Այսօր կառավարության նիստին Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը նորից հիշեցրեց բյուջեի անարդյունավետ ծախսերի մասին, մասնավորապես դպրոցաշինության ոլորտի:
Նիստին քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նախագիծ էր ներկայացնում 2014 թվականի բյուջեի ծախսային մասում փոփոխություն իրականացնելու մասին: Ըստ այս նախագծի, նախարարն առաջարկեց պետական միջոցներով վերանորոգվող կամ կառուցվող 13 դպրոցներում իրականացվող աշխատանքների ֆինանսավորումը տեղափոխել 2016-2017 թվականներ:
Իշխան Զաքարյանն էլ այս առնչությամբ հայտարարեց, որ մի քանի տարի առաջ նախատեսված 74 դպրոցների շինարարական աշխատանքների համար արդեն 3 միլիարդ դրամ է ծախսվել, մինչդեռ այս դպրոցներից ոչ մեկի շինարարությունը մինչ օրս չի ավարտվել:
Պարոն Զաքարյանի խոսքերով` արդեն մի քանի տարի շարունակվող աշխատանքներից հետո, շատերը կրկին պետք է քանդել կամ վերանորոգել: Այսպիսի դպրոցներից է Գավառ քաղաքինը, ինչպես ասաց Իշխան Զաքարյանը, սրա համար արդեն հատկացվել է 270 միլիոն դրամ եւ դեռ 334 միլիոն էլ պետք է հատկացվի, որպեսզի ավարտեն շինաշխատանքները, իսկ ծրագիրը սկսվել է 2006-ին. ընդ որում, նմանատիպ խնդիրները վերաբերում են բոլոր դպրոցներին: Բացի այս, ՎՊ ղեկավարն ասաց, իրենց ուսումնասիրություններից պարզել են, որ դպրոցաշինության այս ծրագրի ժամանակ կառավարությունը շենքերի սեյսմակայունությանը պատշաճ ուշադրություն չի դարձրել:
Պարոն Զաքարյանը քաղաքաշինության նախարարից հետաքրքրվեց, թե մինչեւ 2016-17 թվականները հետաձգվող մի քանի դպրոցներից բացի, մյուսների ճակատագիրն ի՞նչ է լինելու, եթե այսպես շարունակվի դպրոցաշինական ծրագիրը. բյուջեի անարդյունավետ ծախսեր կլինեն:
ՎՊ նախագահի խոսքերով` «Արդեն 10 տարվա կտրվածքով 20-30 միլիոն գումարները այսօր ի՞նչ վիճակում են: 3 միլիարդի չափ գումար ծախսվել է դպրոցների վրա, 2016-17 թվերին առաջարկվելու է դրանցից շատերը քանդել, կամ ուժեղացման համար լրացուցիչ գումարների կարիք է լինելու, եւ պարզվեց, որ ներկայումս ծախսված 500-600 միլիոնը անհրաժեշտ է կրկնապատկել»:
Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն է ասաց, որ հնչեցված մտահոգություններն իրականություն են, եւ հենց այդ հանգամանքը հաշվի առնելով, 13 օբյեկտ առաջարկվում է բյուջեից հանել: Նախարարի տեղեկացմամբ` նախագծով աշխատանքները շարունակելու դեպքում դրանց մի մասը պետք է քանդվի:
Նիստին պետական գանձապետ Ատոմ Ջանջուղազյանն էլ ավելացրեց, որ ֆինանսական աջակցության տրամադրման համաձայնություն կա Եվրամիության հետ, որի նախապայմաններից մեկը կապված է մասնագիտական կրթության եւ ուսուցման հետ, կրթարանների 7-ից 5-ը ցանկի մեջ է, որոնք հանելու դեպքում Հայաստանը չի ստանա այդ տրանշի 40-50%-ը:
Այս առնչությամբ էլ Հովիկ Աբրահամյանն էլ տնավարի դիմեց պարոն Ջանջուղազյանին. «Պավլիկ Սաֆարյանը հայտարարել է, որ 2 հատ դրեք, դրել ենք 2 հատ: Դե հիմա, Ատոմ, ինձ Պավլիկը ասել է, որ 7-ից դնում ենք 2-ը եւ պահանջը լրիվ բավարարում ենք: Հիմա չգիտեմ՝ ում հավատանք»:
Գանձապետն էլ ճշտգրտեց` 7 դպրոցներից 5-ն է հարկավոր ներառել ծրագրում: «Բա Պավլիկն ասեց 7-ից 2-ն ա պետք, բյուջեի քննարկման ժամանակ ասեց: Իրոք, որ խնդիրը շատ մեծ է, եւ ես նույնպես մտահոգվեցի: Ես չեմ հասկանում, ո՞նց կարելի է դպրոցում շինարարություն սկսել՝ առանց սեյսմիկ անվտանգության խնդիրը ուսումնասիրելու»,-ասաց վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը նաեւ հետաքրքրվեց, թե ծրագրի նախագծերն արդյոք 2008 թվականից հետո չեն փոփոխվել, ինչին ի պատասխան
քաղաքաշինության նախարարը վստահեցրեց, որ վերջին անգամ նախագծեր են կատարվել նախորդ տարի, իսկ Վերահսկիչ պալատի առաջարկներն էլ որպես հիմք են ընդունել. «Ստացվում է, որ 2013- գումարը 1.4 միլիարդ է, դրանք թողնել բյուջեում նշանակում է խիստ անարդյունավետ օգտագործել պետական միջոցները»:
Նարեկ Սարգսյանի ներկայացրած նախագիծն այսօր կառավարության նիստում չհաստատվեց, Հովիկ Աբրահամյանն ասաց, որ պետք է խորհրդակցություն հրավիրել, քննարկել, որին նաեւ Վերահսկիչ պալատն էլ պիտի մասնակցի:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ