Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Հայրապետյանի փաստաբան. «Դեռեւս դատարանը մեզ չի լսում». «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 18,2014 13:03

Հատված Լեւոն Հայրապետյանի փաստաբան ԻԳՈՐ ԿՈՄԱՐՈՎԻ հետ հարցազրույցից:

-Ինչո՞ւ հնարավոր չէ Լեւոն Հայրապետյանին քննչական մեկուսարանից տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց կամ գոնե փոխել կալանքի միջոցը` հաշվի առնելով նրա հիվանդությունները: Չէ՞ որ ըստ 2011թ. հունվարի 14-ի` Ռուսաստանի կառավարության թիվ 3 հրամանով հաստատվել է այն ծանր հիվանդությունների ցանկը, որոնց առկայությունը մեղադրյալներին ազատում է կալանավորվելուց: Իսկ Լեւոն Հայրապետյանը այդ հիվանդություններից մի քանիսն ունի:

-Դա շատ բարդ խնդիր է: Երբ Բասմանյան դատարանը սկսեց քննել Լեւոն Հայրապետյանին կալանավորելու համար հետաքննության ներկայացրած միջնորդությունը, մենք` կասկածյալի դատապաշտպաններս, անմիջապես հարց բարձրացրինք կա՛մ տնային կալանքի, կա՛մ գրավի դիմաց նրան ազատ արձակելու մասին` պատճառաբանելով Լեւոն Հայրապետյանի տարիքն ու հիվանդությունները: Հետագայում էլ բողոքարկեցինք դատարանի որոշումը նույն հիմքով:

Անգամ դատարանի որոշումը բողոքարկելու ժամանակ Հայաստանից հրավիրեցինք նրան բուժող բժշկին` Հենրի Բակունցին, որը հաստատեց ծանր հիվանդությունների առկայությունը:

Բայց դեռեւս դատարանը մեզ չի լսում, այն ֆորմալ հիմքերը, որոնք դատարանին ներկայացնում է հետաքննությունը, դատարանն ավելի համոզիչ է համարում: Բայց մենք չենք հանձնվում եւ բողոքարկման մասին մեր ներկայացրած այն միջնորդությունը, որը դատարանը չբավարարեց, ու այդ հարցն այդպես էլ անորոշ մնաց, պետք է փորձենք լուծել դատական կանոնակարգով:

ՌԴ գործող քրեական օրենսգիրքը թույլ է տալիս դիմել դատարան եւ համապատասխան կարգով ապացուցել, որ մեր պաշտպանյալը համապատասխան բժշկական հետազոտության կարիք ունի` հենվելով ՌԴ կառավարության 2011թ. թիվ 3 հրամանի վրա: Այսինքն՝ նա պետք է համալիր հետազոտվի, եւ ոչ թե բանտային հիվանդանոցում, այլ հատուկ բժշկական հաստատությունում համապատասխան բժշկական սարքավորումների օգնությամբ եւ համապատասխան մասնագետների կողմից, ինչպես սահմանում է օրենքը:

Եթե դուք ուշադիր հետեւում եք դատական գործընթացներին, ապա տեղյակ եք, որ Լեւոն Հայրապետյանի փաստաբան Ռուդոլֆ Համբարձումովը մեր ընդհանուր համաձայնությամբ մեր պաշտպանյալի հիվանդությունների մասին բժշկական փաստաթղթերը ներկայացնելով համապատասխան մասնագետներին` բժշկական եզրակացություն է ստացել, որտեղ նշված է, որ այն հիվանդությունները, որ ունի Լեւոն Հայրապետյանը, բավական լուրջ են եւ ավելի լուրջ գնահատականի կարիք ունեն:

Դա հաշվի առնելով` մենք օրենքի շրջանակներում կդիմենք դատական մարմնին, որպեսզի դատարանի որոշմամբ հետաքննությունը Լեւոն Հայրապետյանին բժշկական անկախ հետազոտության ուղարկի:

-Ի՞նչ է պատրաստվում առաջիկայում ձեռնարկել պաշտպանող կողմը:

-Մենք կփորձենք դատարանի միջոցով բողոքարկել դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը եւ հասնել նրան, որ անկախ դատաբժշկական հետազոտություն նշանակվի:

Երկրորդ քայլով, որը մեզ համար շատ կարեւոր է, կբողոքարկենք կալանքը երեք ամսով երկարացնելու մասին Բասմանյան դատարանի որոշումը:

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930