Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչյա Ռոստոմյան. «Եթե մարզիկը մի քանի մրցում իրար հետեւից պարտվում է, ավելի լավ է հավաքական չընդգրկվի»

Սեպտեմբեր 18,2014 13:30

Հրաչյա Ռոստոմյանի մոտ հրավիրված հանդիպման ժամանակ Aravot.am-ը հետաքրքրվեց նաեւ հունահռոմեական ըմբշամարտում գերծանր քաշային կարգում առկա խնդրով:

– Տաշքենդից վերադառնալուց հետո հրավիրված մամուլի ասուլիսում հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հայտարարեց, որ շատ դժգոհ է գերծանր քաշային Վաչիկ Եղիազարյանի մասնակցությունից եւ ասաց, որ ավելի լավ է 130 կգ քաշային կարգում ներկայացուցիչ ընդհանրապես չունենանք:

– Լեւոն Ջուլֆալակյանի այդ հայտարարության հետ համամիտ եմ: Եթե պայքարելով ես պարտվում, կամ երկու-երեք մրցման լավ ես մասնակցում ու մեկում պարտվում ես, նորմալ է: Բոլորս էլ միս ու արյունից ենք: Իսկ եթե երեք-չորս մրցում իրար հետեւից պարտվում ես, ճիշտն ասեմ՝ ավելի լավ է չտանենք: Ոչ ոք մեզ չի պարտադրում:

– Ենթադրելի է, որ հունահռոմեականում էլ գերծանր քաշային կարգը թափուր է մնալու: Բայց մենք այդ քաշային կարգում ունեինք Յուրի Պատրիկեեւ, որը «անհետացել է»: Նրանից որեւէ տեղեկություն կա՞:

– Իմ ունեցած տեղեկությունները սահմանափակ են: Իմ գիտենալով՝ նա Լոնդոնի օլիմպիական խաղերից հետո անձնական ինչ-որ խնդիրներ ունի: Բայց մերթ ընդ մերթ մարզվում է: Թե Պատրիկեեւի հետագա աշխատանքը Հայաստանի հավաքականի հետ ինչպե՞ս կլինի, պատասխանել չեմ կարող: Սակայն ուրախալի մի լուր պիտի ասեմ: Մեր երիտասարդական հավաքականում կա այդ քաշային կարգի մի տղա, որին, Լեւոն Ջուլֆալակյանի խոսքերով՝ մեծ ապագա է սպասվում: Վստահ եմ, որ այդ երիտասարդին ավելի շատ մրցումներ գործուղելու, մեծահասակների մարզումներին ու հավաքներին ավելի շատ ընդգրկելու դեպքում արդյունք կունենանք:

Ի դեպ, ծանր քաշային կարգը լուրջ խնդիր է ամբողջ աշխարհում: Տեսեք, Տաշքենդում Ռուսաստանի պես հզոր ըմբշամարտ ունեցող երկիրը դասական ոճի այդ քաշային կարգում հայտավորել էր ազատ ոճային, օլիմպիական խաղերի մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն Բիլիալ Մախովին:

– Պարոն Ռոստոմյան: Մի ժամանակ, երբ դրսից մի քանի ըմբիշներ հրավիրվեցին Հայաստանի հավաքականներ, որոշ մասնագետներ դժգոհում էին, թե դա կարգելակի մարզաձեւի զարգացումը հանրապետությունում: Մարզիկները, տեսնելով, որ հավաքականի համապատասխան քաշային կարգերը ի սկզբանե համալրված են, կամ կհեռանան, կամ կմարզվեն հենց այնպես: Հիմա այդպիսի մտավախություն չկա՞:

– Դրսից մարզիկներ հրավիրելու թեման դեռ լուրջ քննարկումների առարկա է ու վերջնական որոշում դեռ չի կայացվել: Եթե անգամ դրսից ըմբիշներ հրավիրվեն, դա չի նշանակելու, թե հավաքականում իրենց տեղը նախապես ապահովագրված է: Դրա օրինակներն ունենք: Նույն Միհրան Հարությունյանը հունահռոմեական ըմբշամարտում, որ եկել է Ռուսաստանից, Տաշքենդ մեկնեց միայն այն պատճառով, որ իր քաշային կարգում Հայաստանի չեմպիոն դարձավ, այլ ոչ թե նրա համար, որ դրսից է եկել: Այսինքն՝ ուժեղ էր: Ինչ վերաբերում է տեղում ըմբշամարտը խոչընդոտելուն, այն ժամանակ դրսից հրավիրված ըմբիշը ստանում էր իքս գումար, իսկ տեղի մարզիկը՝ մի քանի անգամ քիչ: Հիմա այդպիսի խնդիր չկա. Դրսից հրավիրվածին տալիս ենք այնքան, որքան այստեղի մարզիկին: Եվ մի բան էլ: Դրսից մարզիկ հրավիրելը վատ բան չի: Եթե լավ մարզիկ ես կանչում, նրա հետ մարզվելով՝ մեր երեխաներն էլ են աճում: Այնպես որ, կարծում եմ, խնդիր չի լինի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930