Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կովկասն ու Կենտրոնական Ասիան հետ են մղում քաղցը

Սեպտեմբեր 18,2014 15:35

Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը՝ քաղցած մարդկանց ընդհանուր թիվը նվազեցնելու գործում տասը ամենահաջողակ երկրների թվում

Բուդապեշտ, 15 սեպտեմբերի 2014 թվական – Ըստ այսօր հրապարակված ՄԱԿ-ի զեկույցի՝ աշխարհում մոտ 850 միլիոն մարդ կամ իննից մեկը քաղցած է: Զեկույցի համաձայն՝ հաստատվել է այն միտումը, որ անցած տասնամյակի ընթացքում աշխարհով մեկ քաղցած մարդկանց թիվը նվազել է ավելի քան 100 միլիոնով, իսկ 1990-92թթ. ի վեր՝ ավելի քան 200 միլիոնով:

Ըստ զեկույցի՝ այն տասը երկրները, որոնք իրենց բնակչության թվին համամասնաբար մեծ հաջողությամբ նվազեցրել են քաղցած մարդկանց ընդհանուր թիվը, հետևյալն են՝ Հայաստան, Ադրբեջան, Բրազիլիա, Կուբա, Վրաստան, Գանա, Քուվեյթ, Սենթ Վինսենթ և Գրենադիններ, Թաիլանդ և Վենեսուելա:

«Աշխարհում պարենի վտանգավորության վիճակը» զեկույցը հրապարակվում է ամեն տարի՝ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության /ՊԳԿ/, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի /ԳԶՄՀ/ և Պարենի համաշխարհային ծրագրի /ՊՀԾ/ կողմից:

Զարգացող երկրներում քաղցի նվազեցման համընդհանուր միտումը նշանակում է, որ մինչև 2015թ. թերսնված մարդկանց համամասնությունը կիսով չափ պակասեցնելու՝ Հազարամյակի զարգացման նպատակին հասնելը մոտ է, «եթե ձեռնարկվեն պատշաճ ու անհապաղ ջանքեր», ասվում է զեկույցում: Մինչ օրս 63 զարգացող երկիր հասել է Հազարամյակի զարգացման նպատակին, ևս վեցը դրան կհասնի մինչև 2015 թվականը:

«Սա այն բանի ապացույցն է, որ մենք կարող ենք հաղթել քաղցի դեմ պատերազմում և պետք է ոգեշնչենք երկրներին՝ հարկ եղած դեպքում առաջ գնալ միջազգային հանրության աջակցությամբ», զեկույցի առաջաբանում գրել են ՊԳԿ-ի, ԳԶՄՀ-ի և ՊՀԾ-ի ղեկավարներ Ժոզե Գրացիանո դա Սիլվան, Կանայո Ֆ. Նվանզեն և Էրթարին Քազընը:

Զեկույցում նշվում է, որ սննդամթերքի հասանելիությունն արագորեն ու զգալի կերպով բարելավվել է այն երկրներում որոնք գրանցել են համընդհանուր տնտեսական առաջընթաց, մասնավորապես՝ Արևելյան և Հարավարևելյան Ասիայում: Սննդամթերքի հասանելիությունը բարելավվել է նաև Հարավային Ասիայում և Լատինական Ամերիկայում, սակայն հիմնականում այն երկրներում, որոնք ունեն համապատասխան անվտանգության ցանցեր ու սոցիալական պաշտպանվածության այլ ձևեր, այդ թվում՝ գյուղական վայրերի աղքատ բնակչության համար:

Քաղցի նվազումն արագացել է, սակայն որոշ երկրներ հետ են մնում

Չնայած ընդհանուր առմամբ նշանակալից առաջընթացին՝ մի քանի տարածաշրջաններ ու ենթատարածաշրջաններ հետ են մնում: Սահարայից հարավ գտնվող աֆրիկյան երկրներում ավելի քան չորսից մեկը մշտապես թերսնված է, մինչդեռ Ասիայում, որն աշխարհի ամենաբնակեցված տարածաշրջանն է, ապրում է քաղցածների մեծ մասը՝ 526 միլիոն մարդ:

Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում սննդամթերքի անվտանգությունը բարձրացնելու գործում արձանագրվել են ամենամեծ հաջողությունները, մինչդեռ Օվկիանիայում թերսնվածների հարցում տեղի է ունեցել համեստ բարելավում՝ անկում 1.7 տոկոսով, որը 2012-2014թթ. կազմում էր 14 տոկոս, իսկ քաղցածների թիվը 1990-92թթ. ի վեր փաստացի ավելացել է:

Թուրքիան և Ղազախստանը մինչև 2015թ. քաղցած մարդկանց համամասնությունը կիսով չափ նվազեցնելու՝ Հազարամյակի նպատակին հասած 63 երկրների թվում են:

Ընդհանուր առմամբ 25 երկիր նույնպես իրականացրել է Պարենի համաշխարհային գագաթնաժողովի առավել հավակնոտ նպատակը՝ այդ նույն ժամանակ կիսով չափ նվազեցնել թերսնված մարդկանց փաստացի թիվը: Այդ երկրների թվում են Հայաստանը, Ադրբեջանը, Բրազիլիան, Կամերունը, Չիլին, Կուբան, Ջիբութին, Վրաստանը, Գանան, Գայանան, Քուվեյթը, Ղրղզստանը, Մալին, Մյանմարը, Նիկարագուան, Պերուն, Կորեայի Հանրապետությունը, Սենթ Վինսենթը և Գրենադինները, Սամոան, Սան Տոմեն և Փրինսիփին, Թաիլանդը, Թուրքմենստանը, Ուրուգվայը, Վենեսուելան և Վիետնամը:

«Մենք գոհ ենք Կովկասի և Կենտրոնական Ասիայի անդամ երկրների գրանցած առաջընթացից», ասել է ՊԳԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ և Եվրոպայում ու Կենտրոնական Ասիայում կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցիչ Վլադիմիր Ռախմանինը:

«Սա ցույց է տալիս, որ քաղցի զգալի ու կայուն նվազեցումը հնարավոր է համապատասխան քաղաքական հանձնառության, ազգային մարտահրավերների առողջ ընկալման միջոցով տեղեկացվածության, համապատասխան քաղաքականության տարբերակների, լայն մասնակցության և ուրիշների փորձառությունից քաղած դասերի դեպքում» ասել է նա: «Անգամ մեր տարածաշրջանի որոշ երկրներում, որտեղ ոչ լիարժեք սնունդն ու թերսնումը շարունակում են մտահոգության առարկա լինել, թվային վերջին տվյալները ցույց են տալիս, որ անցած մի քանի հաշվետու ժամանակահատվածներում գրանցվել է զգալի առաջընթաց»:

«Բարենպաստ միջավայրի» ստեղծում

ՊԳԿ-ի, ԳԶՄՀ-ի և ՊՀԾ-ի զեկույցում նշված է, որ քաղցն արմատախիլ անելը պահանջում է բարենպաստ միջավայրի ստեղծում և միասնական մոտեցում: Այդօրինակ մոտեցումը ներառում է պետական ու մասնավոր ներդրումներ, որպեսզի բարձրանա գյուղատնտեսության արտադրողականությունը, հողի, ծառայությունների, տեխնոլոգիաների ու շուկաների հասանելիությունը, միջոցներ լինեն գյուղական վայրերի զարգացման ու ամենախոցելի մարդկանց սոցիալական պաշտպանվածության համար, այդ թվում՝ հակամարտությունների ու բնական աղետների նկատմամբ նրանց ճկունության զորացումը: Զեկույցում նաև ընդգծվում է սնուցման կոնկրետ ծրագրերի կարևորությունը, հատկապես մայրերի ու հինգ տարեկանից ցածր երեխաների համար սննդարար միկրոտարրերի պակասի ուսումնասիրությունը:

Որոշակի դեպքի ուսումնասիրություն

Այս տարվա զեկույցը ներառում է հինգ դեպքի ուսումնասիրություն՝ Բոլիվիա, Բրազիլիա, Ինդոնեզիա, Մադագասկար, Մալավի և Եմեն, որոնք վեր են հանում քաղցի դեմ երկրների պայքարի ուղիները, ինչպես նաև այն հանգամանքը, թե արտաքին իրադարձություններն ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ պարենի անվտանգության ու սնուցման նպատակների վերաբերյալ որոշումներ կայացնելու՝ նրանց կարողությունների վրա: Երկրներն ընտրվել էին ըստ իրենց քաղաքական, տնտեսական ու մշակութային բազմազանության:

Օրինակ՝ Բոլիվիան ստեղծել է ինստիտուտներ, որոնց նպատակը մի շարք շահագրգիռ կողմերի, մասնավորապես, նախկինում լուսանցքում հայտնված բնիկների ներգրավումն է:

Բրազիլիայի «Զրո քաղց» ծրագիրը, որը կառավարության օրակարգի առանցքային հարց է համարում պարենի անվտանգությանը հասնելը, այն առաջընթացի կենտրոնն է, որն օգնել է երկրին՝ իրականություն դարձնել և Հազարամյակի զարգացման, և Պարենի անվտանգության ծրագրի նպատակները: Երկրում ծայրահեղ աղքատությունն արմատախիլ անելու ընթացիկ ծրագրերը հիմնված են այն մոտեցման վրա, որի համաձայն ընտանեկան ֆերմաներն ու սոցիալական պաշտպանվածությունը կապ ունեն մեկը մյուսի հետ:

Հաիթին, որտեղ բնակչության ավելի քան կեսը մշտապես թերսնված է, դեռևս պայքարում է 2010թ. ավերիչ երկրաշարժի հետևանքների դեմ: Զեկույցում նշված է, թե ինչպես է երկիրն ընդունել ազգային ծրագիր, որը կոչված է զորացնելու տնտեսությունները և բարելավելու գյուղատնտեսության արտադրողականությունը՝ արտադրության գործոնների և ծառայությունների հասանելիությունը փոքր ընտանեկան ֆերմաների համար ապահովելու միջոցով:

Ինդոնեզիան ունի իրավական դաշտ, պարենի անվտանգությունը և սնուցումը բարելավելու նպատակով ստեղծել է կառույցներ: Երկրի քաղաքականության համակարգման մեխանիզմները ներառում են նախարարություններ, ՀԿ-ներ և համայնքների ղեկավարների: Միջոցառումների շնորհիվ բարձրացվում է խնդիրների լայն շրջանակ՝ գյուղատնտեսության արտադրողականության աճից մինչև սննդարար ու անվտանգ սննդակարգեր:

Մադագասկարը վեր է հառնում քաղաքական ճգնաժամից ու վերսկսում է իր հարաբերությունները միջազգային զարգացման գործընկերների հետ, որի նպատակն աղքատությունն ու թերսնումը հաղթահարելն է: Երկիրը նաև գործակցում է ցնցումների ու կլիմայական վտանգների՝ ցիկլոնների, երաշտի ու մորեխների ներխուժման դեմ պայքարելու հարցում, որոնցից կղզու բնակչությունը հաճախ է տուժում:

Եգիպտացորենի արտադրության ուժեղ ու համառ հանձնառության շնորհիվ Մալավին հասել է ՀԶՆ-ի քաղցի դեմ պայքարի թիրախին: Այդուհանդերձ անբավարար սնունդը շարունակում է հիմնախնդիր մնալ՝ հինգ տարեկանից ցածր երեխաների հիսուն տոկոսի աճը դանդաղում է, իսկ 12.8 տոկոսի քաշը պակաս է: Հարցը լուծելու նպատակով կառավարությունը խրախուսում է սնուցման գործում համայնքների ներգրավվածությունը, որպեսզի արտադրությունը դառնա բազմազան՝ /բանջարեղեն, կաթ/, զարգանան ձկնային տնտեսություններն ու ակվամշակույթները, սննդակարգերն առավել առողջ դառնան, ավելանան տնային տնտեսությունների եկամուտները:

Հակամարտությունները, տնտեսական անկումը, գյուղատնտեսության ցածր արտադրողականությունը և աղքատությունը Եմենը դարձրել են աշխարհում ամենաանապահով սնունդ ունեցող երկրներից մեկը: Բացի քաղաքական անվտանգությունը և տնտեսական կայունությունը վերականգնելուց՝ կառավարությունը նպատակ ունի մինչև 2015թ. մեկ երրորդով նվազեցնել քաղցը, իսկ մինչև 2020թ. բնակչության 90 տոկոսի համար սնունդն անվտանգ դարձնել: Կառավարությունը նաև նպատակ ունի տարեկան առնվազն մեկ տոկոսային կետով նվազեցնել երեխաների անառողջ սննդի ներկայիս վտանգավոր տեմպերը:

«Աշխարհում պարենի վտանգավորության վիճակը» զեկույցի 2014թ. հրատարակության արդյունքներն ու առաջարկությունները կքննարկվեն կառավարությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչների կողմից Հռոմում, ՊԳԿ-ի կենտրոնակայանում Պարենի համաշխարհային անվտանգության հանձնաժողովի՝ հոկտեմբերի 13-18-ը տեղի ունենալիք նիստում:

Զեկույցը կլինի նաև նոյեմբերի 19-21-ը Հռոմում Սնուցման հարցերի երկրորդ միջազգային համաժողովի ուշադրության կենտրոնում: Այդ համաժողովը կազմակերպված է ՊԳԿ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ ուժերով: Սույն բարձր մակարդակի միջկառավարական նիստի նպատակը նորացված քաղաքական հանձնառությունն է, որպեսզի գլոբալ մակարդակով պայքար մղվի թերսնման դեմ՝ իբրև ընդհանուր նպատակ ունենալով սննդակարգերի բարելավումը և սնուցման մակարդակի բարձրացումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930