«Տոնուս» ընկերությունից խաբված բնակիչներն այսօր «Արցախբանկ» են գնացել իրենց բնակարանների հարցով: Բանկում իրենց խնդրով իրավասու որեւէ մեկին նրանց չի հաջողվել հանդիպել:
«Արցախբանկում» իրավասու մարդ չկար, ժամադրել են սեպտեմբերի 25-ին բանկի խորհրդի նախագահի հետ»,- Aravotam.-ին ասաց բնակիչներից Ավետիք Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ բնակիչները 2006 թ. պայմանագիր են կնքել «Տոնուսի» հետ, որ Դավիթաշեն վարչական շրջանում բնակարաններ ստանան։ Գումարները վճարել են «Արցախբանկում», իսկ հետագայում ընկերությունը ճանաչվել է սնանկ, բնակարաններն էլ հայտնվել են «Արցախբանկի» տնօրինության տակ։
Նրա պատմելով, իրենց խնդրով դեռ շոշափելի տեղաշարժ չկա, պետական գերատեսչություններում իրենց հուսադրում են ու ճանապարհում. «Ընդունում են, լսում, խոստանում են, որ կարագացնեն այս գործընթացը, տեղեկացնում են, որ բանակցություններ են տանում «Արցախբանկի» սեփականատերերի հետ:
Պահանջում ենք վերադարձնեն մեզ մեր բնակարանները, թե ինչ ճանապարհով դա կլինի, մեզ հայտնի չէ»:
Կարդացեք նաև
Բնակիչներից Հայկն էլ պատմեց, որ երեկ ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ էլ նախագահն է հուսադրել ու ճանապարհել. «Ոչ մի լուծում չի առաջարկում, ասաց` կզբաղվենք»:
Նա դժգոհեց, որ «Արցախբանկի» ղեկավարությունն էլ իրենց խոստումները չեն պահում, պատմեց, որ դեռ մայիսին խոստացել էին` մեկ ամսից շինարարությունը կվերսկսվի, բայց մեկ ամսից անցել են ամիսներ. «Արցախբանկին» բազմաթիվ առաջարկներ են արել, բայց ոչ մի առաջարկ չի ընդունվել: Ամենալավ առաջարկի մեջ էլ փորձում են իրենց շահույթը գտնել: Շահույթ են ուզում: Անգամ զրո դուրս գալը բանկին ձեռնտու չէ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ News.am-ի