Լրահոս
Օրվա լրահոսը

Սենատը միաձայն հաստատել է Ջոն Բասի թեկնածությունը որպես Թուրքիայում Միացյալ Նահանգների հաջորդ դեսպան

Սեպտեմբեր 18,2014 15:37

Վաշինգտոն- Երեկ, Սենատը 98 կողմ, 0 դեմ ձայների համամասնությամբ հաստատեց Ջոն Բասի թեկնածությունը որպես Թուրքիայի Հանրապետությունում Միացյալ Նահանգների հաջորդ դեսպան,- հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար): Ինչպես հաղորդվել է նախկինում, Բասի թեկնածությունը դարձել էր թեժ քննարկման առարկա Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Ռոբերտ Մենենդեսի, սենատորներ Բարբարա Բոքսերի, Մարք Քըրքի և մինչ իր հաստատումը Էդ Մարքիի կողմից` ամերիկահայերի մտահոգությունների վերաբերյալ:
«Մենք ողջունում ենք սենատորներ Մենենդեսին, Բոքսերին և Մարքիին Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ժխտման, Հայաստանի թուրք-ադրբեջանական շրջափակման և տարածաշրջանի վրա ազդող մյուս կարևոր խնդիրների վերաբերյալ իրենց դիրքորոշման համար»,- հայտարարեց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին` հավելելով. «Գնալով Օսմանյան կայսրությունում Միացյալ Նահանգների դեսպան Հենրի Մորգենթաուի հետքերով, ով 1915թ. աշխարհին նախազգուշացրեց Հայոց Ցեղասպանության մասին, կարևոր է, որ մեր Արտաքին ծառայության աշխատակիցները այնպիսի արտաքին քաղաքականություն իրականացնեն, որն արտացոլում է Ամերիկայի արժեքները»:

Ի հավելում Սենատի` Բասի թեկնածության քվեարկությանը, երեկ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը լսումներ է անցկացրել Ռիչարդ Միլսի և Ռոբերտ Ցեկուտայի` համապատասխանաբար Հայաստանում և Ադրբեջանում որպես Միացյալ Նահանգների դեսպաններ նշանակելու թեկնածության հարցը:

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ Եվրոպայի հարցերով զբաղվող ենթահանձնաժողովի նախագահ Քրիս Մըրֆին և ենթահանձնաժողովի բարձրաստիճան անդամ Ռոն Ջոնսոնը քննարկեցին Հայաստանում և Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի թեկնածուների հարցը:

Ենթահանձնաժողովի նախագահ Քրիս Մըրֆին նշեց, որ երբեմն Ռուսաստանը կառուցողական դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում, մինչդեռ մյուս դեպքերում` ոչ: Նա հարցրեց թեկնածուներին, թե ինչպես են նրանք դիտարկում Ռուսաստանին այս հարցի առնչությամբ: Եվ Միլս, և Ցեկուտան նշեցին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի դեսպան Ջեյմս Ուորլիքը աշխատանքային լավ հարաբերությունների մեջ է իր ռուս գործընկերոջ հետ: Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան հանդես են գալիս որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ:

ԵԱՀԿ Մինսկի խումբը «մնում է լավագույն գործընթացը» Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու հարցում,- ասել է Միլսը: Մինչդեռ Ցեկուտան հայտարարեց, որ Մինսկի խմբի գործընթացը վայելում է բոլոր կողմերի վստահությունը և ընդգծեց, որ. «Ռազմական լուծում չկա այս հակամարտությանը»: Միլսը վերահաստատեց, որ. «Ցանկացած կարգավորում կպահանջի հարգանք միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների նկատմամբ, և այս երեք սկզբունքները առանցքային կլինեն ցանկացած կարգավորման հարցում` ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն, և ժողովուրդների ինքնորոշում»:

Սենատոր Մըրֆին մտահոգություն հայտնեց Ադրբեջանում ձերբակալված անձանց թվի աճի մասին, որ կարծես քաղաքական դրդապատճառներ է ունեցել: Մըրֆին նշեց, որ վերջերս նա սենատորներ Դարբինի և Կարդինի հետ համատեղ նամակ են հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ հայտնելով իրենց մտահոգությունները: Համագումարն, իր հերթին, նույնպես մատնանշել է Ադրբեջանի հետ կապված իր մտահոգությունը նախագահ Մենենդեսին ուղղված նամակում:

Ավելի ուշ, լսումների ժամանակ սենատոր Ջոնսոնը արտահայտեց իր հիասթափությունը Թուրքիայի հետ կապված մի քանի հարցերով, այդ թվում, Թուրքիայում Միացյալ Նահանգների ավիաբազա ունենալու թույլատվության մերժումը, որն օգտագործվելու էր օգնել պայքարել իսլամական պետության նկատմամբ աճող սպառնալիքի դեմ, ինչպես նաև այն, որ Թուրքիան գնում է դեպի իսլամական, ավտորիտար կառավարման մոդել:

Լսումները եզրափակելով` սենատոր Մըրֆին նշեց, որ սեպտեմբերի 18-ին` հինգշաբթի օրը, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կարող է քվեարկություն անցկացնի` հաստատելու Միլսի և Ցեկուտայի թեկնածությունները:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930