Այսօր Երեւանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրեց, որ 2014-ը ինքը հայտարարել է փողոցային արատավոր բարքերի դեմ պայքարի տարի. «Դա ինքնանպատակ չէր: Մենք վերլուծելով եկել ենք այն եզրակացության, որ բանակում դեռեւս գոյություն ունեցող թերությունները, բացթողումները երկու մասի են բաժանվում: 1-ինը՝ թերություններ եւ բացթողումներ՝ անզգուշության, անվտանգության կանոնների չպահպանման արդյունքում, բայց այդ պատահարները հասցվել են մինիմումի: Ես արգելել եմ, որ մեր բանակում ասեն՝ դրանք բոլոր բանակներում էլ լինում են: Լինում են պատահարներ, որոնք տեղի են ունենում միջանձնային հարաբերությունների խախտման համար: Առանց մարդկային նորմալ հարաբերությունների եւ ղեկավարի անձնական օրինակի, մենք չենք կարող ունենալ մարտական ոգի եւ բարոյահոգեբանական մակարդակ: Անհանդուրժողականությունն է մեկը մյուսի նկատմամբ, որ բերում է միջանձնային հարաբերությունների խնդիրների, որը տեղի է ունենում փողոցային արատավոր բարքեր, մականունների, գողական այդ խոսակցությունների, վիրավորանքների, հայհոյանքների արդյունքում: Մենք ենք, մեր սերնդակիցներն են, որ հասկանում են, որ ամեն ինչ պետք է հանգուցալուծվի խոսքով, հասկանալով: Բայց երիտասարդ տղաների մոտ, ում մոտ, որ կա երիտասարդ ավյունը, դեռեւս կա այդ ինքնահաստատման պահը եւ ինքնադրսեւորվելու, ցույց տալու, որ տղամարդ են: Նրանք երբեմն դիմում են ուժին, որը անհանդուրժողականության արդյունք է»:
Նախարարն ասաց, որ անցյալ տարի սոցհարցումներ են կատարվել Հայաստանում եւ հարցումների ժամանակ պարզվել է, որ շուրջ 600 երիտասարդներից հարցին, թե ովքե՞ր են ձեր իդեալները, ո՞ւմ կուզենայիք նմանվել, 300-ը չէին կարողացել որեւէ պատասխան տալ, որովհետեւ իդեալ չունեին. «Դա շատ վատ է: Դա նշանակում է, որ նաեւ ընտանիքում չկա դաստիարակություն: Եթե մարդ չի կարողանում գտնել այն իդեալին, որին կուզենար նմանվել, գոնե յուրաքանչյուր երեխա պետք է ասեր, որ կուզեի նմանվել իմ հորը կամ մայրիկիս»:
Նախարարն ասաց, որ ամեն ինչ անում են, որ բանակից երիտասարդը վերադառնա ավելի կոփված, ավելի տղամարդկային կամային հատկանիշներով հասարակության քաղաքացի:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ