Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Եկեղեցական-ներկայացուցչական ժողովը

Սեպտեմբեր 18,2014 15:03

Սեպտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Եկեղեցական-ներկայացուցչական հինգերորդ ժողովը, որին մասնակցում են Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների ներկայացուցիչները, Հայրապետական պատվիրակությունների, Հայաստանի և Սփյուռքի թեմերի առաջնորդներն ու աշխարհական պատվիրակները, Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսները, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամները:

Ժողովը բացվեց Տերունական աղոթքով: Բացման խոսքով հանդես եկավ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը` հանգամանորեն անդրադառնալով եկեղեցական-ներկայացուցչական ժողովի աշխատանքների կարևորությանը` ուղղված Հայ Եկեղեցու պայծառությանն ու առաքելության արգասավորմանը:

Ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական իր պատգամն ուղղեց Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի մասնակից 155 պատվիրակներին:

«Սիրելի hոգևոր Հայրեր,
Սիրեցյալ հավատավոր զավակներ Մեր,
Հոգու բերկրությամբ ողջունում ենք ձեզ ազգիս նվիրական հոգևոր կենտրոնում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որի օրհնաբաշխ հովանու ներքո Աստծո կամոք վերստին համախմբվել ենք Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի` այս նոր, ընդլայնված կազմով: Ողջունում ենք ներկայությունը Նվիրապետական մեր Աթոռների ներկայացուցիչների` Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունը ներկայացնող Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին:
Մենք մեծապես կարևորում ենք մեր Եկեղեցու Նվիրապետական Աթոռները և աշխարհասփյուռ մեր թեմերը ներկայացնող այս ժողովի գործունեությունը, որը պիտի զբաղվի Հայ Եկեղեցու ժողովական կառույցների կանոնադրությունների մշակման, ներեկեղեցական կյանքի կազմակերպման և եկեղեցական հոգեխնամ առաքելության լավագույնս արդյունավորման հարցերով: Այս առումով կարևորում ենք նաև նախորդ տարի մեր Եկեղեցու` Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության եպիսկոպոսաց աննախադեպ ժողովի գումարումը, որը նույնպես պիտի դառնա պարբերական` զորացնելով տիրավանդ մեր առաքելությունը: Արդի ժամանակների նոր պայմանները և մարտահրավերները բերում են եկեղեցական ոլորտում առավել կազմակերպված ու հետևողական գործունեության հրամայականը: Այսօր մեր ժողովրդի հոգևոր- եկեղեցական կյանքում հառնած խնդիրները կարիքն ունեն հրատապ լուծման և միասնական առավել քաջեռանդ գործունեության և գործակցության:
Սիրելիներ, Եկեղեցու կենսունակության և զորության ակունքները բխում են անխորտակ վեմից քրիստոսապատվեր սիրո, որը միմյանց է շաղկապում ու միավորում Եկեղեցու յուրաքանչյուր զավակի, համայնքի յուրաքանչյուր անդամի սիրտը, կյանքն ու գործերը: Այսպես և եկեղեցական մեր կառույցների գործունեությունը, ինչպես և` դժվարություններն ու մարտահրավերները հաղթահարելու ջանքերը շարունակ պիտի իրագործվեն միմյանց հանդեպ սիրո և ծառայության ոգով, որի վերաբերյալ մեր Տերը հանձնարարեց. «Ձեզնից ով կամենա մեծ լինել, թող լինի ձեր սպասավորը. և ձեզնից ով կամենա առաջին լինել, բոլորին ծառա թող լինի. որովհետև մարդու Որդին էլ չեկավ ծառայություն ընդունելու, այլ` ծառայելու» (Մարկ. 10.43-45): Եղբայրական սիրո և միմյանց հանդեպ նախանձախնդրության այս ոգին պիտի դարձնենք ուժն ու լծակը հոգևոր-եկեղեցական և ազգային մեր կյանքի բարեփոխման ու զորացման, որին կոչված է նաև այս ժողովը:
Ժողովի գործունեությունն առավել կազմակերպված և արդյունավետ իրականացնելու նպատակով օրակարգում ներառնված է նաև Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կանոնադրության նախագծի քննարկումը: Ժողովի օրակարգում է շարունակում մնալ նաև Թեմական կանոնադրության ուղենշային փաստաթղթի ներդրման գործընթացին վերաբերող հարցը: Գնահատանքով անդրադառնալով այս ուղղությամբ կատարված աշխատանքներին, պիտի արձանագրենք, որ տակավին ավարտին չեն հասել թեմական կանոնադրությունների բարեփոխման աշխատանքները` համաձայն Թեմական-ներկայացուցչական ժողովի կողմից հաստատված կանոնադրության ուղենիշի: Եկեղեցական կյանքի կանոնակարգման հապաղումները տկարացնում են Եկեղեցու առաքելությունը` շարունակելով տեղիք տալ կամայական դրսևորումների: Վերստին ընդգծենք, որ կանոնադրության ուղենիշը հիմնված է մեր եկեղեցական իրավունքի ու կանոնների վրա և երբեք չի սահմանափակում թեմերի իրավասություններն ու լիազորությունները: Նախորդ տարիներին այս առումով հնչել են թյուր մեկնաբանություններ, դրսևորվել անհարկի կասկածամտություն, որոնք արդյունք են մեր Եկեղեցու կանոնական դրույթներին, ինչպես և առաջարկվող ուղենիշի սկզբունքներին անտեղյակության, նաև հարմարվողականության հոգեբանության և ամրագրված կարծրատիպերի: Մինչ օրս իրականացվել են բացատրական և տեղեկատվական ընդգրկուն աշխատանքներ: Ներկայիս այլևս անհասկանալի և անընդունելի է որոշ թեմերում Թեմական կանոնադրության ուղենիշի որդեգրման գործընթացի անավարտ վիճակը, և հարկ է պատշաճ նախանձախնդրություն դրսևորելովª մոտ ժամանակներում ավարտին հասցնել աշխատանքները:

Անհրաժեշտ ուշադրություն պետք է դարձվի նաև այն իրողությանը, որ թեմական-համայնքային մեր կյանքը մեծ ազդեցություն է կրում մեր ժողովրդի տեղաշարժերից: Համայնքները համալրվում են նոր անդամներով, սակայն տարիներ շարունակ ընթացող այս փոփոխությունները չեն արտացոլվում թեմական կառույցների գործունեությունից ներս: Առկա է համայնքի անդամների անհամաչափ ներգրավվածություն թեմական գործընթացներում: Կարող ենք արձանագրել, որ հաճախ թեմի տարածքում բնակվող հայորդյաց թվի համեմատ բավական նվազ է հոգևոր-եկեղեցական կյանքին, միջոցառումներին ու ձեռնարկներին նրանց մասնակցությունը: Այս խնդիրների առջև անհրաժեշտ է առավել զորացնել քարոզչությունը, հոգեխնամ առավել ընդգրկուն գործունեություն ծավալել, Եկեղեցու գործուն անդամների շարքերում ներգրավել թեմի կամ ծուխի հոգևոր իրավասության ներքո ապրող և դեռևս եկեղեցական կյանքին միայն մասնակիորեն հաղորդակցվող հայորդյաց: Սփյուռքում շարունակում են մտահոգող մնալ նոր սերնդի ազգային գիտակցության պահպանման, մայրենի լեզվի իմացության ու գործածության, խառն ամուսնությունների մարտահրավերները: Անհրաժեշտ է նոր ծրագրեր իրագործել` երիտասարդներին ազգայինի ծիրից ներս պահելու, հոգևոր և ազգային արժեքներով դաստիարակելու և կրթելու ուղղությամբ:
Մեր օրերի աշխարհայնացման ընթացքները, բարոյական ընկալումների հաճախակի աղավաղումը, հասարակության կյանքում քրիստոնեության ունեցած կարևոր դերի գիտակցման նվազումը ավերիչ ներգործություն են ունենում նոր սերնդի աշխարհընկալման ու հավատքի հարցերում: Արդարև, յուրաքանչյուր թեմում ունենք եկեղեցասեր երիտասարդաց կազմակերպություններ, Մայր Աթոռի հովանու ներքո ստեղծվել է բոլոր թեմերից երիտասարդներ ընդգրկող Հայ Եկեղեցասեր Երիտասարդաց կազմակերպությունը, գործում են կիրակնօրյա դպրոցներ, Հայորդյաց տներ: Կատարված աշխատանքներով հանդերձ` հարկ է մեծ ջանքեր ներդնել Հայաստանում և Սփյուռքում մեր Սուրբ Եկեղեցու առաքելության մեջ երիտասարդներին լայնորեն ներգրավելու, նրանց հոգևոր-կրոնական գիտելիքները, հավատքն ու նախանձախնդրությունը զորացնելու համար:

Առաջիկա տարի ազգովի նշելու ենք Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Խնկարկելու ենք մեր նահատակների հիշատակի առջև` ամրանալով մեր կամքի ու հավատի մեջ` արդար ավարտի հասցնելու մեր դատը: Մեծ տարելիցը ջանալու ենք դարձնել ազգային մեր կյանքի զորացման և Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչման ազդակ ու հանգրվան: Այս առիթով մեր Եկեղեցին պիտի կատարի մեր անմեղ զոհերի սրբադասումը: 2015 թ. Սուրբ Էջմիածնում կատարելու ենք նաև սրբազան Մյուռոնի օրհնություն` ի մխիթարություն մեր ժողովրդի և ի զորացում մեր հավատքի ու քրիստոնեական արժեքների, մեր ժողովրդի միասնականության և Մայր Աթոռի ու Մայր հայրենիքի շուրջ համախմբման:

Սիրելիներ, քաջ գիտեք, որ մեր Սուրբ Եկեղեցու փրկարար առաքելության անբաժան մասն է հայապահպան և հայրենաշեն գործունեությունը, որի իրականացմանը Աստծո օրհնությամբ իրենց նպաստն են բերում աշխարհասփյուռ մեր թեմերի բազում հավատավոր հայորդիներ: Մեր ժողովրդի հոգում անքակտելիորեն կապված են հավատքի եռանդը և հայրենիքի սերը, որոնք միշտ արթուն ու վառ պիտի պահպանենք: Անտարակույս է, որ մեր լուսավոր ապագան պիտի կերտենք հայրենի պետականության ամուր հիմքերի վրա: Ազգային պետականությունն է այն բարեբեր հողը, որի վրա ժողովուրդները բացահայտում և դրսևորում են իրենց հոգևոր ներուժը, կայանում իրենց ինքնությամբ, կյանքի կոչում իրենց իդեալները: Ներկայիս մեր հայրենիքը անկախության երկու տասնամյակների ձեռքբերումներով հանդերձ` կանգնած է նաև տնտեսական, սոցիալական խնդիրների ու դժվարությունների, քաղաքական մարտահրավերների առջև: Վերջին ամիսներին Արցախի և Հայաստանի սահմաններում հրադադարի խախտման բազմաթիվ դեպքերը վկայեցին, թե որքան անկայուն է խաղաղությունը: Մեր ժողովրդին հուզում են արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման, Հայաստանի անօրինական շրջափակման վերացման, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման հիմնախնդիրները, Մերձավորն Արևելքում, Սիրիայում, Իրաքում և Ուկրաինայում հակամարտության մեջ հայտնված մեր համայնքների, հայորդիների խնդիրներն ու դժվարությունները, որոնց մասին մեր Եկեղեցին բարձրաձայնում է միջեկեղեցական ատյաններում, դրանց միջոցով իր ձայնը լսելի դարձնում պետությունների, միջազգային կազմակերպությունների պատասխանատու այրերին, ինչպես և մշտահունչ հորդորում ու քաջալերում է համայն հայությանը` միասնական ուժերով լուծելու ազգային հիմնախնդիրները: Ներկայացուցչական այս ժողովը կոչված է նաև խորհելու և քնննարկելու Հայրենիքին սատարելու, համազգային կյանքում առկա խնդիրները լուծելու վերաբերյալ այն ծրագրերն ու առաջարկները, որոնք կարող ենք իրականացնել մեր Սուրբ Եկեղեցու և եկեղեցական կառույցների միջոցով:
Հավատում ենք, որ Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի գործունեությունը նպաստելու է մեր Սուրբ Եկեղեցու առաքելության արգասավորմանը, մեր ժողովրդին հուզող հարցերին հրատապ անդրադառնալով, առաջարկներ ու ծրագրեր ներկայացնելով և համապատասխան որոշումներ կայացնելով աջակցելու է Ազգային-եկեղեցական ժողովի աշխատանքներին` միասնական առաքելությամբ նոր ձեռքբերումներ արձանագրելու ազգային-եկեղեցական կյանքում:

Աղոթում ենք ի խորոց սրտի, որ Սուրբ Հոգու առաջնորդությամբ բազմարդյուն լինի ընթացքը այս ժողովի, և Բարձրյալն Աստծո զորակցությունն ու աջակցությունը ուղեկից լինեն մեզ հավատավոր մեր ժողովրդին սպասավորության ճանապարհին: Հայցում ենք, որ Ամենակալ Տերը խաղաղություն ու առաջընթաց շնորհի համայն հայությանը և մեր Մայր Հայրենիքին և Իր ամենախնամ Սուրբ Աջով միշտ անսասան ու պայծառ պահի Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին:

Շնորհք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղեցին ընդ ձեզ և ընդ ամենեսեան. ամէն», – ասաց Նորին Սրբությունը:

Հայրապետական օրհնությունից ու պատգամից հետո Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի անունից ժողովականներին ողջունեց Պատրիարքության ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը: «Հավաքված ենք այստեղ միասնաբար քննարկելու հույժ կարևոր եկեղեցական և ազգային հարցեր, որոնք լուծման կարոտ են: Ցանկալի է, որ այդ հարցերին մոտենանք խորը գիտակցությամբ և լրջությամբ ի շահ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և համայն հայ ժողովրդի», – ասաց Արիս Սրբազանը` անդրադառնալով նաև Միջին Արևելքի երկրներում տիրող անհանգիստ իրավիճակին, որը վտանգում է նաև հայ քրիստոնյաների ներկայությունը Միջին Արևելքի այդ երկրներում:
Ժողովականներին ողջունեց նաև Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը` գոհություն հայտնելով Երկնավորին, որ առիթ է ընծայել մեկ անգամ ևս համախմբվելու Մայր Աթոռի հովանու ներքո: «Նման ժողովների գումարումները շատ կարևոր իրադարձություններ են, մանավանդ ներկայումս, երբ Հայ Եկեղեցին առավել քան երբևէ կարիք ունի դրսևորելու միասնականությամբ զորացած կեցվածք` դիմադրելու համար այլազան անբաղձալի հոսանքների ավերիչ զորությանց: Դարձյալ` նման ժողովներն իրենց գոհացուցիչ արդյունքները կունենան, երբ կծառայեն Հայ Եկեղեցու գոնե մեկ անդամի հավատքի ամրապնդմանը և հոգևոր կյանքի շինությանը», – նշեց Արամ Սրբազանը` այս ժողովն արտահայտությունը նկատելով Եկեղեցու հոգևորական և աշխարհական դասերի միասնականության, որով ժողովականներն առ Աստված ապավինությամբ պետք է աշխատեն` ի մտի ունենալով Հայ Եկեղեցու անսասանությունն ու բարեկարգությունը, հոգևոր բարգավաճումն ու զորացումը:

Ժողովի բացմանը հետևեց դիվանի և հաշվիչ հանձնախմբի ընտրությունը: Քվեարկության արդյունքում ժողովի ատենապետերի պաշտոնը ստանձնեցին Տավուշի թեմի առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը և դոկտոր Վարուժան Ալթըբարմաքյանը (ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմ), փոխատենապետեր ընտրվեցին Վայոց Ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը և տիար Հովհաննես Հովհաննիսյանը (Մեծ Բրիտանիայի հայոց թեմ): Հաշվիչ հանձնախմբի անդամ ընտրվեցին Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը, Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի հայրապետական պատվիրակ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանը, դոկտոր Լին Չետին (ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ) և տիկին Ռուզաննա Չոփիկյանը (Արթիկի թեմ):

Եռօրյա ժողովի օրակարգում կքննարկվեն Թեմական կանոնադրության ուղենշային փաստաթղթում փոփոխություններ կատարելու հարցը, ինչպես նաև Թեմական ուղենշային փաստաթղթի թեմական կանոնադրություններում ներդրման արդյունքները և Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կանոնադրության նախագիծը: Ժողովին իրազեկում կտրվի Մայր Աթոռի կողմից հայաշատ կենտրոններում կազմակերպվող Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների և Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման գործընթացի մասին:

Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930