղաքացիական շարժումներն են զբաղված, այլ այս հարցերով հետաքրքրված լինեն:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է այս հարցերը խոչընդոտեն, և հոկտեմբերի 10-ին ոչ մի պայմանագիր էլ չստորագրվի, պարոն Իգիթյանը պատասխանեց. «Եթե գրիչը Սերժ Սարգսյանի ձեռքն դնեն, ինքը ցանկացած բան կստորագրի՝ անկախ նրանից հարցը դրված է մաքսակետ դնելո՞ւ, թե՞ ապրանքատեսակների առումով: Սոչիում արդեն պարզ էր. իրավիճակն այնպիսին էր, որ ոչ թե Հայաստանն էր պահանջներ դնում, այլ նրան էին վերջնագիր ներկայացնում, եթե դու չանես այն, ինչ ուզում ենք, ես կանեմ այն, ինչ ուզում եմ, այն ինչ ուզում եմ, նույնը կանեմ Ղարաբաղում, ինչ անում եմ Ուկրաինայում»:

Հարցին՝ ՌԴ-ն շահագրգռվա՞ծ է ՀՀ-ի՝ ԵՏՄ մուտքով, պարոն Իգիթյանը պատասխանեց, թե տնտեսական առումով դա Ռուսաստանի համար «ոչ տաք է ոչ սառը», բայց քաղաքական առումով ունի կոնկրետ շահագրգռվածություն. «ՌԴ Դումայի ԱՊՀ երկրների հանձնաժողովի նախագահի հայտարարությունը, թե մենք սրանով ստեղծում ենք երկրորդ լուրջ բևեռ, նշանակում է, որ ՌԴ-ն այս հարցը դիտարկում է որպես քաղաքական: Այս իրավիճակում, երբ Ռուսաստանը համարվում է իզգոյ, չարիք երկիր, նույնիսկ Բելառուսն ու Ղազախստանը նրա կողքին չեն կանգնում, փորձում է աշխարհին ցույց տալ, որ կան երկրներ, որ գալիս իր կողքն են կանգնում»:

Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ պայմանագիր ստորագրելը և ռեալ անդամակցությունը տարբեր են. կարող է ստորագրվի, բայց այսօրվա իրականության մեջ դա իրականացնել հնարավոր չէ: Պարոն Իգիթյանի կարծիքով՝ կան մի շարք չհստակեցված հարցեր. Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները, այն, որ ՀՀ-ն ՌԴ-ի հետ սահման չունի ու Վրաստանի հետ պետք է լուծի այդ հարցը, մյուս կողմից Վրաստանը հակառուսական հայտարարություններ է անում»:

Հովհաննես Իգիթյանը շեշտում է նաև ռազմական բաղադրիչը ու թվարկում հնարավոր վտանգները. «Ռուսաստանն ուկրաինական կոնֆլիկտի մեջ է փորձում ներքաշել այլ երկրների: Արդյոք ՀՀ-ն պատրա՞ստ է գնալ ՌԴ-ի հետ իրականացնել Ուկրաինայում ագրեսիա: Չէ՞ որ մենք ՌԴ-ի հետ նաև ՀԱՊԿ-ի պայմանագրով ենք կապված, և ռուսական զորքերն արդեն այսօր Ուկրաինայում են, և եթե Ռուսաստանը մեզ նույնպես ներքաշի այդ ամենի մեջ, մեզ որքանո՞վ է դա օգուտ: Այս հարցերի պատասխանները պիտի տա իշխանությունը, կամ թեկուզ ոչ իշխանական ուժերը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930