Հինգերորդ տարին է, ինչ Հայաստանում անցկացվում է «Երկրները` մեկ հարկի տակ» փառատոն-ցուցահանդեսը, որը նպատակ ունի զարգացնել կապերը Հայաստանի, սփյուռքահայ եւ արտերկրյա գործարարների միջեւ:
«Միջազգային գործարար կապերի աջակցման կենտրոն» հ/կ նախագահ Մարիամ Մանուկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հենարան» մամուլի ակումբում նշեց, որ ցուցահանդեսում կներկայացվեն 30 պետությունների (Հնդկաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Ռումինիա եւ այլն) ապրանքներ: «Միջոցառումը հնարավորություն է ընձեռում մասնակիցներին ցուցահանդես-վաճառքի ընթացքում լավագույնս ներկայանալու եւ ներկայացնելու սեփական արտադրանքը»,-ասաց Մարիամ Մանուկյանը՝ հավելելով, որ փառատոնին մասնակցելու են նաեւ ՀՀ-ում գործող դեսպանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած գործարարներ:
Ըստ հ/կ նախագահի՝ փառատոնը բարեգործական է. «Տարածքում դրվելու են արկղեր, որտեղ կարելի է հանգանակել ցանկացած գումար, որը կտրամադրվի հալեպահայերի հայրենակցական միությանը: Ստեղծվել է ցուցակ, ըստ որի եւ կլինի հանգանակության բաշխումը»,-ասաց բանախոսը՝նշելով, որ հալեպահայերին կտրամադրվի նաեւ ցուցահանդես-վաճառքից ստացված գումարի որոշ մասը:
Մարիամ Մանուկյանը տեղեկացրեց նաեւ, որ փառատոնի երկու օրերի ընթացքում հնչելու է մասնակից երկրների մշակութային երգն ու պարը. «Լինելու է նաեւ մրցանակաբաշխություն, որի ընթացքում մասնակից ընկերությունները կարժանանան տարբեր անվանակարգերի մրցանակների»:
Պերճուհի ԳԵՎՈՐԳՅԱՆ