Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը և ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը հայտարարեցին, թե հոկտեմբերի 10-ի հանրահավաքից ակնկալիքներ չունեն: «Ընդդիմության տեղը թափուր է»,- հայտարարեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը: Ըստ նրա` ընդդիմություն հասկացությունն այլ պիտի լիներ, այն պիտի լիներ՝ այլընտրանք այն ամենին, ինչ ասում է նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ նրա` ընդդիմությունը ծրագրեր չունի, ունի հին ծրագրեր, որոնք հնացած, ժամկետանց են. «Ընդդիմությունը մեր երկրում խայտաբղետ է, հայտարարում էին, որ թեժ աշուն է սպասվում, իսկ հիմա տեսնում ենք, թե ինչ նկատի ունեին։ Նրանց այդ թեժ աշունը հօդս ցնդեց»:
Անդրադառնալով իշխանության վարած քաղաքականությանը` պարոն Արշակյանն ասաց. «Քաղաքական դաշտում իշխանության դիրքորոշումը եթե ձևակերպեինք 3 կետանոց հռչակագրով, առաջին կետը կոդավորված է, փակ է, երկրորդը՝ կոդավորված, երրորդը գրված է՝ մեր հոգսը ձեր անվտանգությունն է ու փոքրիկ աստղիկ է դրված, աստղիկի տակ կոդի բանալին է, գրված է առաջին կետ՝ տես՝ Լենին-Աթաթուրք պայմանագիրը: Ես կարծում եմ՝ առաջինը պետք է լինի պայքար կոռուպցիայի դեմ: Երկրորդ կետի բանալին էլի տրված է՝ «եթե-ապա»՝ տես՝ Մոլդովա-Ուկրաինա-Վրաստան- Ադրբեջան»:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հավանական վերադարձի առիթով պարոն Արշակյանն ասաց. «Չեմ ուզում, որ երկիրը հայտնվի այնպիսի իրավիճակում, որ իրենց առաքելությունը ավարտած քաղաքական գործիչները նորից վերադառնան` լինի Քոչարյանը, Տեր-Պետրոսյանը, թե Վլադիմիր Մովսիսյանը»:
Հովհաննես Իգիթյանին հետաքրքրում է, թե հանրահավաքի մյուս կողմում ովքե՞ր են կանգնած, քանի որ քաղաքական պահանջները, ի վերջո, ուղղված են հասարակությանը. «Այդ հանրահավաքին ես մեծ կարևորություն չեմ տալիս: Քառյակը 12 կետանոց պահանջ ներկայացրեց իշխանություններին, և այդ չորս ամիսների ընթացքում, եթե հասարակության մեջ քննարկումներ չեն եղել դրանց վերաբերյալ, կուսակցությունները ոչինչ անել չեն կարող: Կուսակցությունները սպասում են, որ հասարակությունը մի շարժում անի, իսկ իրենք գնան և կանգնեն նրանց կողքին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ