Դերասան Աշոտ Մելոնյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, տեղադրելով օրթոպեդ-ողնաշարաբան Ենոք Աբրահամյանի լուսանկարը, մեղադրել էր նրան իր մոր մահվան մեջ: Բժիշկը դիմել էր դատարան` պնդելով, որ դերասանը իր հասցեին մի շարք զրպարտող եւ վիրավորական արտահայտություններ է կատարել: Իսկ Աշոտ Մելոյանն էլ դիմել է Տեղեկատվական վեճերի խորհրդին` խնդրելով կարծիք տրամադրել իր կատարած հայտարարության վերաբերյալ: Խորհուրդն ուսումնասիրել էր գրառումը եւ եզրակացություն կատարել:
Նա իր եզրահանգման մեջ նշել է, որ սոցիալական ցանցում օգտատիրոջ կողմից կատարված գրառումը հրապարակային հայտարարություն է, քանի որ այն տարածվել է «հասանելի է բոլորին» եղանակով, եւ այդպիսով` քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը կիրառելի է հայտարարության նկատմամբ։
Ըստ Տեղեկատվական վեճերի խորհրդի` գրառման «նրա վրա քրեական գործ է հարուցված եղել», «երկու մարդասպաններ իրավ լավ գտել են», «ով շարունակում է աշխատել որպես «բժիշկ», «ստահակ» և «ֆաշիստը» արտահայտություններն արատավոր են: Խորհուրդն համարում է, որ Աշոտ Մելոյանը պետք է ապացուցի, որ Ենոք Աբրահամյանի նկատմամբ հարուցված է եղել քրեական գործ, հակառակ դեպքում` նրա կատարած հայտարարությունը կհամարվի զրպարտություն:
Իսկ «ստահակ» եւ «ֆաշիստ» արտահայտությունները խորհուրդը համարել է գնահատողական դատողություններ` պարզաբանելով, որ տվյալ դեպքում Աշոտ Մելոյանը իր գրառմամբ ներկայացրել է փաստական հիմքեր, որոնք հիմք են տվել հնչեցնել քննադատական խոսքերը բժշկի հասցեին: Սակայն համեմատելով խոսքերի ծայրահեղ բացասական իմաստը խորհուրդը եկել է եզրահանգման, որ դրանք վիրավորական արտահայտություններ են:
Կարդացեք նաև
Իսկ Տեղեկատվական վեճերի խորհուրդը համարել է գնահատողական դիտողություն: Ըստ խորհրդի` արտահայտությունը, ընդհանուր առմամբ թույլատրելի շրջանակներում հնչեցրած սուր քննադատական խոսք է, որը բացարձակապես զուրկ չէ որոշ փաստական հիմքերից։ Այդպիսով ըստ նրանց` «Ով շարունակում է աշխատել որպես «բժիշկ» արտահայտությունը վիրավորանք չէ:
Aravot.am-ն այս առնչությամբ պատրաստվում է զրուցել դերասան Աշոտ Մելոյանի հետ:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ