Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ խորհրդարանը հաստատել է ԼՂՀ ընտրական օրենսգրքի նոր նախագիծը

Սեպտեմբեր 18,2014 18:07

Սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել 5-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի 10-րդ
նստաշրջանի առաջին լիագումար նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ
Ղուլյանը:

Նախքան նստաշրջանի բացումը մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են
հուլիս-օգոստոս ամիսներին Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումների
հետևանքով Արցախի սահմանները պաշտպանելիս զոհված զինծառայողների հիշատակը:
Այնուհետև խորհրդարանի նախագահն ամփոփել է նախորդ նստաշրջանի ավարտից հետո
խորհրդարանի իրականացրած գործունեությունը: Աշոտ Ղուլյանի հաղորդմամբ՝
միջխորհրդարանական կապերի շրջանակներում տեղի են ունեցել տարբեր ձևաչափի
հանդիպումներ Գերմանիայի Բունդեսթագի, Լիտվայի Սեյմասի, Ֆրանսիայի Սենատի
ու Ազգային ժողովի խորհրդարանական պատվիրակությունների հետ: Արցախի ԱԺ են
այցելել սփյուռքահայ մի շարք կառույցների երիտասարդական խմբեր:
Միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում ԱԺ են այցելել ՀՀ Աժ
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի և Պետական-իրավական
հարցերի մշտական հանձնաժողովների պատվիրակությունները:
Դրական տեղաշարժեր են գրանցվել նաև ԼՂՀ միջազգային ճանաչման գործում.
օգոստոսի 28-ին Կալիֆորնիայի Սենատն ընդունել է ԼՂՀ անկախությունը և նրա
ժողովրդի ազատ զարգացմանն աջակցող բանաձև, իսկ սեպտեմբերի 12-ին՝ Բասկերի
երկրի խորհրդարանն ընդունել է փաստաթուղթ, որն աջակցում է ԼՂ ինքնորոշման
իրավունքի իրագործմանը:

Համաձայն ԱԺ կանոնակարգի պահանջի՝ նոր նստաշրջանը սկսվել է ԼՂՀ պետական
օրհներգի կատարմամբ:

Խորհրդարանը հաստատել է նստաշրջանի և սեպտեմբերի 18-ի նիստի օրակարգերը, ԱԺ
10-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը՝ հանձնաժողովի
անդամներ վերահաստատելով պատգամավորներ Ռոմելա Դադայանին, Կամո Բարսեղյանին և Լյուդմիլա Բարսեղյանին:

Սկսելով օրենսդրական նախագծերի քննարկումը՝ խորհրդարանը հաստատել է ԼՂՀ
ընտրական օրենսգրքի նոր նախագիծը(առաջին ընթերցում), «Առևտրի և
ծառայությունների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ ու
փոփոխություններ կատարելու մասին», «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման
մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»,
«Բուսասանիտարիայի մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» ԼՂՀ օրենքում
լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Լեռնային Ղարաբաղի
Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ԼՂՀ
օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» (երկրորդ ընթերցում)
օրենքները:

Խորհրդարանն այնուհետև լսել է «ԼՂՀ 2014թ. առաջին կիսամյակի պետական
բյուջեի կատարման մասին» ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության
տեղեկատվությունը, որը ներկայացրել է նախարար Սպարտակ Թևոսյանը:
Ըստ օրակարգի, տեղի է ունեցել նաև օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի
առաջին ընթացակարգը նոր նստաշրջանում՝ կառավարության անդամների ու
փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի մասնակցությամբ:

Պատգամավորների բարձրացրած հարցերը վերաբերում էին հանրապետության
կենսագործունեության տարբեր ոլորտների:

ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի առաջին լիագումար
նիստի վերջին լսվել է նաև Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի
փոխնախագահ Սերգեյ Ղազարյանի հայտարարությունը՝ Բասկերի երկրի խորհրդարանի
կողմից Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ:

ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930