Ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջը կոտրելու եւ անձնական տվյալներ հրապարակելու հետ կապված ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանն այսօր ասուլիսում ասաց.«Առավել մանրամասն ցավոք չեմ կարող, չեմ կարող շռայլ լինել, քանի որ գործը գտնվում է նախաքննության ընթացքում, կարող եմ փաստել, որ սեպտեմբերի 5-ին նշյալ համալսարանից ստացվել է հաղորդում, որ պարոն Թոքմաջյանի կայքէջին ապօրինի հասանելություն է ստացվել անհայտ անձի կողմից, եւ նրա էջում գրանցված ընկերներին ուղարկվել են հաղորդագրություններ;Մեր կողմից վերցվել են բացատրություններ, նյութերն ուղարկվել են այն ժամանակվա Քննչական գլխավոր վարչություն, ներկայիս՝ Կոմիտեի ՀԿ գործերով քննության գլխավոր վարչություն, գործը գտնվում է քննչական ակտիվ գործողությունների փուլում»:
Նա ներկայացրեց 2014 թ. 8 ամիսների ընթացքում կիբերհանցագործությունների դեմ պայքարի ոլորտում ոստիկանության կատարած աշխատանքները:
Ըստ նրա, ստեղծվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի մասնագիտական բաժինը, որի նպատակն է, ապահովել համակարգչային անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը:
Վիճակագրական տվյալներն այսպիսին էին. 2013-2014թթ.արձանագրվել է հանցագործության այս տեսակի 103 դեպք:
Համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակության 52 դեպք, համակարգչային տեղեկատվության համակարգ առանց թույլտվության ներթափանցելու 1 դեպք, համակարգչային տեղեկատվությունը փոխելու 1 դեպք, համակարգչային սաբոտաժի 9 դեպք, համակարգչային տեղեկատվությանը տիրանալու 11 դեպք, եւ վնասաբեր ծրագրեր մշակելու 8 դեպք:
Կարդացեք նաև
Ոստիկանության գնդապետի տեղեկացմամբ 2 դեպք էլ գրանցվել էր մանկական պոռնոգրաֆիա ներկայացնելու կամ պահպանելու վերաբերյալ:
Ամենատարածվածը՝շորթումն էր, նախապես մշակված ձեւերով: «Գործարար նամակագրության միջամտելը».տարածվածներից մեկն էր, երբ երկու գործարարներ, տարբեր երկրներում էլեկտրոնային նամակագրության միջոցով պայմանավորվածություն են ձեռք բերել: Երրորդ անձը ոչ միայն թափանցել էր նամակներ բաժին, ստեղծել նմանակ փոստի հասցե, եւ ստացել գումար, տրամադրելով իր հաշվի համարը:
Երկրորդ եղանակը, որի միջոցով հափշտակում են գումարներ, «Սիրախաղի միջոցով» կատարվածն է:«Զոհերը ընտրվում են հիմնականում սոցիալական ցանցերում, 30-ից բարձր տարիք ունեցող միայնակ կանայք են, հանցավորը սիրային նամակագրություն է վարում, հայտնում, որ թանկարժեք նվերով ծանրոց է ուղարկել, որոշ ժամանակ անց զոհի հետ կապ են հաստատում իբրեւ մաքսային աշխատակիցներ, որոնք մաքսավճարի համար գումար են պահանջում»,-ասաց Տ.Պետրոսյանը:
Ինչ վերաբերում է անառակաբարո գործողությունների 2 դեպքերին, պարոն Պետրոսյանը տեղեկացրեց, որ զոհերը երեխաներ են, ընտրվել են սոցիալական ցանցերից, նամակագրության միջոցով, «վերածվելով հեռախոսազրույցների, անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնող» տեսազրույցների:
Մի դեպքով հայտնաբերված 800 տեսանյութերից 250-ը մանկական պոռնոգրաֆիա պարունակող նյութ է հանդիսացել, փորձագիտական եզրակացության համաձայն:
Քաղաքացիներից 2013-2014թթ. ստացվել էր 224 դիմում:
Կանխարգելման աշխատանքների մեջ էր մտնում «am» տիրույթի դիտարկումը:Մասնավոր սեկտորի՝ «Գուգլի», «Ֆեյսբուքի», մնացածների հետ առկա են համագործակցության աշխատանքներ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ