«Երեկ ես հանդիպել եմ արտասահմանյան դաշնակցական ներկայացուցիչներին, որոնք նաև դեմ են, որ Դաշնակցությունը լինի կտրուկ ընդդիմություն, քանի որ նրանց ասելով` իշխանության հետ միասին պիտի պատրաստեն միջոցառումներ` կապված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ` թե Հայաստանում, թե արտերկրում»,-Aravot.am-ի հարցին`Դաշնակցությունը` քառյակը լքելու քայլով ցույց տվեց իր սկզբունքայնությո՞ւնը, իշխանության հետ գործարքի մեջ մտնելու փա՞ստը, թե՞ այլ պատճառներ էլ կային, այսպես պատասխանեց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:
Նա նշեց, որ ընդունում է ՀՅԴ ներկայացուցիչների ներկայացրած տեսակետը, ու կարևոր չէ` դա հասկանում է, թե ոչ. «Ոնց որ թե նրանք իրենց տեսակետը ներկայացնում են հասարակության համար հասկանալի»:
Պարոն Իգիթյանի կարծիքով` կարևոր չէ նաև հարթակի վերևում մեկ, թե տասը կուսակցություն է լինելու, այլ ավելի կարևոր է հասարակության այս կողմը, թե ինչ սպասելիքներ ունեն և արդյոք կապո՞ւմ են իրենց սպասելիքները այդ ուժերի հետ:
Մեր հարցին` կարելի՞ է արձանագրել, որ իշխանությունը հասավ իր նպատակին, կազմաքանդեց քառյակը, պարոն Իգիթյանն արձագանքեց. «Ես այդպես կտրուկ ընդդիմություն Հայաստանում չեմ տեսնում: ԲՀԿ-ն այսօր կառուցողական ընդդիմության և այլընտրանքային ուժի լոկոմոտիվն է: Մնացած ուժերը էական չեն, և իշխանությունը չպետք է ջանք ու եռանդ գործադրի: Այստեղ կա ԲՀԿ-ն, այն, թե ինչ հարաբերությունների մեջ է իշխանության հետ, դա իրենց գործն է: Սերժ Սարգսյանին վերացնելու, իշխանափոխություն անելու ընդդիմություն չեմ տեսնում»:
Մեր դիտարկմանը, թե նման կարծիքի է անգամ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցից հետո՞, քանի որ ՀԱԿ-ից ընդհակառակը, պնդում են, որ այդ հարցազրույցից հետո որոշ հստակեցումներ են մտցվել, և ԲՀԿ-ն պայքարում է Սերժ Սարգսյանի վարչակարգի դեմ, պարոն Իգիթյանն արձագանքեց. «Ես այդ կտրուկ գնահատականները չեմ կիսում: ԲՀԿ-ն այն ժամանակ վարչապետի հրաժարականի պահանջ է ներկայացրել և իրականացրել է այն` անկախ այն բանից` կողքին այլ կուսակցություններ են կանգնած, թե` ոչ: ԲՀԿ-ն դրել է նպատակ, օգտագործել բոլոր լծակները` թե խորհրդարանական, թե հասարակության մեջ, թե Սերժ Սարգսյանի թիմը և ուղղակի հարաբերություններն ու կապերը»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ