Հրանտ Դինքի ծննդյան 60-ամյակի առթիվ հիշատակի միջոցառում էր պոլսահայ խմբագրապետի անունը կրող Երևանի համար 44 դպրոցում։ «Ապրած ու չապրած տարիներ» խորագրով միջոցառմանը ներկա էին մեծաթիվ հյուրեր՝ Հրանտ Դինքի այրին՝ Ռաքել Դինքը, ընտանիքի այլ անդամներ, պոլսահայ երգչուհի Սիպիլը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, Երևանի ավագանու անդամ Աստղիկ Գևորգյանը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Գևորգ Ղազարյանը և ուրիշներ։
Դպրոցի սաները հյուրերին դիմավորել են Հրանտ Դինքի՝ իրենց նկարած դիմանկարների ցուցադրությամբ և ազգագրական երգի ու պարի ներկայացմամբ։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունել և Հրանտ Դինքի ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել է հյուրերին՝ հիշատակելով «Ակոսի» խմբագրի՝ խաղաղությունը որպես դավանանք հավատամքով գործունեությունը։
Ռաքել Դինքի խոսքով՝ շատ հուզիչ է այս կապակցությամբ գտնվել Երևանում, Հրանտ Դինքի անունն ու գործունեությունը հավերժացնել դպրոցում և երեխաների աչքերով տեսնել ու շուրթերից լսել Դինքի մասին։
Երևանի քաղաքապետարան