Այսօր գրող, ակադեմիկոս Ալբերտ Օհանյանը նշեց իր ծննդյան 75-ամյակը: Օրը գրողի համար հիշարժան էր նաև նրանով, որ ՀՀ մշակույթի նախարարության կողմից արժանացավ ոսկե մեդալի և տեղի ունեցավ իր «Խորամանկ Արշակի արկածները» գրքի շնորհանդեսը: Գրքում 20 երգիծական պատմվածքներ են՝ ավանտյուրիստական բնույթի: Գլխավոր հերոսն իրական կյանքից է վերցված:
«Ընդհանրապես հայ գրականության մեջ ավանտյուրիստական ժանրը գրեթե բացակայում էր, չհաշված 2-3 գիրք (օրինակ՝ Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը»): Ես փորձել եմ այդ բացն ինչ-որ ձևով լրացնել»,– ասում է գրքի հեղինակը:
Ա. Օհանյանն ասում է, որ շատ ունի պատմվածքներ, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով հնարավոր չէ բոլորը տպել: Գրքում կան իրական կերպարներ, ինչպես Վ. Պետրոսյանը, Վարդերեսյանը, Պարույր Սևակը և այլոք. «Մոտ 2 պատմվածքում զետեղել եմ Պարույր Սևակի կերպարը: Դա չէր կարող այլ կերպ լինել. նա իմ ուսուցիչն էր և նա է ինձ հայացրել»:
Գրախանութներում «Խորամանկ Արշակի արկածները» գիրքը հասանելի չէ. ինչպես նշում է գրողը՝ տպաքանակը հազիվ իր ծանոթներին է բավականացնում: «Եթե վաճառքի էլ դնեմ, չի վաճառվի: Նույնիսկ Պարույր Սևակի և Հովհաննես Շիրազի գրքերը չեն գնում»,– կարծում է գրողը:
Ի դեպ, Ալբերտ Օհանյանը ծնվել է Վրաստանում, որոշ ժամանակ ապրել է Հայաստանում, իսկ հիմա աշխատում է Ռուսաստանում: Այժմ նա Ռուսաստանի և Մոսկվայի գրողների միությունների քարտուղարն է, նաև՝ Ռուսաստանի մշակույթի վաստակավոր գործիչ: «Նա այս 75 տարիների մեջ շատ բան ունի հպարտանալու, մենք էլ ուրախ ենք, որ նա մեր գրական դեսպանն է Ռուսաստանում»,– ասում է Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Այսօր նաև Հայաստանի գրողների միության մի քանի անդամներ՝ գրողներ, գրականագետներ, թարգմանիչներ, Ռուսաստանի գրողների միության կողմից արժանացան Գրիբոյեդովի, Եսենինի և Լերմոնտովի մեդալների:
Աննա ԽԱՉԱՏՐՅԱՆ