ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը խուսափում է քառյակի գործունեությունը համարել պառակտված:
«Բոլոր դեպքերում պառակտում գաղափարը բացասական եմ համարում ու չեմ ցանկանում պառակտում որակել: Քառյակի գործունեությունը առաջիկայում նույնպես պետք է պետության զարգացմանը նպատակաուղղվի: Ինչ վերաբերում է երեկ տեղի ունեցած իրադարձությանը, որ ՀՅԴ-ն չի մասնակցելու այդ հանրահավաքին, կարծում եմ, որ հարյուրամյակից ավելի հաջողություն ունեցող այդ կառույցը նաեւ քաղաքական գրագետ հեռատեսություն կարող է դրսեւորել ու իրենք հիմնավորեցին իրենց չմասնակցելու պատճառները: Այնպես որ, արտառոց ոչինչ տեղի չի ունենում»,- այսօր «Ֆորում» ակումբում ասաց պարոն Վարդապետյանը:
Պատգամավորը նաեւ չցանկացավ գնահատել, թե քառյակից որ ուժերն ավելի սկզբունքային մնացին հատկապես Սահմանադրական բարեփոխումների հարցում. «Այս երեւույթը չեմ ցանկանում սկզբունքայնություն վերնագրել, տվյալ քաղաքական ուժի որոշումն է: Չեմ գնահատի մեկի սկզբունքայնությունը բարձր գնահատել, մյուսինը՝ թերագնահատել, իրենց քաղաքական որոշումն է»:
Հարցին, թե ՀՅԴ-ի գրագետ հեռատեսությունը իշխանության կողմն անցնե՞լն էր, ասաց՝ թույլ տվեք չպատասխանեմ. «Իշխանությունները հակված են քաղաքական բոլոր ուժերի հետ կառուցողական հարաբերություններ զարգացնել»:
Կարդացեք նաև
Հարցին՝ հնարավո՞ր է Եռյակի հանրահավաքը իշխանափոխության սկիզբ դառնա, ասաց, իշխանափոխության լուրջ նախադրյալներ չի տեսնում. «Ժամանակավրեպ է ու իրատեսական տարրեր չի պարունակում: Իշխանությունները գործում են իրենց բնականոն ընթացքով, եւ տեղի են ունենում բարեփոխումներ, նոր հաջողությունների գրանցումներ, այսօր իշխանափոխության անհրաժեշտությունը չկա»:
Նա դժվարացավ ասել, թե հնարավո՞ր է, որ ՕԵԿ-ի հետ կոալիցիա կազմեն. «Այդ պայծառատեսությունը չեմ կարող այս պահին դրսեւորել ու մարգարեանալ, իսկ քաղաքականության մեջ հնարավոր է այն ամենը, ինչ հնարավոր է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ