Մի քանի մարզական լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը խոսելով հատկապես ազատ ոճի ըմբշամարտում կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերով աշխատելու անհրաժեշտության գաղափարի մասին՝ ասաց, որ դրանք պետք է համատեղել:
«Ազատ ոճի ըմբշամարտը մեր հենակետային մարզաձեւերից է եւ մենք Ռիո դե Ժանեյրոյում նրանցից լավ արդյունքներ ենք սպասում: Եթե միայն երկարաժամկետ ծրագրի մասին մտածենք, ապա այսօրվանից կարելի է ենթադրել, որ Ռիոյում դրական արդյունք դժվար թե լինի: Այո, ազատ ոճում ներուժ կա: Դավիթ Սաֆարյանը, Մուսա Մուրթազալիեւը, Գարիկ Բարսեղյանը 2016-ին լավ մասնակցելու ներուժ ունեն եւ պետք չէ միայն աշխարհի այս առաջնությունով նրանց վրա խաչ քաշել: Մի կողմից էլ «լավ է», որ, եթե կարելի է ասել, ձախողումը հիմա եղավ: Մենք մեկ տարի ունենք աշխատելու եւ վստահ եմ, որ Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ թիմը լավ կմասնակցի:
Բայց իմ, ըմբշամարտի ֆեդերացիայի համար մտահոգությունն այն է, որ պատանիների ու երիտասարդների մեջ արդյունքներ չենք տալիս: Հետեւաբար, ինչպե՞ս կարող ենք այդ մարզաձեւում ապագա ունենալ: Եթե մենք այդ ծրագրերը այսօր չսկսենք, նույն վիճակի առջեւ կանգնելու ենք 2018 թվականին՝ հաջորդ օլիմպիական խաղերի շեմին: Այն ժամանակ էլ դուք շատ ճիշտ հարց կտաք, թե այն ժամանակ, որ այդքան խոսում էիք, ինչի՞ ոչինչ չարեցիք: Դրա համար երկարաժամկետ ծրագրի աշխատանքները կատարելով՝ միեւնույն ժամանակ պիտի կարճաժամկետով էլ զբաղվենք: Ես հիմա տվեցի երեք քաշային կարգի ըմբիշների անուններ: Բայց մարզական լեզվով ասած՝ «դատարկ քաշային կարգեր» էլ ունենք, որոնք համալրել է պետք: Որտեղի՞ց, ինչպե՞ս: Երիտասարդների՞ց: Բայց ո՞ւր են նրանք: Այստեղ է մեր գլոբալ խնդիրը: Ու գուցե պետք է դրսից մարզիկ հրավիրել: Դա բարդ գործ է: Ոչ մի երկիր քնած չի: Ոչ մի երկիր իր առաջին համարներին չի տա ուրիշի: Այդ հարցերը պետք է լուծել շատ նուրբ ու նշանակետային: Շտապողականությունն ու զգացմունքայնությունը այստեղ լավ ընկերներ չեն: Ես Արայիկ Բաղդադյանի հետ խոսել եմ: Նա աչքի առաջ մի քանիսին ունի: Բայց ֆեդերացիան պիտի քննարկի եւ որոշումներ կայացնի»:
Պատասխանելով հարցին, թե դրա համար լուրջ գումարներ կպահանջվեն: Օլիմպիական կոմիտեն եւ ֆեդերացիան պատրա՞ստ են դրան, Հրաչյա Ռոստոմյանը պատասխանեց. «Այո: Եվ օլիմպիական կոմիտեն եւ ֆեդերացիան պատրաստ են: Ի դեպ, ուզում եմ անձամբ շնորհակալություն հայտնել ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանին: Այս սուղ պայմաններում մեր փոքր երկիրը երկու ոճերին պետականորեն տարեկան հատկացնում է 110-ական միլիոն դրամ: Աշխատելու դեպքում դա լավագույն դեպքում 3-4 ամիս կբավարարի: Մնացածը լրացնում է ֆեդերացիան, ՀԱՕԿ-ն էլ իր հերթին է աջակցում, նախարարությունը՝ նույնպես: Ի դեպ, գիտեք, թե ՀԱՕԿ-ի նախագահն ինչ աջակցություններ է ցույց տալիս բոլոր մարզաձեւերին՝ առանց խտրականության»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ