«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ՀՅԴ-ի` հանրահավաքից հրաժարվելու քայլը իշխանություններին որոշակիորեն աջակցելու քայլ է համարում:
«Բայց հույս ունեմ, որ հետագա գործողություններին կմիանան, որովհետեւ Արմեն Ռուստամյանն էլ, ըստ լրատվամիջոցների, հայտարարել է, որ քառյակի 12 կետերին իրենք միանալու են, գնահատական են տալու, հետագա գործողություններին էլ են միանալու, որովհետեւ այսօր հասարակությանը սահմանադրական բարեփոխումները չեն, որ հուզում են: Եթե սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչելն իսկապես բարեփոխում լիներ, արդարացված կլիներ, բայց ակնհայտ է, որ իշխանությունները վերարտադրվելու խնդիր են լուծում: Բայց այսօր երկրում իրավիճակ փոխելու խնդիր ունենք, որ կասեցնենք արտագաղթը: Հենց թեկուզ փորձենք կյանքի կոչել արտագաղթի կասեցման ՀՅԴ-ի ծրագիրը»,- Aravot.am-ին ասաց պարոն Մարտիրոսյանը:
Մեր հարցին, թե քառյակից ո՞ր քաղաքական ուժն էր ավելի սկզբունքային, ՀՅԴ-՞ն, որ ի սկզբանե սահմանադրական փոփոխությունների կողմնակից էր ու այդ պատճառով քառյակի որոշ ծրագրերից դուրս եկավ, թե՞ ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը», որ սկզբում այլ կարծիք ունեին սահմանադրական փոփոխությունների հարցում, հիմա` ուրիշ, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Եթե սահմանադրությունն առանց ապահովիչների է լինում, ապահովագրում չի լինում, եթե այդ սահմանադրության մեջ վերարտադրության մեխանիզմ է գնում ու անունը դրվում է սահմանադրափոխություն, խորհրդարանական կառավարում, բայց ընդամենը վերարտադրության, ԽՄԿԿ գերագույն խորհրդի նախագահության նախագահի պաշտոններ է ստեղծում, ո՞ւմ է պետք այդպիսի փոփոխությունը: Հենց մենք ենք, որ սկզբունքային ենք ու փորձում ենք պաշտպանել խորհրդարանական կառավարման համակարգը: Նախագահականը ու կիսանախագահականը վարկաբեկվեց, գոնե խորհրդարանական համակարգը մաքուր պահենք, որ կառավարման համակարգի փոփոխություններից հետո կարողանանք ներդնել ու այն երաշխիքները, որոնք հնարավորություն կտան այդ սահմանադրությանն իսկապես գործել, կարողանանք կիրառության մեջ դնել: Ներկայիս Սահմանադրության մեջ գրվա՞ծ է, որ ընտրությունները կեղծելու են, որ կեղծում են, նշվա՞ծ է, որ կոռուպցիան պետք է լինի եւ մնացած բոլոր բացասական բաները, որոնք կան: Մեզ համար ոչ թե անունն է կարեւոր, այլ դրա գործնական կիրառումը: Օրենքի իրավունքի գերիշխանությունը այն չէ, որ տեքստում գրված է, որ օրինակ մենք ժողովրդավարական երկիր ենք, այլ այն է, որ իրականում կիրառվի: Խորհրդարանական հանրապետությունը իրական հակակշիռներով ոչ թե այն է, որ մեկ անձի`Սերժ Սարգսյանի համար մեխանիզմներ ստեղծվեն վերարտադրվելու, այլ իրական այնպիսի մեխանիզմներ լինեն, որ իսկապես հնարավոր լինի ժողովրդավարական կառավարում հակակշիռների մեխանիզմը կյանքի կոչել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ