Այսօր հայ-ադրբեջանական շփման գծում նորից հայկական կողմը զինվորի կորուստ է ունեցել: Այս առնչությամբ այսօր լրագրողների հետ զրույցում ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը գնահատական տվեց այդ միջադեպին:
Հարցին՝ Սոչիի հանդիպումից հետո իրավիճակի լարվածությունը կարծես մեղմվել էր եւ հաշվի առնելով սեպտեմբերի վերջին սպասվում է արտգործնախարարների մակարդակով հանդիպում, նորից այս կրակոցներն ինչ-որ բան նշանակո՞ւմ են: Նախարարը պատասխանեց. «Ես գտնում եմ, որ սա նրա արդյունքն էր, որ մեր հարեւանները միշտ բացառել են վստահության մթնոլորտի ստեղծման միջոցառումների իրականացումը: Ասել է թե ետ քաշել դիպուկահարներին, զերծ մնալ կրակոցներից, դիվերսիոն հետախուզական գործողություններից: Կարեւոր է միջազգային հետաքննություն անցկացնել: Ամեն անգամ այս խախտումները միջազգային ասպարեզում հենց այնպես անցնում են: Դրանք վերլուծության արդյունք են դառնում կամ ՀՀ ԶՈՒ-ի կամ ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարության համար, որոնք ինքնուրույն պատժելու միջոցառումներ են իրականացնում»:
Նախարարն ասաց, որ հույս ունի, որ այս դեպքը ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից անպատիժ չի մնա. «Բայց սա նաեւ արդյունք էր նրա, որ հակառակորդը բոլոր այդ տիպի հանդիպումների, միջոցառումների, տարբեր միջազգային միջոցառումների շրջանակներում փորձում է լարվածություն ստեղծել: Իհարկե, աննպատակ եւ անպատասխանատու վերաբերմունքի շնորհիվ է, որ երկուստեք լինում են կորուստներ: Մեզ համար յուրաքանչյուր զինվորի, յուրաքանչյուր սպայի կյանքը չափազանց թանկ է: Այդ նրանք է, որ չեն գնահատում իրենց զինվորներին»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ