Այսօր ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում ունեցավ Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանողների հետ: Նա խոսեց ռազմական բժշկի կարեւոր դերակատարման մասին եւ 10-օրյա արձակուրդ տվեց բժշկական համալսարանի 3 ուսանողների, որոնք ծառայում են Հայոց բանակում:
Ուսանողներից մեկը նախարարին հարց ուղղեց՝ ներկայումս բանակում ծառայում են բժշկական համալսարանի բազմաթիվ ուսանողներ, որոնք ուսումը կիսատ թողնելով՝ ծառայում են մեր հայրենիքին. «Ամենեւին չցանկանալով թերագնահատել հայրենիքի ծառայութունը, այնուամենայնիվ, այդ ուսանողները 2 տարի բժշկական համակարգում ոչինչ չանելով՝ հետ են վերադառնում բժշկական գիտելիքների սուր դեֆիցիտով, ինչը բոլորս մեր մաշկի վրա զգալու ենք տարիներ հետո»:
Նախարարը պատասխանեց, որ զորակոչի եւ ԶՈՒ համալրման գործընթացը նաեւ բժիշկ մասնագետներով իրականացվում է գոյություն ունեցող օրենքների շրջանակներում, որոնք մենք չենք կարող շրջանցել, «Այլ բան է, որ մենք հնարավորություն ընձեռենք ոչ միայն ձեզ, այլ նաեւ բոլոր բուհերի մասնագետներին ծառայության ընթացքում, հատկապես ծառայության վերջին փուլում ՝ վերջին 3 ամսվա ընթացքում հնարավորություն ունենան պատրաստվեն, շարունակեն իրենց ուսումը բուհում: Այլ բան է, թե տեղում մենք որքանով ենք կարողանում ըստ մասնագիտության օգտագործել զինվորներին: Կարծում եմ, լավ օրից չէ, որ բոլորին չենք օգտագործում ըստ իրենց մասնագիտությունների, ՀՀ ԶՈՒ-ի հաստիքա-պաշտոնային կառուցվածքն այնքան էլ մեծ չէ: Բայց հնարավորության դեպքում իմ կողմից ցուցում է տրված, որ բժշկական համալսարանի զինծառայողներին նշանակեն գոնե վաշտերում, հրաձգային ստորաբաժանումներում սանհրահանգիչի պաշտոններում: Ես կհետեւեմ»:
Սեյրան Օհանյանը նշեց, որ բուժկետերը դեռեւս չեն կայացել. «Շատ բժիշկներ չեն ուզում մեկնել ծառայության հեռու վայրեր, առաջին գծի զորամասեր: Մեծ մասը փորձում են բոլոր հնարավորություններն օգտագործել եւ հիմնականում կենտրոնական բժշկական հիմնարկներում լինել: Իմ կողմից ցուցում է տրվել, որ այնպիսի համակարգ ստեղծեն, որ բժիշկը այս կամ այն վայրում լինելով՝ ռոտացիա իրականացվի»:
Կարդացեք նաև
Սեյրան Օհանյանը նաեւ վստահեցրեց, որ բժշկը շատ է պետք բանակին. «Կուզեի, որ ռազմաբժշկական վարչության հետ միասին ուսուցումից զատ ավելի շատ միջոցառումներ կազմակերպվեր, որը վերաբերվում է հենց առողջապահությանը, լինեին ամառային ճամբարներ, հրաձգության կազմակերպում, բժշկի դերակատարումն այնտեղ: Մենք մարտական պատրաստվածության 17 առարկա ենք դասավանդում: Բանակում այսպիսի անեկդոտ կա, ասում են՝ ինչո՞վ է տարբերվում դասակի հրամանտարը դասախոսից: Ասում են՝ դասախոսը, որը չափից ավելի գրագետ է, մեկ առարկա է դասավանդում, դասակի հրամանատարը ոչինչ չգիտի, բայց 17 առարկա է դասավանդում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ