Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը և խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն առաջարկում են հանել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում ստանալու իրավունքը:
Սեպտեմբերի 12-ին ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել «Զինապարտության մասին» եւ«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը: Ըստ հեղինակների, շատ երիտասարդների համար բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելը պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հնարավորություն է:
Գիտության առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի (ԳԱՏԱՀ) հիմնադիր նախագահ Հարություն Կարապետյանն Aravot.am-ի հետ զրույցում հարցը որակեց խնդրահարույց եւ բարդ: «Եթե ուզում ենք կրթությունը փրկել, այդ դեպքում տարկետման իրավունքը հանելը արդարացվում է, կոռուպցիան էլ 85-90%-ով կվերանա: Բայց դա նաեւ մինուսներ ունի: Այո, մասնագիտություններ կան, որոնց դեպքում բանակում ծառայելը օգուտ է, ինչպես իրավաբանությունը, սոցիոլոգիան, պատմությունը: Հասարակության հետ աշխատող մասնագիտությունների տեր մարդկանց համար բանակ պետք է՝ աշխարհայացքի եւ այլնի առումով, բայց մաթեմատիկոսի, ջութակահարի, բալետի պարողի, ֆիզիկոսի դեպքում՝ ոչ: Վերջիններիս համար կտրվել կրթությունից երկու տարով, հետո նորից շարունակել, մի քիչ բարդ է: Չնայած, ով որ ուզում է, ծառայելուց հետո նորից շարունակում է: Եթե ջութակահարը կամ բալետի պարողը երկու տարի չնվագի ու չպարի, ավտոմատ եւ բահ բռնի, հետո ո՞նց է շարունակելու: Ճշգրիտ գիտությունների վրա էլ կանդրադառնա, եթե անընդհատ չլինի կրթությունը»,- կարծում է ԳԱՏԱՀ նախագահը:
Երեւանի պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանն էլ կարծում է, որ առայժմ չարժի խոսել տարկետման իրավունքը հանելու մասին, քանի դեռ օրենքում փոփոխություն չի կատարվել: Ռեկտորի ձեւակերպմամբ, դա այն թեման չէ, որի մասին պետք է հապշտապ մեկնաբանություններ տրվեն: «Եթե երկրի պաշտպանության համար դա շատ անհրաժեշտ է, տարկետման իրավունքը պետք է հանվի, ուրեմն դա ամբողջ երկրին է պետք: Դա գլոբալ հարց է՝ իմ կամ կոնսերվատորիայի շահերը քիչ են: Եթե երկրի անվտանգությունը պահանջում է, որ պետք է սահմանները պաշտպանվեն, ուրեմն բոլորս միասին պետք է սահմանները պաշտպանենք»:
Կարդացեք նաև
Ռեկտորը չմեկնաբանեց այն կարծիքը, որ դա արվում է կոռուպցիան վերացնելու եւ պաշտոնյաների երեխաների՝ բուհ ընդունվելու շնորհիվ ծառայությունից խուսափելը բացառելու նպատակով: «Մեզ մոտ պաշտոնյայի երեխա լինես, թե չլինես, պարտադիր պետք է նվագես: Մեր բուհը շատ սպեցիֆիկ է»,-ընդամենն ասաց Շահեն Շահինյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` pastinfo.am-ի
տարեկետման իրավունքը հանողներն առաջին հերթին այն պատճառաբանությունն են բերում, որ կոռուպցիայի դեմ են իբր թե պայքարում ու մեկ էլ, որ հարուստների տղաները իբր թե այդ ձևով են փորձում բանակից խուսափեն: նրանք չեն ասում թե բանակում մարդ չկա ծառայող, մեկ ավել զինվորն էլ հիմա կրիտիկական է: իրենց բերած պատճառաբանություններն ուղակի հնարովի են: նախ եթե կաշառք տալու ցանկությամբ հարուստներն ուզենան իրենց տղաներին ազատեն, ապա փող կարող են տալ բժշկական հանձնաժողովին ու “հիվանդության” պատճառով չծառայեն, կամ գնում են բանակ, փող են տալիս “չաստում”, ու էլի իբր գրանցված լինելով չեն ծառայում: փոխանակ կոնկրետ հանցագործի ու կոնկրետ կաշառք տվողի դեմ պայքարեք, ամբողջ կրթական համակարգին եք ուզում վնաս տալ:
եթե մարդ պատրաստ է կաշառքով բանակից ազատվի, միևնույն է ձև կգնտի այդ կաշառքը տալու: ԲՈՒՀ-երը հանգիստ թողեք: